կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-07 11:24
Քաղաքական

Այսօր ունենք բացառիկ հնարավորություն ստեղծելու առողջապահական ապահովագրություն. Արա Բաբլոյան

Այսօր ունենք բացառիկ հնարավորություն ստեղծելու առողջապահական ապահովագրություն. Արա Բաբլոյան

Խորհրդարանում 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց եկամտահարկի դրույքաչափերի 5%-ով իջեցումից մի մասն ուղղել առողջապահական ապահովագրության ստեղծմանը: «Չե՞ք կարծում, որ հարկի իջեցման պարագայում երկու տոկոսը կարելի է ուղղորդել առողջության ապահովության ստեղծմանը: Այսինքն` ում ուզում ենք աշխատավարձ բարձրացնել 5 տոկոսով, դրանից 2 տոկոսն ուղղենք, բազային առումով, նրանց առողջության պահպանմանը»,- ասաց նա՝ դիմելով ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանին:

Ջանջուղազյանի կարծիքով` նախևառաջ պետք է որոշակիացնել նպատակները, հետո գտնել լավագույնս դրանց հասնելու ճանապարհը: «Եթե աշխատավարձը միջոցներից մեկն է, այդ ճանապարհով գնանք: Մենք դրանով ռիսկ ենք առաջացնում, որ մարդիկ կարող են կրճատվել: Ենթադրում ենք, որ եթե արդյունավետության մասին է խոսքը, պետք է առաջնորդվենք նպատակին լավագույնս հասնելու մոտեցմամբ, ոչ թե սոցիալական խնդիր լուծելով»,- ասաց նա:

Ջանջուղազյանը նշեց, որ քննարկման հարց է` եկամտահարկի դրույքաչափի իջեցումը կապել այն բանի հետ, որ աշխատող խմբին պետք է առողջապահական ծառայություններ մատուցել: «Որոշելու հարց է, թե այլ հավասար պայմանների դեպքում մենք այդ միջոցներն արդյո՞ք կուղղեինք հենց այդ խմբի համար անվճար առողջապահական ծառայություններ մատուցելուն: Մեզ թվում է` չունենք այնպիսի վիճակ, որ համարենք, որ մնացած սոցիալական խմբերի համար արդեն բավարար չափով լուծված են հարցերը, և մեզ համար որպես թիրախ պետք է վերցնենք վարձու աշխատողներին»,- նշեց նա:

Ֆինանսների նախարարի պաշտոնակատարն ասաց, որ իրենց համար խնդիր է հավաքել առավելագույն հարկերը և որոշել, որ եթե հենց այդ խումբն է, որ պետք է թիրախ լինի այս ծառայությունների տեսակետից, ապա ծրագիր բերել նրանց համար: «Որոշելու հարցը նաև պահի ճիշտ ընտրությունն է, թե երբ պետք է անել: Այս պահին, կարծում ենք, հարկավոր է, որ առավելագույնս հարկերը հավաքվեն պետբյուջե, և որոշումները կայացվեն` առաջնահերթություններից ելնելով, թե ում համար ինչպիսի առողջապահական ծրագրեր իրականացվեն»,- ասաց նա:

Բաբլոյանը նշեց, որ, այնուամենայնիվ, որոշ հարցեր, ի վերջո, պետք է կարգավորվեն: «Մի քանի տասնյակ տարի աշխատում ենք, որպեսզի հարցերին կարգավորումը տանք: Անցել է գրեթե 28 տարի, և մենք չենք կարողացել կարգավորել, սա եզակի հնարավորություն է, որպեսզի աշխատողը, որը ստեղծում է այն բարիքները, որից օգտվում են մնացած բոլոր չաշխատողները, գոնե ինքը կարողանա ինչ-որ չափով իր համար երաշխիք ունենալ առողջության պահպանման համար: Մենք այսօր ունենք բացառիկ հնարավորություն անելու առողջապահական ապահովագրություն` օգտագործելով այն ռեսուրսը, որն առաջանում է հարկերի իջեցումից, այսինքն՝ անձը իր վրա է ծախսելու այն գումարը, որն իրենն է»,- նշեց նա` հավելելով, որ հարկերի նվազման այս շրջանում եթե չգնան այս քայլին, ստիպված կլինեն ևս 28 տարի սպասել:

Ջանջուղազյանը համաձայնեց, որ այդպես կխրախուսեն աշխատանքը, և իրենց ուշադրության կենտրոնում կլինեն ոչ միայն սոցիալական աջակցության կարիք ունեցողները: «Մենք ուղղակի ասում ենք` գնանք այն ճանապարհով, որ ոչ թե դրույքաչափի իջեցման մեջ հնարավորությունը տեսնենք, այլ հնարավորությունների շրջանակում նաև գործազուրկներին նույնպես ներառենք»,-ասաց նա: