կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-22 17:47
Հասարակություն

99 տարի առաջ նոյեմբերի 22-ին ստորագրվեց Վիլսոնի իրավարար վճիռը

99 տարի առաջ նոյեմբերի 22-ին ստորագրվեց Վիլսոնի իրավարար վճիռը

99 տարի առաջ՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին ստորագրվեց Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը:

Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, հաշվի առնելով թուրք քեմալականների և ռուս բոլշևիկների վտանգը, ձգտում էր երկրի մանդատը հանձնել Միացյալ Նահանգներին, որը 1919-1920 թթ. Հայաստանին մեծաքանակ պարենային օգնություն է տրամադրել՝ հայ ժողովրդին փրկելով սովից։

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը 1919 թ. փետրվարին Սպիտակ տանն անցկացրեց Հայաստանի մանդատին նվիրված խորհրդակցություն, որտեղ հայտարարեց. «Եթե ԱՄՆ-ը որևէ մանդատ ընդունի Ազգերի լիգայից, ապա առաջին հերթին պետք է ընդունի Հայաստանի մանդատը»:

Հայտարարության բարձրաձայնումից հետո՝ շատ չանցած, որոշում ընդունվեց, որի համաձայն՝ նախագահ Վիլսոնին իրավունք էր վերապահվում, Սենատի համաձայնությամբ, ընդունել Հայաստանի մանդատը: Ըստ որոշման՝ Հայաստանի սահմանները պիտի որոշվեին ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի պատվիրակությունների համաձայնությամբ:

Մի քանի ամիս անց՝ ապրիլ 24-ին, Սան Ռեմոյի խորհրդաժողովում Հայաստանի սահմանների մասին ընդունվում է Լլոյդ Ջորջի նախագիծը, որն այնուհետև հասցեագրվում և ուղարկվում է Վիլսոնին:

Համաձայն Լլոյդի նախագծի՝  Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները՝ դեպի ծով ելքով, պետք է միանային Հայաստանին։ Վիլսոնը մի քանի օր անց՝ մայիս 17-ին, համաձայնում է ապագա Հայաստանի սահմանների որոշման իրավարար լինելուն: Մի քանի օր անց նա դիմում-առաջարկ է ուղարկում Կոնգրես՝ Հայաստանի մանդատն ընդունելու կապակցությամբ:

Այնուամենայնիվ, հունիսի 1-ին առաջարկը մերժվում է:

1920 թվականի օգոստոսի 10-ին Սան Ռեմոյի խորհրդաժողովում նախապատրաստված և Օսմանյան կայսրության հետ կնքվելիք պայմանագրի նախագիծը ստորագրվում է Սևրում:

Նշենք, որ, ըստ նախագծի, Հայաստանի ընդհանուր տարածքը պետք է կազմեր ավելի քան 160 հազար կմ2:

Որոշ ժամանակ անց՝ 1920-ի նոյեմբերի 22-ին, երբ Վիլսոնը ստորագրում էր Իրավարար վճիռը, նույն օրը Բաքվում, բոլշևիկ Սարգիս Կասյանի նախագահությամբ, ձևավորվում էր Ռազմահեղափոխական կոմիտեն`Հայհեղկոմը, որը 10 օր անց պետք է վերցներ իշխանությունը Հայաստանում:

Օրեր առաջ՝ նոյեմբերի 18-ին, Հայաստանը քեմալականների՝ Կարսը և Ալեքսանդրապոլը զավթած Քյազիմ Կարաբեքիրի հետ կնքել էր զինադադար և պատրաստվում էր Ալեքսանդր Խատիսյանի գլխավորած պատվիրակությանն ուղարկել Ալեքսանդրապոլ՝ դաշնագիր կնքելու թուրքերի հետ։

Մի քանի օր անց՝ նոյեմբերի 23-ին, Համո Օհանջանյանի բյուրո-կառավարությունը հրաժարականի դիմում ներկայացրեց:

Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը նոյեմբերի 24-ին կազմեց նոր կառավարություն: Նրա ստորագրությամբ հրապարակվեց կառավարության հռչակագիրը: