կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-04 20:30
Հասարակություն

100 տարի առաջ՝ 1918 թ.-ի նոյեմբերի 4-ից, Հայաստանում սկսեց գործել խնամատարության նախարարությունը

100 տարի առաջ՝ 1918 թ.-ի նոյեմբերի 4-ից, Հայաստանում սկսեց գործել խնամատարության նախարարությունը

Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց բավականին ծանր քաղաքական և սոցիալ- տնտեսական պայմաններում: Հրի և սրի միջով անցնելով` Հայաստանը անկախ կյանքի կոչվեց 1918 թվականի մայիսի 28-ից: Ցնծության աղաղակներով ու ծափերով չընդունվեց հանրապետության ծնունդը: Ընդհակառակը, շատերի համար նա նկատվում էր անժամանակ ծնունդ: Հիվանդ երեխա աշխարհ բերած մոր պես, հայ ժողովուրդը գլուխ էր ծեծում սգավոր` շշնջալով. «Դու իմ և ուրախությունն ես, դու` դժբախտությունը իմ...»…

Այո, արցունքի ու տառապանքի ծովից ծնվեց Հայաստանի անկախությունը: Ոմանք չէին հավատում այդ փաստին` «անկախություն» ու «հանրապետություն» բառերը դնելով չակերտների մեջ: Եվ այդպես վարվելու հիմքերը բավականին զորավոր էին: Երբեմնի Հայաստանից մնացել էր մի փոքրիկ հողակտոր` հազիվ 12 000 քառ. կիլոմետր, աղքատ ու կիսակործան մի երկիր` կծկված ցամաք լեռների մեջ, աշխարհի խուլ անկյունում, ծանրաբեռնված գաղթականներով ու որբերով, շրջապատված ատամ կրճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական: Սով ու հիվանդություն, ավեր ու ավար, լաց ու թշվառություն, կոտորած ու սարսափ: Իսկ մյուս կողմից` Էնվերի թուրքական հաղթական բանակը` համաթրքական երազներով տոգորված, որ Հայաստանի մարմնի վրայով ձգտում էր դեպի Բաքու և Միջին Ասիա:

1918թ. հունիսին, Բաթումի հաշտության պայմանագիրը ստորագրող պատվիրակության վերադարձից հետո, Թիֆլսում (Թբիլիսի) Հայոց Ազգային Խորհուրդը Հովհաննես Քաջազնունուն հրավիրեց ստանձնելու Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության վարչապետի պաշտոնը: Պաշտոնը ստանձնելուց հետո նա ձևավորեց առաջին կառավարությունը հետևյալ կազմով` վարչապետ` Հ. Քաջազնունի, արտաքին գործերի նախարար` Ա. Խատիսյան, ներքին գործերի նախարար` Ա. Մանուկյան, ելևմտական նախարար` Խ. Կարճիկյան և զինվորական նախարար` Հ. Հախվերդյան:

Նորաստեղծ նախարարությունների կազմում դեռևս չկար խնամատարության նախարարություն: Այս հանգամանքը բացատրվում է միայն մեկ բանով` ելնելով երկրում առկա սոցիալական աղետալի վիճակից, առաջին իսկ պահից ողջ կառավարությունը լծվում էր հենց այս իրավիճակը միասնաբար հաղթահարելուն: Խնամատարության նախարարի փաստացի պարտականությունները կատարում էին հատկապես վարչապետը և ելևմտական (ֆինանսների) նախարար Խ. Կարճիկյանը: Դա են ցույց տալիս արխիվային նյութերը, քանի որ սոցիալական խնդիրների լուծմանն ուղված բոլոր փաստաթղթերը հիմնականում ստորագրված էին նրանց կողմից:

