կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-12 19:12
Տնտեսական

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը նոր ռիսկեր կառաջացնի ներդրումային միջավայրում և կարող է որպես գործիք ծառայել քաղաքական հաշվերհարդարների համար. տնտեսագետ

Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը նոր ռիսկեր կառաջացնի ներդրումային միջավայրում և կարող է որպես գործիք ծառայել քաղաքական հաշվերհարդարների համար. տնտեսագետ

Բազմաթիվ հիմնավոր կասկածներ և փաստարկներ կան, որ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի այս մեխանիզմները կարող է ծառայել որպես քաղաքական գործիք, քաղաքական հաշվերհարդարների և օրվա իշխանությունների քաղաքական, ներխմբային նպատակներին ծառայեցնելու համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը որպես նպատակ, ընդհանուր առմամբ, արդարացված է, որպես պետության կողմից իրականացվող քաղաքականություն պահանջված է և դրական է։ Օրենքը նաև ունի կոռուպցիայի կանխարգելման նշանակություն և հիմքում արդար սկզբունք է դրված, սակայն մեխանիզմների գործադրման իմաստով բազմաթիվ մտահոգություններ կան։

«Որևէ զարգացած երկիր այս կամ այն ձևով այդ լուծումները գտել է և իրենց հասարակություններում իրացրել։ Ինչ վերաբերում է մեխանիզմներին, բազմիցս են արտահայտվել շատ առարկայական մտահոգություններ այս մեխանիզմների գործադրման իմաստով։ Նպատակը շատ գեղեցիկ կարող է լինել, և բազմաթիվ են այդպիսի օրինակներ, բայց դրան հասնելու մեխանիզմները համարժեք չլինեն նպատակին և ունենան այլ նպատակներ, որոնք հետագայում գերակայեն, հետևանքը լինի այն, որ չիրացված արդարացված նպատակի կողքին մենք ունենանք նաև որոշակի այլ ձախողումներ և առաջացած խնդիրներ»,- նշեց նա։

Տնտեսագետը նկատեց, որ նախօրեին ՀՀ նախագահի կողմից օրենքի ստորագրմանը զուգահեռ տարածված հաղորդագրությում նշված էին մտահոգությունները, որոնք վերաբերում են օրենքի կիրարկմանը։

«Մեխանիզմն ինքնին համապարփակ չէ, և լայն հայեցողություններ կան, որոնք կարող են իրականացնողին թույլ տալ օրենքի նպատակից չբխող բոլորովին այլ նպատակներ կյանքի կոչել։ Այս ֆոնին, բնականաբար, հիմնական նպատակը, որը դրված էր՝ արդարության վերականգնում, կոռուպցիայի կանխարգելում և այլն, կարող է ստվերվել և իրապես չիրականացվել։ Սա մեծ, խորը մտահոգություն է, որը կարծում եմ, հասկանալի է ոչ միայն հանրության մասնագիտական շրջանակներին, այլև լայն հանրությանը և բնականաբար նաև տնտեսական որոշումներ կայացնողներին, այսինքն՝ ներդրողներին»,- ասաց Թադևոս Ավետիսյանը։

Ըստ նրա՝ ռիսկերը և եղած տնտեսական գործունեությունն ընդլայնելու, լրացուցիչ ներդրումների, և նոր ներդրումների մասով են․ «Այդպիսի գործիքների առկայությամբ ցանկացած պահի, ցանկացած ներդրողի ֆինանսական ռեսուրսները, գույքային ռեսուրսները կարող են դրվել կասկածի տակ և կարող են առաջացնել ամենատարբեր ռիսկեր։ Վերջում թեկուզ պարզվի, որ ամեն ինչ օրինական էր, բայց այդ ամբողջ ընթացքում ամենատարբեր ռիսկեր կան և դրանք փաստացի արտադատական գործիքակազմով կարող են առաջանալ և վերանալ։ Սրանք ներդրողների համար լուրջ մտահոգություն են»,- ասաց նա։

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ ներդրումների առումով ՀՀ-ում արդեն իսկ կան բազմաթիվ ռիսկեր՝ աշխարհաքաղաքական վիճակը, փակ սահմանները, արտահանման բարդությունները, փոքր տնտեսություն լինելը և այս ամենին ավելանում է լրացուցիչ տեսանելի և առարկայական ներդրումային ռիսկ՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը։

«Տնտեսվարողները ձեռք են բերում ներդրումների համար տարբեր անշարժ գույք, հող, տարբեր միջոցներ և փորձում են ներդրում իրականացնել կամ ամբողջությամբ ձեռնարկություններ են ձեռք բերում, արտադրական նշանակության օբյեկտներ, վրան ավելացնում ներդրումներ, որպեսզի տնտեսվարեն և հետո պարզվում է, որ իրենց ձեռք բերածի մի մասը խնդրահարույց է և մի գործընթացի մեջ են մտնելու, որը տնտեսական իմաստով ծախսատար, եկամուտ չստեղծող է։ Կարևոր է սա, ծախս առաջացնող, եկամուտ չստեղծող, կորցնելու ռիսկը բարձրացնող հանգամանք, առանց այն էլ մեր այսօրվա իրավիճակում»,- ասաց տնտեսագետը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: