կարևոր
865 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-08 19:57
Հասարակություն

Արաբկիրի թաղապետը հրաժարական է տվել

Արաբկիրի թաղապետը հրաժարական է տվել

Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը հրաժարական է տվել․

«Սիրելի արաբկիրցիներ, բարեկամներ և հետևորդներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր որոշում եմ կայացրել աշխատանքից ազատման դիմում գրել:

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնել եմ 2022թ. գարնանը և կատարելով իմ աշխատանքային պարտականություններն, այսօր հպարտորեն ամփոփում եմ, որ Ձեր հետ միասին կարողացել ենք իրականություն դարձնել, նույնիսկ այն ինչ թվում էր անհնար: Վերականգնել ենք մեր մանկության տարիների ամենասիրելի այգիները, պուրակները, բացազատելով ավտոտնակներից՝ բարեկարգել բակային տարածքներ, խաղահրապարակներ, վերահսկել նոր ճանապարհների կառուցումը, մանկապարտեզների հիմնանորոգումը, հետևողական եղել բոլոր գործընթացների անթերի լինելուն:

Այս ամենի հնարավորությունն ընձեռելու, վստահության և աջակցության համար շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետի տեղակալներին և Երևանի քաղաքապետարանի, մասնավորապես Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի բոլոր անդամներին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալներ Գեղամ Կարապետյանին և Դավիթ Բալասանյանին:

Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր գործընկեր հիմնարկ-հաստատություններին, որոնց հետ համատեղ ամենօրյա աշխատանք ենք տարել:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հարգելի արաբկիրցիներ, անվերապահ վստահության, մեր նախաձեռնություններին անմիջական մասնակցության, և վարչական շրջանի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար:

Ղեկավարել Արաբկիր վարչական շրջանը պատվով, շատ բարդ, ահռելի ծավալի և չափազանց պատասխանատւ աշխատանք է: Արաբկիրս մեր քաղաքի զարդն է:

Աշխատել եմ անձնուրաց ձևով, 24/7 աշխատաժամանակով՝ ի նպաստ Արաբկիր վարչական շրջանի և ի բարեկեցություն մեր թանկագին բնակիչների։

Ցանկությունս է, որ Արաբկիրը զարգանա, ծաղկի»,- գրել է նա: