կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-23 15:58
Հասարակություն

Պահանջող լինելուց առաջ պետք է ջանք ներդնենք մեր խնդիրների լուծման համար. Աշոտ Սիմոնյան

Պահանջող լինելուց առաջ պետք է ջանք ներդնենք մեր խնդիրների լուծման համար. Աշոտ Սիմոնյան

«Երկիր Մեդիա»-ի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդմանը հյուրընկալված` Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Աշոտ Սիմոնյանն անկեղծացել է` ասելով, որ մարզպետի պաշտոնն զբաղեցնելու առաջին օրն իր համար իսկապես դժվար է եղել:

Պատասխանելով հարցին, թե, որպես երիտասարդ գործիչ, որն առաջին անգամ է նման պատասխանատու պաշտոնի նշանակվել, դժվար չէ՞ր այդքան մարդու հոգս ու ցավերին հաղորդակից լինել, Սիմոնյանն ասել է. «Առաջին օրը, անշուշտ, դժվար էր, բայց հետո կամաց-կամաց հարթվում է: Մարզում խնդիրները բազմաբնույթ և բազմաբովանդակ են: Ամենակարևորն այն է, որ խնդիրների լուծման համար պատերացումներ ունենանք և փորձենք յուրաքնաչյուր խնդիր լսել և ճիշտ ուղղորդել»:

Նրա խոսքով` բազմաթիվ խնդիրներ լուծվել են, կան նաև խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն: «Տարիներ շարունակ կուտակված խնդիրները մեկ օրում չէ, որ պետք է լուծվեն: Այս առումով մենք որդեգրել էինք հետևյալը` ես և աշխատակազմն` ամբողջությամբ, պիտի օրն ի բուն աշխատենք, որպեսզի այդ խնդիրները վեր հանենք, խնդիրների լուծման հասցեատերեր գտնենք և մեզ համար առաջնահերթություններ սահմանենք»,- նշել է նախկին մարզպետը:

Իսկ թե մարզերի խնդիրները որքանո՞վ են իրար նման և որքանո՞վ` տարբեր, Սիմոնյանն ասել է. «Խնդիրները, մեծ հաշվով, նմանություն ունեն: Բայց խնդիրն այն է, որ ունենք համայնքներ, որ գրեթե խնդիր չունեն` ենթակառուցվածքների առումով, դպրոց, ամբուլատորիա, ճանապարհներ, ջրամատակարարում: Եվ դրա կողքին ունենք համայնքներ, որոնք խնդիրների մի ամբողջ փունջ ունեն»:

Նրա խոսքով` բանն այն է, որ Արագածոտնի մարզում կա 114 համայնք, որոնք ցրված են ամբողջ մարզով մեկ և մեկը մյուսից բավականին հեռու են: «Այս առումով միջհամայնքային ճանպարհների չլուծված խնդիրներ ունենք: Բայց կա մեկ հետաքրքիր օրինաչափություն` այնտեղ, որտեղ համայնքի ղեկավարը, ավագանին, ի վերջո, նաև համայնքը, հասկացել են, որ իրենք են նախևառաջ տերն ու տիրականը, ինչպես իրավունքների առումով, այնպես էլ` պարտականությունների, տարիների ընթացքում պայքարելով, որոշ ծրագրեր բերելով, սրա կամ նրա դուռը գնալով, խնդիրները գրեթե լուծել են: Իսկ այնտեղ, որտեղ համայնքի ղեկավարները միշտ նստել և սպասել են, որ պետությունը պիտի գա և իր դուռ թակի, ասի` ձեր համայնքի համար եկել ենք` այս ինչ խնդիրը լուծելու, խնդիրը մինչ օրս լուծված չէ: Եթե այս գիտակցումը չունենանք, մոտ ապագայում չի էլ լուծվելու»,- նշել է Սիմոնյանը` ընդգծելով, որ Արագածոտնի մարզի յուրաքանչյուր բնակիչ պիտի տեր լինի համայնքի խնդրին, իր իրավունքներին:

«Պահանջող լինելուց առաջ պետք է ջանք ներդնենք մեր խնդիրների լուծման համար»,- եզրափակել է Սիմոնյանը: