կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-26 19:29
Քաղաքական

Սասուն Միքայելյանը կա՛մ չի հասկացել` ինչ է ասում, կա՛մ էլ փորձում է նսեմացնել Արցախյան հերոսամարտը. Գեղամ Մանուկյան

Այսօր ՀՅԴ-ն սկսեց քարոզարշավը Հայաստանի Առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից:  

Դաշնակցության համամասնական և վարկանիշային ցուցակով թեկնածու առաջադրված  Գեղամ Մանուկյանը ելույթում նշեց, որ քարոզարշավը սկսում են Արամ Մանուկյանի արձանի մոտից, որպեսզի առաջինը հաշվետու լինեն հենց նրան, ով կերտել է պետականություն` 100 տարի առաջ սկսելով իր պայքարը:

«Այսօր նույն գաղափարական հենքով ՀՅԴ-ն շարունակում է ասել` հավատարիմ է հողին ու հային, այն հողին, որի մի բեկորը 1915-ին Վանում պաշտպանում էր Արամ Մանուկյանը, այն հողին, որի մեկ ուրիշ բեկորը` արցախյանը, պաշտպանեցին ֆիդայիները, այն հողին, որի մեկ ուրիշ բեկորը անվանվում է Ջավախք: Մեր երազած հողը պետք է պաշտպանվի»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Նա նշեց, որ այս ընտրություններն առանձնանում են մի կարևոր հանգամանքով, այն է` կա հույս, որ այս ընտրությունները կանցնեն արդարության պայմաններում` առանց փողի քսակների: Սակայն, Գեղամ Մանուկյանի խոսքով, այս ընտրություններն ունեն մի վտանգավոր հարց` արդյո՞ք կանցնեն ծրագրային, գաղափարական պայքարի հիման վրա:

«Կոչ ենք հղում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին ու դաշինքներին, վարչապետ Փաշինյանից սկսած` մինչև նոր ձևավորված կուսակցություններ, մտեք ընտրապայքարի մեջ` ներկայացնելու ծրագրերն ու գաղափարները,  չբավարարվել` ժողովրդային շարժումը  դրոշակ սարքելով, ինքնահավան, ինքնասիրահարված դմփ-դմփով առաջ գնալով: Դա կարող է հանգեցնել մի վտանգավոր գծի, որը կարմիր է կոչվում»,- ասաց Գեղամ Մանուկյանը` հավելելով. «Այսօր` քարոզարշավի հենց առաջին օրը, «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը իրեն թույլ է տվել ապրիլ-մայիսի ժողովրդական շարժումն ավելի վեր դասել, քան մի քանի տասնամյակ առաջվա հուժկու համաժողովրդական ազատագրական պայքարը, որը կոչվում է Արցախյան: Սասուն Միքայելյանը կա'մ  չի հասկացել, թե ինչ է ասում, կա'մ էլ Արցախյան հերոսամարտը նսեմացնելու փորձ է անում: Իհարկե, նա կարող է արդարանալ, որ մասնակցել է Արցախյան ազատամարտին, բայց շատերն են մասնակցել` երկրապահների նախկին նախագահից սկսած, կամավորներով վերջացրած: Բայց այդ ոգին պահելն է կարևոր: Հույս ունենանք, որ Սասուն Միքայելյանը չի հասկացել, թե ինչ է ասել: Որովհետև սկզբունքներով ու գաղափարներով առաջ քայլելու ժամանակն է»: