կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-04 10:51
Քաղաքական

Կուտակված խնդիրներն ավելին են, քան կառավարության՝ դրանց լուծման հնարավորությունները. Աշոտ Սիմոնյան

Կուտակված խնդիրներն ավելին են, քան կառավարության՝ դրանց լուծման հնարավորությունները. Աշոտ Սիմոնյան

Օգոստոսի 3-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը այցելեց Ապարանի տարածաշրջան եւ համայնքների ղեկավարների հետ խորհրդակցություն անցկացրեց Ապարանի քաղաքապետարանում:

Մարզպետը ողջունեց համայնքապետերին եւ ասաց, որ  այցի նպատակը նրանց հետ ծանոթանալն է, նրանց խնդիրները լսելը եւ համատեղ դրանց լուծման հնարավորությունները քննարկելը: «Այսօր կուտակված խնդիրները ավելին են, քան կառավարության՝ դրանց լուծման հնարավորությունները: Ուստի յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր բնակիչ պարտավոր է իր վրա որոշակի  բեռ վերցնել»,-ասաց մարզպետը:

Նա օրինակելի եւ ողջունելի համարեց այն հանգամանքը, որ Ապարան քաղաքն ունի համայնքի զարգացման իր հիմնադրամը, որն իր շուրջն է հավաքում հայրենակիցներին, եւ  ի նպաստ քաղաքի օգտագործում տեղի ու դրսի համերկրացիների ուժերը:

Այնուհետեւ համայնքների ղեկավարները մարզպետին ներկայացրին իրենց համայնքներում իրականացված ծրագրերը, ինչպես նաեւ առկա խնդիրները:

Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը բոլոր համայնքների ղեկավարների անունից շնորհավորեց Աշոտ Սիմոնյանին՝ պաշտոնավարման կապակցությամբ եւ վստահեցրեց, որ համատեղ աշխատանքը արդյունավետ եւ շահեկան կլինի թե՛ համայնքների, և թե՛ մարզի համար: Քաղաքապետը ամենայն մանրամասնորեն ներկայացրեց ամենատարբեր ոլորտներում առ այսօր իրականացված ծրագրերը, որոնց արդյունքում լուծված են կարեւորագույն խնդիրներից շատերը:

Ելույթ ունեցող համայնքապետերը  եւս  ներկայացրին իրենց մոտ իրականացված բազմաթիվ աշխատանքները:   Այդուհանդերձ, մեծ մասում առկա են միանման խնդիրներ: Դրանք հիմնականում վերաբերում են խմելու եւ  ոռոգման ջրամատակարարմանը, ճանապարհների վերանորոգմանը, դպրոցների կամ մշակույթի տների վերանորոգմանը, հանդիսությունների սրահների կառուցմանը, տարերային աղետների պատճառած վնասների փոխհատուցմանը, աղբահանության կազմակերպմանը եւ այլն:

Լսելով համայնքների ղեկավարների կողմից բարձրացված հարցադրումները, մարզպետը պարզաբանումներ տվեց դրանց կապակցությամբ: Նա կարեւորեց սեփական եկամուտների հավաքագրումը այն առումով, որ առաջիկայում դրանք առավելապես ուղղվելու են համայնքների ռազմավարական զարգացման ծրագրերի իրականացմանը:

«Մենք իրականությանը պետք է  բաց աչքերով նայենք: Համայնքի հանդեպ մենք պետք է սեփականի, մերի հոգեբանություն ունենանք եւ անմիջական մասնակիցը լինենք  համայնքի զարգացմանը», -ասաց Աշոտ Սիմոնյանը:

 ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին