Համեստ դիտարկումը կատարվում է նոյմեբերի 22-ի առիթով: Ուղիղ հարյուր տարի առաջ այս օրը՝ 1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը (Woodrow Thomas Wilson) կատարեց Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանագծումը:
Այսպես.
1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի արվարձան Սևրում համաշխարհային պատերազմում հաղթած երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանիսիա, Իտալիա, Ճապոնիա, ինչպես նաև Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, Խորվաթների և Սլովենների թագավորություն, Հեջազ) և սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջև կնքվեց հաշտության պայմանագիր:
Սևրի հաշտության պայմանագրի հիմքում դրված էին 1916 թ. Սայքս-Պիկո համաձայնագրի դրույթներն ու տերությունների 1920 թ. Սան Ռեմոյի խորհրդաժողովի որոշումները:
Սևրի պայմանագրի 3-րդ մասի 6-րդ բաժնի 88-93-րդ հոդվածներն ամբողջությամբ վերաբերում էին Հայաստանին: 88-րդ հոդվածով Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվում էր իբրև ազատ և անկախ պետություն: 89-րդ հոդվածով Հայաստանին էին անցնում Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի նահանգները: ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնին էր թողնվում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանագծման գործը, որը կատարվեց 1920թ. նոյեմբերի 22-ին: Հիշյալ նահանգներում Հայաստանը ստանում էր 90.000 կմ2 տարածք` դեպի Սև ծով ելքով: Հայաստանի տարածքը դառնում էր ավելի քան 160.000 կմ2:
Սակայն Սևրի պայմանագրին վիճակված չէր իրականություն դառնալ և այն մնաց թղթի վրա: Անհրաժեշտ էր վերագրավել Արևմտյան Հայաստանի տարածքները, որոնք անցել էին ռազմա-քաղաքական լուրջ գործոնի վերածված քեմալականների հսկողության տակ: Իսկ քեմալականները չեղյալ հայտարարեցին Սևրի պայմանագիրը` շեշտելով, որ անգամ մի թիզ հող չեն զիջելու հայերին: Մեծ տերությունները մտադիր չէին զոհողությունների գնալ Սևրի պայմանագրի իրագործման համար: Իսկ հայ ժողովուրդը ի զորու չեղավ սեփական ուժերով գործնականացնել այն:
ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ ՈՒՆԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ, ՔԱՆԶԻ ՆՐԱՆՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՀԶՈՐ ԵՐԿՐՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՓՈՔՐ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՃԱՆԱՉՈՒՄ ԷԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԻՐ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ, ՃԱՆԱՉՈՒՄ ԷԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ:
Սևրի պայմանագրով թուրքական բռնապետության դեմ երկար տարիներ ազգային ազատագրական պայքար ծավալած, ցեղասպանություն ապրած, ապա նաև հարատևելու ցանկությունը Սարդարապատում վերահաստատած հայ ժողովուրդն իր հայրենիքում պետություն ունենալու իրավունք է վաստակում: Շատ բնորոշ է վաստակաշատ պատմաբան Գալուստ Գալոյանի կարծիք-գնահատականը. «Սևրի պայմանագիրը Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի իրավունքների միջազգային ճանաչումն էր. անկախ այն հանգամանքից, որ պայմանագիրը կյանքի չկոչվեց»:
Փարիզի խաղաղության վեհաժողովին հայկական կողմի ներկայացված հուշագրով նախատեսվում էր Հայաստանի Հանրապետությանը միացնել ամբողջ Արեւմտյան Հայաստանը և Կիլիկիան: Սակայն Սևրի պայմանագրով որոշվեց Հայաստանին տարածքներ հատկացնել միայն չորս նահանգներից: Սահմանների նման կրճատումը պայմանավորված էր ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի ունեցած մարդկային կորուստներով: Որդեգրված սկզբունքն այն էր, որ Հայաստանը այնպիսի սահմաններ պետք է ունենա, որ ապահովվի դեպի ծով ելքով և իրապես երաշխավորվի նրա անկախ գոյությունը: Այս առումով ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԻՐԱՑՈՒՄԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԷՐ ԵՆԹԱԴՐՈՒՄ, ԱՅԼԵՎ ՊԵՏՔ Է ԱՊԱՀՈՎԵՐ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ:
Սևրի պայմանագիրը ստորագրող պետությունները գիտեին, որ այդ պահին Հայաստանին հատկացվող սահմանների մեծագույն մասը քեմալականների ձեռքին էր: Իսկ Հայաստանը այդ ուժը չուներ զենքով ետ նվաճելու համար: Տեղին են Ն. Ադոնցի այն նկատառումները, որ Սևրի պայմանագրով մեծ տերությունները վճռական գտնվեցին Օսմանյան կայսրությունից առանձնացված մյուս պետությունների նկատմամբ, իսկ Հայաստանի հարցում նույնիսկ սահմանների որոշումը հետաձգվեց` այն վերապահելով ԱՄՆ նախագահին: Իրականում դաշնակից տերությունների կառավարություններից և ոչ մեկը մտադրություն չուներ զորքեր ուղարկել Արևմտյան Հայաստան: Ուստի պարզ էր, որ Սևրի պայմանագիրը մի միջազգային փաստաթուղթ էր, որը եթե վավերացվեր, լոկ իրավունք կտար հայերին սեփական ուժերով Թուրքիայից ետ խլել իրենց պատմական տարածքները: Սակայն Հայաստանն այդ ժամանակ ի զորու չէր ոչ միայն Սևրով նախատեսված տարածքներն ազատագրել, այլև` պաշտպանել Արևելյան Հայաստանի սահմանները: Արդյունքում Սևրի պայմանագիրը չիրագործվեց, և հայ ժողովրդի պատմական հայրենիքի մեծ մասը մնաց Թուրքիայի տիրապետության տակ:
ԱՅՆՈՒՀԱՆԴԵՐՁ, ՍևՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԱԲ ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ Է, ԵՎ ՄԵՆՔ, ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՏԵՐ ԿԱՆԳՆԵՆՔ ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ:
ԱՅՍ ՕՐԵՐԻՆ ՇԱՏ Է ԽՈՍՎՈՒՄ ԻՐԵՏԵՍ ԼԻՆԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ և ԱԿՆԱՐԿՎՈՒՄ, ՈՐ ՍԵՎՐՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՀԱՆՋԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՀԵՌՈՒ Է ԻՐԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՅԼԵՎ ՎՏԱՆԳՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ:
ԱՅՆ, ՈՐ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ԻՐԱՏԵՍ ԵՎ ՔԱՅԼԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, ՈՉ ՈՔ ՉԻ ՀԵՐՔՈՒՄ: ԲԱՅՑ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԻՐԱՏԵՍ ԼԻՆԵԼԸ ԹԵԼԱԴՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՀԵՆՑ ԱՅՍՕՐՎԱ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՏԵՍՆԱԿՅՈՒՆԻՑ ՈՒՆԵՆԱԼ ԻՆՔՆԻՇԽԱՆ ԵՎ ԿԵՆՍՈՒՆԱԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ:
ՀԱՎԱՏԱՑԵՔ, ՈՐ ԴԱ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ ՍևՐՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ: ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՈՉ ԹԵ ԿԵՂԾ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՓԱՅԼԱՏԱԿԵԼ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԿԱՐԱՑԱԾ ՄՏՔԻ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ, ԱՅԼ ՈՒՂԻՆԵՐ ՈՐՈՆԵԼ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ՈՒԺԵՂԱՆԱԼՈՒ, ՀԱՄԱՌՈՐԵՆ ՔԱՐԸ ՔԱՐԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՎՐՅԱՆ ԵՐԱԶԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ: ԱՅՈ, ՍԵՎՐԸ ԱՅՍՕՐ ԵՐԱԶ Է, ԲԱՅՑ ՎԱՂԸ ԴՐԱ Ի ԿԱՏԱՐ ԱԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՆԿԱԽ ՄԵԶՆԻՑ ԿԱՐՈՂ Է ԻՐԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ, ԲԱՅՑ ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ՉԼԻՆԵՆՔ ԴՐԱՆ, ՈՐՈՎՀԵՏև ԱՅՍՕՐ ՈՐՈՇՆԵՐԸ ԴԱ ԱՆՀՆԱՐԻՆ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ: ՀԵՏԵՎԱԲԱՐ, ԻՐԱՏԵՍ ԼԻՆԵԼՈՒՆ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ՀԵՌԱՏԵՍ ԼԻՆԵԼ: ՈՐԵՎԷ ՄԵԿԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: