կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-18 12:46
Քաղաքական

Եղել է դեպք, որ ինքս ուրիշի փոխարեն քվեարկել եմ. Արա Բաբլոյան

Եղել է դեպք, որ ինքս ուրիշի փոխարեն քվեարկել եմ. Արա Բաբլոյան

Շարունակվում է 6-րդ գումարման ԱԺ անդրանիկ նիստը: Նիստը վարող Կնյազ Հասանովը ներկայացրեց նիստի օրակարգը: Այժմ խորհրդարանը պետք է ընտրի 6-րդ գումարման ԱԺ նախագահին: Հանրապետականից Վահրամ Բաղդասարյանը առաջարկեց, որպեսզի խորհրդարանը ԱԺ նախագահ ընտրի Արա Բաբլոյանին, և նշեց, որ նա հանրությանը հայտնի է:

Բաբլոյանը շնորհակալություն հայտնեց նախագահին և խորհրդարանին, որ առաջարկել են իր թեկնածությունը, ապա ներկայացրեց այն քայլերը, որոնցով առաջնորդվելու է, եթե ընտրվի ԱԺ նախագահ: Նա, մասնավորապես, ասաց, որ բոլոր քայլերը բխելու են պետության և ժողովրդի շահերից:

Այնուհետև Բաբլոյանին հարցեր ուղղեցին «Ելք» դաշինքից ընտրված պատգամավորներ Արտակ Զեյնալյանը և Էդմոն Մարուքյանը:

Զեյնալյանի հարցին` ի՞նչ գործնական քայլեր է անելու իր ելույթի կետերն իրականացնելու համար, քանի որ իրենց առաջարկը չընդունվեց` հաշվիչ հանձնաժողովի հետ կապված, Բաբլոյանը պատասխանեց, որ կան մոտեցումներ, որ ֆիքսված են Սահմանադրությամբ, և կան մոտեցումներ, որոնք ունեն իրենց տրամաբանությունը, և որոնց պետք է հետևեն: Ըստ Բաբլոյանի` իրենց նպատակը փոքր ներկայացվածություն ունեցող խմբակցությանը ևս արտահայտվելու  հնարավորություն տալն է, և որ նրանց հաշվիչ հանձնաժողովի մեկ անդամը ևս կարող է բարձրաձայնել խախտումները, եթե դրանք կլինեն:

Էդմոն Մարուքյանն էլ Բաբլոյանից հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում նախորդ գումարման ԱԺ-ում միմյանց փոխարեն քվեարկելու դեպքերին: Բաբլոյանն արձագանքեց. «Եղել է դեպք, որ ինքս ուրիշի փոխարեն քվեարկել եմ և հայցում եմ ձեր ներողամտությունը, գտնում եմ, որ դա ճիշտ չէ»:

Մարուքյանի դիտարկմանը, թե ասել է, որ ինքը մանկաբույժ է եղել և գիտի` ինչպես պատժել չարաճճի պատգամավորներին, այսինքն` խորհրդարանը համեմատում է դպրոցի հետ, Բաբլոյանն արձագանքեց. «Կատակով տված հարցին կատակով էլ պատասխանել եմ, իմ ասածը լավ իմաստ ունի և ոչ թե` վատ»: