կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-20 14:39
Քաղաքական

Ստվերի դեմ պայքարի ուղղությամբ հասել ենք մեծ հաջողությունների. Գագիկ Խաչատրյանի ուշագրավ հայտարարությունները

Ստվերի դեմ պայքարի ուղղությամբ հասել ենք մեծ հաջողությունների. Գագիկ Խաչատրյանի ուշագրավ հայտարարությունները

Այսօր լրագրողների հարցերը ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին վերաբերում էին նրա ունեցվածքին և բիզնեսներին: Գագիկ Խաչատրյանը նշեց, որ լրագրողները կարող են հետաքրքրվել, համապատասխան ապացույցներով հիմնավորել, նաեւ` այդ խնդիրներով զբաղվում է էթիկայի հանձնաժողովը, և այդ ամբողջ շղթայի մեջ լրագրողները լայն հնարավորություն ունեն ճշտելու իր բիզնեսների մասին ողջ ճշմարտությունը:


Ինչ վերաբերում է ֆինանսների նախարարության մեջ հարկային ու մաքսային կառույցների միավորմանը, նա նշեց. «Ինչո՞ւ եք գերագնահատում իմ ուժերը: Աշխարհում օպտիմալացման ծրագրերը կիրառվում են, և այդ «սուպերնախարար» բառից շատ չեմ անհանգստանում, սուպերնախարար նշանակում է նաև սուպերպատասխանատվություն»:


Նա նշեց, որ կառավարությունն իրականացնում է օպտիմալացման ծրագրեր, որի պրակտիկան աշխարհում կա, և ֆինանսների նախարարությունում հարկային ու մաքսային կառույցները միավորվել են ավելի արդյունավետ աշխատանքի նպատակով:


Խոսելով ստվերի դեմ պայքարի մասին` Խաչատրյանն ասաց. «Փորձելու ենք, հետևողականորեն անելու ենք ամեն ինչ, որ գործարար միջավայրը բարելավվի: Այ, որ լրագրողները ոչ նպատակային հոդվածներ են գրում, դա մեր կյանքը բարդացնում է: Այ, որ խոսում եք իմ բիզնեսների մասին, Հայաստանը փոքր երկիր է, բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն, խորհուրդ եմ տալիս չխոչընդոտել, չխանգարել, և դուք կհամոզվեք, թե ինչ լավ գործեր ունենք արած: Մենք ստեղծել ենք մի համակարգ, որը անձերի հետ ոչ մի կապ չունի»:


Նախարարը նշեց, որ հիմա աշխատում են, որ ՓՄՁ-ները իրենց հավատան, ու վստահություն լինի: Նա շեշտեց, որ հիմա արտոնությունների շղթա են ուզում ստեղծել, որ հարկային դաշտն ընդլայնվի: Ստվերը վերացնելու հետ կապված` ասաց. «Դա մեր կառավարությունում քննարկված թեմա է, հասել ենք այնպիսի մի մակարդակի, որ պետք է տնտեսությունն աշխուժացնենք ու ստիպված ենք այդ քայլն անել: Ստվերի դեմ պայքարի ուղղությամբ հասել ենք մեծ հաջողությունների»: