Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԳՄՍ նախարարության հերթական ոչ արհեստավարժ հաղորդագրությունը. գերատեսչությունից երեկ տեղեկացրել են, որ կյանքից հեռացել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ ակադեմիկոս, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր Յուրի Սարգսյանը:
Այնուհետև մի քանի աղքատիկ տեղեկություններ հռչակավոր գիտնականի մասին, և վերջ: Այնինչ խոսքը միջազգային լայն ճանաչում ունեցող նշանավոր գիտնականի (ԱՄՆ Նեբրասկա նահանգի պատվավոր քաղաքացի), գիտությունների դոկտոր, պրոֆեսորի, ԳԱԱ ակադեմիկոսի, ԳԱԱ նախկին փոխնախագահի, Գերագույն խորհրդի նախկին պատգամավորի, 18 տարի հանրապետության խոշորագույն բուհերից մեկը ղեկավարած, բազմաթիվ պետական պարգևների արժանացած գործչի մասին է:
Հավելենք նաև, որ Յուրի Սարգսյանի ջանքերով է, որ ՀՀ բարձրագույն կրթական համակարգում ներդրվեց բարձրագույն կրթության եռաստճան համակարգը, նա նաև 1995 թվականից գիտական աստիճաններ շնորհող (մեքենաշինություն և մեքենագիտություն) մասնագիտական խորհրդի նախագահն էր, երկար տարիներ եղել է ՀՀ ԲՈՀ-ի խորհրդի անդամ, ըստ այդմ՝ գիտնականը նաև հանրապետության գիտության զարգացման և կրթական բարեփոխումների երախտավորներից է:
Փաստելու համար, թե ինչպիսի քաոս է տիրում ԿԳՄՍՆ-ում, և ինչպիսի վերաբերմունք կա կրթության և գիտության վաստակավոր գործիչների հանդեպ, հայտնենք միայն, որ Յուրի Սարգսյանն արժանացել է ՀՀ Անանիա Շիրակացու մեդալի, Պատվո նշան շքանշանի, Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանի, ՀՀ վարչապետի հուշամեդալի, նա ՀՀ գիտության վաստակավոր գործիչ էր: Այնինչ, իր կցկտուր ցավակցականում ԿԳՄՍ նախարարությունը, անտեսելով գիտնականի ամենաբարձր պարգևները, նշել է միայն, որ Յուրի Սարգսյանը 2016 թ. պարգևատրվել է ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի ոսկե մեդալով։
Արտերկրում ճանաչված գիտակրթական ասպարեզի վաստակաշատ գործիչն արժանացել է Հայ կրթական հաստատության (ԱՄՆ) «Տարվա լավագույն կրթական գործիչ» մրցանակին (2002), ընդգրկվել է Միջազգային կենսագրական կենտրոնի (Քեմբրիջ, Անգլիա) «Ականավոր 100 կրթական գործիչներ» անվանակարգում (2006), արժանացել «21-րդ դարի 200 ինտելեկտուալներ» դիպլոմի (Միջազգային կենսագրական կենտրոն, Քեմբրիջ, 2007)։
Վերոնշյալը կրթության և գիտության ականավոր գործչի կենսագրականի և գործունեության մի փոքր հատվածն է: Այնինչ, նախարարությունն անգամ չի նշել գիտնականի դոկտորական գիտական աստիճանի մասին, փոխարենը հայտնել է, որ Յուրի Սարգսյանը պատվավոր պրոֆեսոր է՝ այդկերպ տպավորություն ստեղծելով, թե վերջինս դա ստացել է առանց գիտական աստիճան ունենալու: Այսինքն, նախարարության աշխատակիցներն անգամ հարկ չեն համարել բացել վիկիպեդիան, որտեղ կա ամեն ինչ գիտնականի մասին: Ցավում ենք, որ լրատվական դաշտը ևս մեխանիկորեն վերցրել է ԿԳՄՍՆ-ի ցավակցականը և տարածել՝ խորամուխ չլինելով և անդրադարձ չկատարելով մեծանուն գիտականի վաստակին:
Ի դեպ, ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ ակադեմիկոս Յուրի Սարգսյանի մահվան կապակցությամբ կստեղծվի հանձնաժողով՝ վերջինիս հուղարկավորության կազմակերպման նպատակով։ Այս դեպքում էլ պարզ չէ՝ խոսքը կառավարակա՞ն հանձնաժողովի մասին է, թե՞, օրինակ, գերատեսչական:
Հ.Գ. Yerkir.am-ի խմբագրությունը խորին վշտակցություն և ցավակցություն է հայտնում Յուրի Լևոնի Սարգսյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, ընկերներին և Պոլիտեխնիկի ողջ կոլեկտիվին: