կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-11 17:24
Քաղաքական

Հերթական անգամ փորձ արվեց նսեմացնել և արժեզրկել Արցախյան հերոսամարտը. Ղազինյան

Հերթական անգամ փորձ արվեց նսեմացնել և արժեզրկել Արցախյան հերոսամարտը. Ղազինյան

ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

 

«Ասուլիսային կրքեր. Արցախյան հերոսամարտը և Հայաստանի նոր իշխանությունը

Հերթական անգամ փորձ արվեց նսեմացնել և արժեզրկել Արցախյան հերոսամարտը` փառապանծ զինվորականներին անթույլատրելի ձևով կպցնելով «կոռուպցիոների, պագոնի տակ հաստավիզ գեներալների, սերմացու գողացող մկների» վիրավորական և իրավաբանորեն ոչ մի կերպ չհիմնավորված որակումը:

Իշխանության կողմից տարվող քաղաքականության մեջ արդեն կարելի է նշմարել Արցախյան հերոսամարտի նկատմամբ քամահրական վերաբերմունքի կոնկրետ դրսևորումներ, որոնք սկսվեցին հայտնի «հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան հաղթանակը» արտահայտությամբ, որին հաջորդեց Արցախի պաշտպանության նախարարի, ԱԱԾ տնօրենի պարտադրված հրաժարականները,, Արցախ - Հայաստան արհեստական բաժանումները և վերջապես «Արցախում հեղափոխություն սկսելու» երեկվա սպառնալիքը:

Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ պարոն Փաշինյանը գիտակցի, որ իր կողմից թիրախավորված զինվորականներն Արցախի հարցը ԱՐԴԵՆ ԼՈՒԾԵԼ են` իրենց կյանքի և առողջության գնով:

Ուզում եմ որ բոլորի, այդ թվում նաև նախկին, ներկա և ապագա բոլոր իշխանությունների, համար հստակ ու հաստատված լինի երկու կարևորագույն հանգամանք.

1. Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ձևավորվել և կայացել է Արցախյան հիմնահարցի և հերոսամարտի արդյունքում և որ Արցախի հիմնախնդիրն ունի գոյաբանական նշանակություն Հայաստանի Հանրապետության համար,

2. Ոչ ոք իրավունք չունի նսեմացնել ազատագրական պայքարի մասնակից ցանկացած զինվորի, էլ չեմ ասում փառապանծ և հերոս հրամանատարների Արցախին և Հայաստանին մատուցած ծառայությունների գինն ու նշանակությունը:

Ենթադրյալ իրավախախտումների և յուրացումների մասին խոսելիս անհրաժեշտ է հարգել անմեղության կանխավարկածը և մարդու արժանապատվության սահմանադրական իրավունքը:

Հ.Գ. «Սերմացու գողացող մկներից» մի քանի ֆիգուրանտներ նախորդ իշխանության կողմից ազատվեցին զբաղեցրած պաշտոններից, սակայն ներկայումս զբաղեցնում են բարձր պաշտոններ այսօրվա իշխանության մեջ»