Արտակարգ դժվար և պատասխանատու պարտականություն էր դնել պատմությունը Հայաստանի այդ ժամանակաշրջանի գործիչների վրա: Իսկապես որ, «անձև քաոսի և ավերակների կույտ էր» Հայաստանը այդ օրերին: Դրսից պաշտպանություն, ապրուստի միջոց, դրամական օժանդակություն չէր գալիս և հույս էլ չկար: Ինչ որ արվելու էր` պետք էր անել սեփական ուժերով:Հայաստանը, ավելի շուտ, գաղթականների կայան էր: Ամբողջ երկրում շուրջ 450 000 գաղթական էր լցված, որից մոտ 40 000-ը` Երևանում, շատերը` փողոցների և ավերակ շենքերի մեջ: Հաց չէր ճարվում, ժողովուրդն ապրում էր ինչպես կարող էր, լավագույն դեպքում` գետնախնձորով կամ լոբախառը հացով, և այն էլ ճարվում էր մեծ դժվարությամբ:

            Հացի, բնակարանների, հագուստի և դեղերի պակասն ու գաղթականության խռնվածությունը առաջ բերին ու զարգացրին համաճարակային հիվանդություններ` սկզբում խոլերան, ապա բծավոր տիֆը, որն առատ հունձ էր անում ամենուր: Տուն չկար, որ հիվանդ չունենար: Հիվանդներով լցված էին փողոցներն ու հրապարակները: Հապճեպ պատրաստված հիվանդանոցներն անզոր էին իրական բուժումներ անելու` դեղ չկար, վառելիք չկար, սնունդ չկար, սպիտակեղեն չկար: Մարդիկ մեռնում էին հարյուրներով, հազարներով:  Դրությունը գնալով ծանրանում էր: Մինչև հոկտեմբեր Հայաստանի սահմաններում գտնված հացի պաշարը գրեթե վերջացավ: Պետական և հասարակական ամբարները դատարկ էին: Ոչ միայն գաղթականությունը, այլև տեղացիներից շատերը մատնվեցին սովամահության: Վեց ամսվա ընթացքում, սովից ու հիվանդություններից Հայաստանում մահացավ շուրջ 180 000 մարդ: Թուրքերն ասում էին. «Մի վեց ամիս ևս և Ռուսահայաստանն էլ կհասներ Թուրքահայաստանի օրին: Արժե՞ր այդ պայմաններում կռիվ անել, զորամասեր զբաղեցնել, իզուր տեղը արյուն թափել»: Հայաստանը հանձնելով սովին ու տիֆին` թուրքերն իրենց ուժերը ուղղել էին Բաքվի հայկական` «բոլշևիկյան-դաշնակցական» ինքնապաշտպանության դեմ:

Եվ այս զարհուրելի վիճակը տևեց մինչև 1919 թ. գարունը, մինչև որ հասավ բանակցությունների արդյունքում ձեռք բերված` ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ալյուրը:

Ապշեցուցիչ է, բայց փաստ, որ չնայած Հայաստանի այդ օրերի աղետալի վիճակին, ՀՀ կառավարությունը իր նախարարությունների միջոցով փորձում էր նաև տեր կանգնել արդեն աշխարհասփյուռ դարձած հայության գաղթական բեկորներին:

Խոշոր գումարներ հատկացվեցին գաղթականների խնամատարության և աշխատանքի գործի կազմակերպության, որբերի հավաքման ու պահպանման, պարենավորման մթերքների հայթայթման համար: Միառժամանակ, մինչև սեփական օրենսդրության իրականացումը, Հայաստանի սահմաններում ընդունվեցին նախկին ռուսական օրենքները` Ժամանակավոր կառավարության, Անդրկովկասյան կոմիսարիատի ու Սեյմի և Հայաստանի Խորհրդի փոփոխություններով ու լրացումներով: Բացի այդ,ելնելով աղքատիկ բյուժեից կամ օրահաս իրավիճակներից, ընդունվում էին այսօրվա չափանիշներով ոչ ստանդար օրենքներ կամ որոշումներ` ցանկացած խնդիրներին արագ արձագանքելու համար:

Այսպես, օգոստոսի 8-ին հատկացվեց 6 միլիոն ռուբլի գաղթականական, պարենավորման ու զորքի վերակազմության համար: Օգոստոսի 21-ին ամբողջ Հայաստանը հայտարարվեց խոլերայի կողմից վտանգված և Հայաստանի Խորհրդի բժշկասանիտարական մասնաժողովը վերածվեց վարակիչ հիվանդությունների դեմ մաքառող բոլոր հիմնարկությունների վրա հսկող ամենաբարձր մարմնի:

Սեպտեմբերի 6-ին ընդունվեց կարիք ունեցող գաղթականներին հող և աշխատանք հայթայթելու օրենքը. կառավարությունը պարտավոր էր ապրուստի միջոց չունեցող գաղթականներին տալ աշխատանք կամ հող կամ, հակառակ պարագայում, բաց թողնել պետական նպաստ:

Հոկտեմբերի 8-ին որոշվեց կարիքավոր գաղթականների, առավելապես կանանց համար, բանալ պետական ջուլհականոցներ` աոաջին հերթին գործի դնելով 1 500 դագգահ և 20 000 ճախարակ: Այդ նպատակի համար հատկացվեց 6 691 200 ռուբլի:

Հոկտեմբերի 11-ի օրենքով, «բոլոր գաղթական որբերի խնամատարության ու դաստիարակության գործը պետությունը վերցրեց իր վրա և անմիջական վարումը հանձնեց հանրային խնամատարության նախարարին»: Ինքնավարություններին, հասարակական կազմակերպություններին ու մասնավոր անհատներին թողնվում էր իրավունք բանալու և պահելու որբանոցներ, միայն պետության հսկողության տակ:

Դարձյալ հոկտեմբերի 11-ին հատկացվեց 12736250 ռուբլի որբերի, անճար և անպաշտպան գաղթականների օգնության և գաղթականներին տրամադրելիք բնակարանների վերաշինության համար:

Խորհուրդը արձակեց նաև մի շարք վճիռներ աշխատավորության ու պաշտոնեության, հաշմանդամների և հասարակական պարտականություններ կատարելիս մեռածների ընտանիքների վիճակը բարելավող, հարկային ու պարենավորման դրությունը կարգավորող:

Պետք է նկատել որ Հայաստանի Խորհրդի աշխատանքն ամբողջապես ուղղված էր երկրի ընթացիկ սուր կարիքների մեղմացմանը: Հիմնական շինարարության մասին, իհարկե, խոսք լինել չէր կարող: Նույնը և կառավարության գործունեության մեջ. այն գերագույն ճիգ էր թափում, գլխավորապես, օրվա հրամայական պահանջներին բավարարելու համար. հաց, դեղ և անդորրություն` այս երեք խնդիրներով կարելի էր սպառել այն ժամանակվա «պետական շինարարությունը»:

Իր չնչին միջոցներից Հայաստանը ստիպված Էր բաժին հանել և երկրից դուրս գտնվող հայազգի կարոտյալներին: Հոկտեմբերի 26-ին, Հայաստանի Խորհուրդը կես միլիոն ռուբլի հատկացրեց Բաքվի հայ աղետյալներին, նոյեմբերի 4-ին 5 միլիոն ռուբլի քվեարկեց` Վրաստանի Հայոց ազգային խորհրդին միանվագ նպաստ տալու համար, դեկտեմբերի 3-ին 300000 ռ. վարկ բաց արավ Պարսկաստանի հայ գաղթականների օգնության և այլն:

Նոյեմբերի 4-ին Հայաստանի Առաջին Հանրապետության խորհրդարանում ձևավորվեց նոր կառավարություն՝ Հովհաննես Քաջազնունու գլխավորությամբ: Հայ Յեղափոխական Դաշնակցության և Հայ Ժողովրդական կուսակցության միջև կնքված ազգային համաձայնության հիմքում ընկած էին նաև նախարարությունների թվի ավելացումը և կառավարության կազմում երկու կուսակցությունների անդամների միջև պաշտոնների հավասարաչափ բաշխումը: 1918թ. նոյեմբերի 4-ին հանրապետության կառավարման համակարգում, ի թիվս այլ մարմինների, առաջին անգամ ասպարեզ եկան կրթության, պարենավորման և խնամատարության նախարարությունները: Նորաստեղծ կառավարության առանցքային՝ վարչապետի, ներքին և արտաքին գործերի, ինչպես նաև խնամատարության նախարարների պորտֆելները տրվեցին Հայ Յեղափոխական Դաշնակցությանը:

Արթուր Եղիազարյան