կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-27 12:10
Հասարակություն

Ստիպված ենք որդեգրել վաղուց փորձվածը` կանոնավոր ծեծի մեթոդը. Սեյրան Օհանյան

Ստիպված ենք որդեգրել վաղուց փորձվածը` կանոնավոր ծեծի մեթոդը. Սեյրան Օհանյան

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է լրագրողների հետ:

 

Նախարարը սկզբում ամփոփեց ՊՆ 2014 գործունեությունն ու դրա արդյունքները: Ըստ նախարարի` պետության պաշտպանությունն իրականացվում է բարդ տարածաշրջանային զարգացումների պայմաններում, ինչը պահանջում է իրավիճակի ճշգրիտ գնահատում, փոփոխվող միջավայրին ադապտացվելու ճկունություն, նոր մոտեցումներ:

 

«Դատելով Ադրբեջանի որդեգրած գործելաոճից` այդ երկրի ղեկավարությունը որոշել է աննախադեպ լարվածության մեջ պահել ՀՀ և ԼՂ սահմանները ու պարտադրել քաղաքական զիջումներ: Ադրբեջանը որդեգրել է գերռազմականացման քաղաքականությունը` սեփական ժողովրդի մեջ սերմանելով ատելություն հայ ժողովրդի նկատմամբ: Անցնող տարում, նաև դա շարունակվեց այս տարի, Ադրբեջանը իրականացրել է դիվերսիոն-հետախուզական գործողություններ, դիպուկահարների պատերազմ, որը կրում է և' դիտավորյալ, և' քողարկված բնույթ ու նպատակ ունի սրել իրավիճակը»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

Նախարարի խոսքով` ամենաչնչին հնարավորության դեպքում Ադրբեջանն այդ գործողությունները կամրապնդի ոչ միայն ռազմավարական, այլ նաև մարտավարական այլ ձևերով:

 

Սեյրան Օհանյանը նշեց, որ Ադրբեջանը մղում է նաև տեղեկատվական հակապայքար` պետական մակարդակով ու տարբեր հարթակներում առաջ մղելով փաստերի հրեշավոր խեղաթյուրում և ատելության սերմանում հայերի նկատմամբ:

 

«2015-ը վստահաբար սկսում ենք գործը կատարածի գիտակցությամբ: Իհարկե, տարվա ընթացքում մեր գործունեությունը հեշտ չընթացավ, մեզ խանգարեցին մեր «խաղաղասեր» հարևանները, և ստիպված էինք շատ դեպքերում թողնել Հայոց բանակի զարգացմանն ուղղված մեր աշխատանքը և հակառակորդին նորից հիշեցնել հին դասերը: Որպես մեր երկրի պաշտպանության նախարար` ես երկար եմ խորհել հակառակորդի սանձարձակությունների կանխարգելման մասին և ուզում եմ խոստովանել, որ որևէ այլ մեթոդ չեմ գտել, ուստի ստիպված ենք որդեգրել վաղուց փորձվածը` կանոնավոր ծեծի մեթոդը»,- ասաց նախարարը: