կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-10 15:06
Տնտեսական

ID քարտերով հարկման մեթոդը ստվերի դեմ պայքարի լավ գործիք չէ. տնտեսագետ

ID քարտերով հարկման մեթոդը ստվերի դեմ պայքարի լավ գործիք չէ. տնտեսագետ

Օրեր առաջ   ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններով` ID քարտերը (հանրային ծառայությունների համարանիշ) կուտակային կդառնան. տարեկան կտրվածքով կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվի (cashback): Այնինքն`  18-65 տարեկան բոլոր քաղաքացիների ID քարտերը կդառնան կուտակիչ և համակարգի ներդրման առաջին տարում նրանք հետ կստանան կատարած գնումների 1%-ը, երկրորդ տարում՝ 2%-ը, երրորդում 3%-ը, և այդպես շարունակ:

 «Երբ քաղաքացին գնա հաց գնելու, հարկային համակարգում նրա անվան դիմաց գործարքի գումարը կգրանցվի»,- նշել էր Դավիթ Անանյանը` հավելելով, որ համակարգը ՀՀ բոլոր քաղաքացիներին դարձնում է ՀԴՄ-ների կիրառման կանոնների նկատմամբ հսկողություն իրականացնող: 

ՀՅԴ ԳՄ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը տնտեսությունում ստվերը կրճատելու՝ ՊԵԿ-ի պատրաստակամությունը ողջունում է,  բայց կարծում է, որ  ID քարտերով հարկման մեթոդը այս հարցում  լավ գործիք չէ և ռիսկեր է պարունակում: Ըստ նրա` չկա որևէ գործիքակազմ, թե տեխնիկական  ինչ  մեթոդներ են կիրառվելու հաշվառման համար:

Տնտեսագետը վտանգ է տեսնում նաև մարդկանց անձնական տվյալների հրապարակման առումով: «Խանութները պետք է զինված լինեն համապատասխան գործիքներով, որոնք պետք է կապված լինեն այն սերվերի հետ, որում ներդրված են ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները: Որքանո՞վ է  դա անվտանգ: Երկրորդ` «քեշբեքը» հատկացնելու են ծախսերից, բայց կարող է՝ ծախսն ավելին է, քան եկամուտները: Ասենք՝ մարդը տարեկան ստանում է մեկ միլիոն դրամ աշխատավարձ, բայց  ծախսում է մեկ միլիոն երկու հարյուր հազար դրամ, որովհետեւ ընտանիքի մեկ այլ անդամի քարտով էլ է առեւտուր անում: Տվյալ մարդուն կհարցնեն՝ որտեղի՞ց քեզ հավելյալ 200 հազար դրամը: Ուստի պարզ չէ՝ ի՞նչ մեխանիզմներով են այդ հաշվարկն անելու: ID քարտերով առեւտուր անելու դեպքում շատ եկամուտ ունեցողը շատ կկուտակի, քիչ եկամուտ ունեցողը՝ քիչ, ինչի հետևանքով բևեռացում կառաջանա: Կարծում եմ՝ շատ ստացողից պետք է հարկել շատ, իսկ քիչ ստացողից՝ քիչ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը` հիշեցնելով նաև, որ Հայաստանը տրանսֆերների հաշվին ապրող երկիր է: