կարևոր
16840 դիտում, 1 ամիս առաջ - 2024-12-16 20:46
Սպորտ

Հիմա պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ներդնենք, որպեսզի ոսկե մեդալները միշտ բերենք Հայաստան․ Լալայան

Հիմա պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ներդնենք, որպեսզի ոսկե մեդալները միշտ բերենք Հայաստան․ Լալայան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները վերադարձել են Բահրեյնում անցկացված աշխարհի առաջնությունից. աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանին, բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանին և հավաքականի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են դափնիներով և ծափողջույններով: Հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Աշխարհի նորընծա չեմպիոն Վարազդատ Լալայանը նշել է՝ մեծ բավականությամբ և հպարտությամբ է բարձրացել պատվո հարթակին:

«Պայքարն ավելի է դժվարանում. ոսկու գինն արդեն ավելի բարձր է։ Հիմա պետք է ավելի շատ ջանք ու եռանդ ներդնենք, որպեսզի ոսկե մեդալները միշտ բերենք Հայաստան։ Չենք հանգստացել Օլիմպիական խաղերից հետո. շարունակել ենք մարզվել: Սա իմ առավելագույնը չէր, բայց ինչքան, որ այդ պահին ինձ անհրաժեշտ էր, կարողացա բարձրացնել»,- ասել է Լալայանը։

19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը ևս խոսել է զգացողությունների մասին:

«Աննկարագրելի զգացողություններ ունեմ՝ հատկապես հաշվի առնելով, որ 2009 թվականից ի վեր կանանց ծանրամարտում մեդալ չէինք ունեցել աշխարհի առաջնությունից: Հուսով եմ՝ սա սկիզբը կլինի իմ հաջողությունների: Նվաճումս ոչ միայն ինձ, այլև բոլորին ուրախացրեց, ինչի համար շատ երջանիկ եմ»,- խոստովանել է նա:

Հայաստանի թիմին դիմավորել և շնորհավորել են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, ԿԳՄՍՆ ներկայացուցիչներ, մարզասերներ, մարզիկների բարեկամներն ու ընկերները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որը մրցավայրից էր հետևում հայ ծանրորդների մրցելույթներին, ընդգծել է՝ Լալայանը դժվարին պայքարում ապացուցեց, որ ուժեղագույնն է աշխարհում. «Պատմության մեջ առաջին անգամ մենք ծանրամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն ունեցանք, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս․ սպարտային տարվա լավ եզրափակում էր: Վարազդատն ապացուցեց, որ այսօր ուժեղագույնն է աշխարհում»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև բարձրացված այն հարցին, թե կանանց հավաքականը ֆինանսական դժվարությունների պատճառով էր մրցավայր գործուղվել երկու մարզիկով. «Չկա որևէ ֆինանսական խնդիր: Ծանրամարտի ֆեդերացիան ունի չծախսած գումարներ, որոնք վերադարձնելու է բյուջե: Այստեղ խնդիրն այլ է. պետք չէ փչացնել երիտասարդ մարզուհիներին՝ առավել ևս, որ նրանք 2-3 ամիս առաջ էին մասնակցել ստուգատեսի: Կանանց ծանրամարտի ապագան շատ լավն է. գալիս են աղջիկներ, որոնք շատ լուրջ խոսք են ասելու այս մարզաձևում: Ալեքսանդրան էլ արդեն դառնում է ակնհայտ առաջատար: Շատ լավ է, որ այս տարիքից արդեն իր խոսքն ասում է և իր տեղն ամրագրում է ուժեղագույնների շարքում»:

 

 

ս

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները երկամարտի 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ են նվաճել: Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում կիսել է 4-րդ տեղը։

2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն, կրկնակի փոխչեմպիոն, բրոնզե մեդալակիր Վարազդատ Լալայանը (+109 կգ) կարիերայում առաջին անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը՝ երկամարտում գրանցելով 467 կգ (215+252) արդյունք։ Հայաստանի ներկայացուցիչներից երկամարտի բրոնզե մեդալին արժանացել է կանանց հավաքականի անդամ, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը՝ երկամարտի 205 կգ (85+120) արդյունքով: