Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
101 տարի առաջ, այս օրը՝ 1918թ.-ի նոյեմբերի 4-ից, Հայաստանում սկսեց գործել խնամատարության նախարարությունը՝ ներկա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Ստորև, մի քանի մասով, կներկայացնեմ նախարարության պատմությունն ու գործունեությունը՝ 1918-1920թթ.-ին։ Հետաքրքիր փաստերի կհանդիպեք։ Գնացինք։
«Սոցիալական ոլորտը Հայաստանի առաջին հանրապետության օրոք` 1918 – 1920թթ»:
Հայաստանը իր անկախությունը ձեռք բերեց բավականին ծանր քաղաքական և սոցիալ- տնտեսական պայմաններում: Հրի և սրի միջով անցնելով` Հայաստանը անկախ կյանքի կոչվեց 1918 թվականի մայիսի 28-ից: Ցնծության աղաղակներով ու ծափերով չընդունվեց հանրապետության ծնունդը: Ընդհակառակը, շատերի համար նա նկատվում էր անժամանակ ծնունդ: Հիվանդ երեխա աշխարհ բերած մոր պես, հայ ժողովուրդը գլուխ էր ծեծում սգավոր` շշնջալով. «Դու իմ և ուրախությունն ես, դու` դժբախտությունը իմ...»
Այո, արցունքի ու տառապանքի ծովից ծնվեց Հայաստանի անկախությունը: Ոմանք չէին հավատում այդ փաստին` «անկախություն» ու «հանրապետություն» բառերը դնելով չակերտների մեջ: Եվ այդպես վարվելու հիմքերը բավականին զորավոր էին. իրոք որ, զարհուրելի էին պայմանները և անկախությունը այդ պայմաններում թվում էր հեգնանք:
Երբեմնի Հայաստանից մնացել էր մի փոքրիկ հողակտոր` հազիվ 12 000 քառ. կիլոմետր, աղքատ ու կիսակործան մի երկիր` կծկված ցամաք լեռների մեջ, աշխարհի խուլ անկյունում, ծանրաբեռնված գաղթականներով ու որբերով, շրջապատված ատամ կրճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական: Սով ու հիվանդություն, ավեր ու ավար, լաց ու թշվառություն, կոտորած ու սարսափ: Իսկ մյուս կողմից` Էնվերի թուրքական հաղթական բանակը` համաթրքական երազներով տոգորված, որ Հայաստանի մարմնի վրայով ձգտում էր դեպի Բաքու և Միջին Ասիա:
1918թ. հունիսին, Բաթումի հաշտության պայմանագիրը ստորագրող պատվիրակության վերադարձից հետո, Թիֆլսում (Թբիլիսի) Հայոց Ազգային Խորհուրդը Հովհաննես Քաջազնունուն հրավիրեց ստանձնելու Հայաստանի Հանրապետության առաջին կառավարության վարչապետի պաշտոնը: Պաշտոնը ստանձնելուց հետո նա ձևավորեց առաջին կառավարությունը հետևյալ կազմով` վարչապետ` Հ. Քաջազնունի, արտաքին գործերի նախարար` Ա. Խատիսյան, ներքին գործերի նախարար` Ա. Մանուկյան, ելևմտական նախարար` Խ. Կարճիկյան և զինվորական նախարար` Հ. Հախվերդյան:
Ինչպես տեսնում ենք, նորաստեղծ նախարարությունների կազմում դեռևս չկար խնամատարության նախարարությունը: Այս հանգամանքը բացատրվում է միայն մեկ բանով` ելնելով երկրում առկա սոցիալական աղետալի վիճակից, առաջին իսկ պահից ողջ կառավարությունը լծվում էր հենց այս իրավիճակը միասնաբար հաղթահարելուն: Խնամատարության նախարարի փաստացի պարտականությունները կատարում էին հատկապես վարչապետը և ելևմտական (ֆինանսների) նախարար Խ. Կարճիկյանը: Դա են ցույց տալիս արխիվային նյութերը, քանի որ սոցիալական խնդիրների լուծմանն ուղված բոլոր փաստաթղթերը հիմնականում ստորագրված էին նրանց կողմից:
Պատկերացնելու համար, թե ինչպիսի պայմաններում է սկսել աշխատել և առաջնային ինչ խնդիրներ է իր առջև դրել Հայաստանի առաջին կառավարությունը, կարդանք Հայաստանի Խորհրդի երկրորդ նիստում, 1918թվ. օգոսոստոսի 3-ին, վարչապետ Քաջազնունու կողմից ընթերցված կառավարական Հայտարարությունը.
«Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը: Նա կոչված է իրականացնելու գործադիր իշխանություն մի պետության մեջ, որ դեռ նոր է ծնունդ առել և տակավին դուրս չի եկել իր կազմակերպման առաջին շրջանից: Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում. նա չի հաջորդում նախկին կառավարությանը` շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը. նա նույնիսկ չի ժառանգում կենտրոնական իշխանության կարիքներին հարմարեցրած պատրաստի ապարատներ: Նա հարկադրված է սկսելու ամեն բան սկզբից. անձև քաոսի և ավերակների կույտից նա պետք է ստեղծի կենսունակ և աշխատունակ մի մարմին:
Մյուս կողմից, կառավարությունը գտնում է երկիրը այնպիսի վիճակի մեջ, որի բնորոշման համար մի բառ կա միայն` կատաստրոֆիկ:
Չորս տարի տևող պատերազմը, մեծ հեղափոխությունը, ռուսական զորքերի անկանոն նահանջը մեր սահմաններից, կայսրության տարրալուծումը, պատերազմական ճակատի վրա կրած մեր պարտությունները, տերիտորիաների կորուստը, Անդրկովկասի բաժանումը անջատ պետությունների` այս խորին ցնցումները չէին կարող չթողնել իրենց հետևից ահռելի հետքեր: Տնտեսական կյանքի ու ֆինանսական դրության կատարյալ քայքայում, դադարում ապրանքների արդյունաբերության և փոխանակության, զինամթերքի ծայր աստիճանի պակասություն, ամենաանհրաժեշտ առարկաների բացակայության կամ սոսկալի թանկություն, ներմուծման բացարձակ ընդհատում, երկաթուղային հաղորդակցության դադարում, երթևեկության ուրիշ միջոցների պակասություն, ապա հարյուր հազարներով հաշվվող անտուն և անսնունդ գաղթականություն, անապահով կացություն սահմանների վրա և որպես անխուսափելի հետևանք այս բոլորի` անիշխանություն:
Ահա թե ինչպիսի ծանր պայմանների մեջ կանչվել է աշխատանքի իմ կառավարությունը: Այս բացառիկ դրությունը նախորոշում է արդեն կառավարության բնույթը:
Նա չի կարող ձգտել բազմակողմանի ու լրիվ գործունեության, չի կարող ունենալ լայն ծրագիր և սահմանափակվելու է ամենաանհրաժեշտ ու միանգամայն անհետաձգելի խնդիրներով:
Կասեցնել քայքայման պրոցեսը, հանել երկիրը անիշխանության վիճակից և ստեղծել պետական շինարարության համար պայմաններ` ահա թե ինչպես է ըմբռնում իր կոչումը ներկա կառավարությունը:
Համաձայն սրան, կառավարությունը դնելու է լուծման հետևյալ խնդիրները.
Ա. Ներքին գործերի սահմաններում
1. Հաստատել երկրում տարրական իրավակարգ, կյանքի ու գույքի ապահովություն:
2. Բանալ հաղորդակցության ճանապարհները անարգել երթևեկության համար:
3. Վերականգնել փոստ-հեռագրական նորմալ հաղորդակցություն թե երկրի մեջ և թե հարևան պետությունների հետ:
4. Եռանդուն միջոցների դիմել կարելույն չափ մեղմացնել պարենավորման տագնապը:
5. Տնօրինել գաղթականների և փախստականների վիճակը, մասամբ վերադարձնել իրենց տեղերը, մասամբ տեղավորել նոր վայրերում:
6. Նախապատրաստել Հայաստանի Սահմանադիր ժողովի հավաքումը կարելույն չափ շուտ:
Բ. Ֆինանսների սահմաններում
1. Հող պատրաստել սեփական դրամական սիստեմի հիմքը դնելու համար: Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի երկիրը ապահովվի դրամական նշաններով:
2. Վերականգնի արդյունաբերական կյանքը և ապրանքների փոխանակությունը:
3. Մշակվի հարկերի առողջ սիստեմ:
Գ. Արդարադատության սահմաններում
Հարմարեցնել դատարանը երկրի քաղաքացիական իրավահասկացման և իրավական սովորույթների պայմաններին` միաժամանակ մասնակից անելով քրեական դատավարությանը ժողովրդի ներկայացուցիչներին:
Դ. Զինվորական գործերի սահմաններում
Վերակազմել երկրի զինվորական ուժերը` նպատակ ունենալով ստեղծել թվով ոչ մեծ, բայց ոգով ու կարգապահությամբ ուժեղ բանակ:
Ե. Արտաքին գործերի սահմաններում
1. Ամրացնել օսմանյան կառավարության հետ հաշտությունը և բարի դրացիական հարաբերություններ հաստատել նրա հետ: Խստիվ կատարել այն բոլոր պարտականությունները, որ մենք հանձն ենք առել Օսմանյան կայսրության հանդեպ ու հետևել, որ օսմանյան կառավարությունը իր կողմից անի նույնը մեր վերաբերմամբ: Մասնավորապես լուծել օսմանյան զորքերի մեր երկրից դուրս բերելու հարցը և գաղթականների վերադարձը:
2. Ազրբեջանի և Վրաստանի հետ փոխադարձ համաձայնության գալով` լուծել Հայաստանի և այլ պետությունների սահմանների հարցը` հիմք ունենալով ազգագրական սկզբունքը, իբրև միակը, որ համապատասխանում է ռամկավար պետությունների ոգուն ու նպատակներին:
3. Լիկվիդացիայի ենթարկել, համաձայնության գալով Ազրբեջանի և Վրաստանի հետ, ընդհանուր հիմնարկությունները և գույքը, որ մնացել են Անդրկովկասյան Հանրապետությունից:
Այս է կառավարության ծրագիրը: Սա կարելի է անվանել պետության գոյությունը ապահովող ամենաանհրաժեշտ գրավականների ծրագիրը: Պարզ է որ նա չի ընդգրկում երկրի բազմազան կարիքները իրենց ամբողջությամբ, որ նրա սահմաններից դուրս մնում են մի շարք կարևոր և արդեն հասունացած խնդիրներ: Բայց կառավարությունը չի դնում հերթի այդ խնդիրները, որովհետև նրանց լուծումը այսօրվա պայմանների մեջ համարում է անկարելի: Կառավարությունը չի ուզում սխալների մեջ գցել երկիրը լայն հեռանկարներով և անիրագործելի խոստումներով, չի ուզում վերցնել իր վրա պարտականություններ, որոնց կատարումը վեր է իր ուժերից: Կառավարությունը համոզված է, որ իր առաջադրած ծրագիրը մաքսիմումն է այսօրվա հնարավորության: Կառավարությունը լարելու է իր ամբողջ ուժն ու կարողությունը այդ մաքսիմումին հասնելու և հույս ունի հաջողությամբ լուծելու դրված խնդիրների գոնե մի մասը, եթե իր կողմն ունենա Խորհրդի անվերապահ վստահությունն ու գործուն աջակցությունը»:
Արտակարգ դժվար և պատասխանատու պարտականություն էր դնել պատմությունը Հայաստանի այդ ժամանակաշրջանի գործիչների վրա: Իսկապես որ, «անձև քաոսի և ավերակների կույտ էր» Հայաստանը այդ օրերին: Եվ սարսափելին այն էր, որ չէր երևում ոչ մի հեռանկար: Դրսից պաշտպանություն, ապրուստի միջոց, դրամական օժանդակություն չէր գալիս և հույս էլ չկար: Ինչ որ արվելու էր` պետք էր անել սեփական ուժերով:
Հայաստանը, ավելի շուտ, գաղթականների կայան էր: Ամբողջ երկրում շուրջ 450 000 գաղթական էր լցված, որից մոտ 40000-ը` Երևանում, շատերը` փողոցների և ավերակ շենքերի մեջ: Հաց չէր ճարվում, ժողովուրդն ապրում էր ինչպես կարող էր, լավագույն դեպքում` գետնախնձորով կամ լոբախառը հացով և այն էլ ճարվում էր դժվարությամբ:
Սարսափելի էր որբերի վիճակը: Երևանի «Զանգ» թերթը 1918թ. օգոստոսի 3-ին գրում էր. «Տասնյակ հազարավոր որբեր այսօր ցրված Հայաստանի Հանրապետության սահմաններում, մոռացված ամենքից` ենթակա են ցրտի, քաղցի և համաճարակ հիվանդությունների... Մահացողներին վերջ չկա. մեռնում են ամենքը և ամենուրեք, գյուղերում թե քաղաքներում, բացօթյա` ամենքի աչքի առաջ»:
Հացի, բնակարանների, հագուստի և դեղերի պակասն ու գաղթականության խռնվածությունը առաջ բերին ու զարգացրին համաճարակային հիվանդություններ` սկզբում խոլերան, ապա բծավոր տիֆը, որն առատ հունձ էր անում ամենուր: Տուն չկար, որ հիվանդ չունենար: Հիվանդներով լցված էին փողոցներն ու հրապարակները: Հապճեպ պատրաստված հիվանդանոցներն անզոր էին իրական բուժումներ անելու` դեղ չկար, վառելիք չկար, սնունդ չկար, սպիտակեղեն չկար: Եվ մարդիկ մեռնում էին անմռունչ, հարյուրներով, հազարներով: Ժողովուրդը սպառվում էր վառվող մոմի պես:
Դրությունը գնալով ծանրանում էր: Մինչև հոկտեմբեր Հայաստանի սահմաններում գտնված հացի պաշարը գրեթե վերջացավ: Դրսից ոչինչ չէր գալիս: Պետական և հասարակական ամբարները դատարկ էին: Ստեղծվել էր սարսափելի կացություն: Ոչ միայն գաղթականությունը, այլև տեղացիներից շատերը մատնվեցին սովամահության: Սովը առանձնապես ահռելի չափեր ընդունեց հատկապես Սուրմալուի և Ալեքսանդրապոլի շրջաններում: Վեց ամսվա ընթացքում, սովից ու հիվանդություններից Հայաստանում մահացավ մոտ 180000 մարդ: Թուրքերը գտել էին կոտորածի նոր ձև` ավելի իրական և ավելի անաղմուկ:
Թուրքերն ասում էին. «Մի վեց ամիս ևս և Ռուսահայաստանն էլ կհասներ Թուրքահայաստանի օրին: Արժե՞ր այդ պայմաններում կռիվ անել, զորամասեր զբաղեցնել, իզուր տեղը արյուն թափել»: Հայաստանը հանձնելով սովին ու տիֆին` թուրքերն իրենց ուժերը ուղղել էին Բաքվի հայկական` «բոլշևիկյան-դաշնակցական» ինքնապաշտպանության դեմ:
Եվ այս զարհուրելի վիճակը տևեց մինչև 1919 թ. գարունը, մինչև որ հասավ բանակցությունների արդյունքում ձեռք բերված` ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ալյուրը:
Ապշեցուցիչ է, բայց փաստ, որ չնայած Հայաստանի այդ օրերի աղետալի վիճակին, ՀՀ կառավարությունը իր նախարարությունների միջոցով փորձում էր նաև տեր կանգնել արդեն աշխարհասփյուռ դարձած հայության գաղթական բեկորներին:
Խոշոր գումարներ հատկացվեցին գաղթականների խնամատարության և աշխատանքի գործի կազմակերպության, որբերի հավաքման ու պահպանման, պարենավորման մթերքների հայթայթման համար: Միառժամանակ, մինչև սեփական օրենսդրության իրականացումը, Հայաստանի սահմաններում ընդունվեցին նախկին ռուսական օրենքները` Ժամանակավոր կառավարության, Անդրկովկասյան կոմիսարիատի ու Սեյմի և Հայաստանի Խորհրդի փոփոխություններով ու լրացումներով: Բացի այդ` ելնելով աղքատիկ բյուժեից կամ օրահաս իրավիճակներից, ընդունվում էին այսօրվա չափանիշներով ոչ ստանդար օրենքներ կամ որոշումներ` ցանկացած խնդիրներին արագ արձագանքելու համար:
Առաջ բերենք այստեղ մի քանի օրինակներ Հայաստանի Խորհրդի առաջին շրջանի օրենքներից ու կարգադրություններից, որոնք որոշ գաղափար կտան այն ժամանակվա պայմանների մասին:
Օգոստոսի 8-ին հատկացվեց 6 միլիոն ռուբլի գաղթականական, պարենավորման ու զորքի վերակազմության համար: Օգոստոսի 21-ին ամբողջ Հայաստանը հայտարարվեց խոլերայի կողմից վտանգված և Հայաստանի Խորհրդի բժշկասանիտարական մասնաժողովը վերածվեց վարակիչ հիվանդությունների դեմ մաքառող բոլոր հիմնարկությունների վրա հսկող ամենաբարձր մարմնի:
Սեպտեմբերի 6-ին ընդունվեց կարիք ունեցող գաղթականներին հող և աշխատանք հայթայթելու օրենքը. կառավարությունը պարտավոր էր ապրուստի միջոց չունեցող գաղթականներին տալ աշխատանք կամ հող կամ, հակառակ պարագայում, բաց թողնել պետական նպաստ:
Հոկտեմբերի 8-ին որոշվեց. կարիքավոր գաղթականների, առավելապես կանանց համար, բանալ պետական ջուլհականոցներ` աոաջին հերթին գործի դնելով 1 500 դագգահ և 20 000 ճախարակ: Այդ նպատակի համար հատկացվեց 6 691 200 ռուբլի:
Հոկտեմբերի 11-ի օրենքով, «բոլոր գաղթական որբերի խնամատարության ու դաստիարակության գործը պետությունը վերցրեց իր վրա և անմիջական վարումը հանձնեց հանրային խնամատարության նախարարին»: Ինքնավարություններին, հասարակական կազմակերպություններին ու մասնավոր անհատներին թողնվում էր իրավունք բանալու և պահելու որբանոցներ, միայն պետության հսկողության տակ:
Դարձյալ հոկտեմբերի 11-ին հատկացվեց 12736250 ռուբլի որբերի, անճար և անպաշտպան գաղթականների օգնության և գաղթականներին տրամադրելիք բնակարանների վերաշինության համար:
Խորհուրդը արձակեց նաև մի շարք վճիռներ աշխատավորության ու պաշտոնեության, հաշմանդամների և հասարակական պարտականություններ կատարելիս մեռածների ընտանիքների վիճակը բարելավող, հարկային ու պարենավորման դրությունը կարգավորող:
Պետք է նկատել որ Հայաստանի Խորհրդի աշխատանքն ամբողջապես ուղղված էր երկրի ընթացիկ սուր կարիքների մեղմացմանը: Հիմնական շինարարության մասին, իհարկե, խոսք լինել չէր կարող: Նույնը և կառավարության գործունեության մեջ. այն գերագույն ճիգ էր թափում, գլխավորապես, օրվա հրամայական պահանջներին բավարարելու համար. հաց, դեղ և անդորրություն` այս երեք խնդիրներով կարելի էր սպառել այն ժամանակվա «պետական շինարարությունը»:
Իր չնչին միջոցներից Հայաստանը ստիպված Էր բաժին հանել և երկրից դուրս գտնվող հայազգի կարոտյալներին: Հոկտեմբերի 26-ին, Հայաստանի Խորհուրդը կես միլիոն ռուբլի հատկացրեց Բաքվի հայ աղետյալներին, նոյեմբերի 4-ին 5 միլիոն ռուբլի քվեարկեց` Վրաստանի Հայոց ազգային խորհրդին միանվագ նպաստ տալու համար, դեկտեմբերի 3-ին 300000 ռ. վարկ բաց արավ Պարսկաստանի հայ փախստականների օգնության և այլն: Փշրանքներ էին սրանք տիրող ծով կարիքի համեմատությամբ, բայց Հայաստանի սեղանի վրա էլ փշրանքից զատ բան չկար, հայ ժողովուրդը չունեցածից էր տալիս:
Հայաստանի Խորհրդի նոյեմբերի 4-ի նիստում` դաշնակցական ու ժողովրդական պատգամավորների քվեներով ընդունվեց Հ. Քաջազնունու առաջին կառավարության հրաժարականը: Այնուհետև հանձնարարվեց Քաջազնունուն կազմել նոր կոալիցիոն կառավարություն: Նույն նիստում նա հայտարարեց նոր կաոավարության կազմը. անպորտֆել վարչապետ` Հ. Քաջազնունի (դաշն.), արտաքին գործոց նախարար` Ս. Տիգրանյան (դաշն.), օգնական` Գ. Մելիք-Ղարագյոզյան (ժող.), ներքին գործոց նախարար` Արամ Մանուկյան (դաշն.), զինվորական նախարար` զոր. Հ. Հախվերդյան (անկ.), ելևմտական նախարար ` Ա. Էնֆիաջյան (ժող.), խնամատարության նախարար` Խ. Կարճիկյան (դաշն.), արդարադատության նախարար` Ս. Հարությունյան (ժող.), հանրային կրթության նախարար` Մ. Աթաբեգյան (ժող.), պարենավորման նախարար` Լ. Ղուլյան (ժող.):
Նոյեմբերի 14-ին կոալիցիոն կառավարության համար անուղղելի հարված եղավ խնամատարության նախարար Խ. Կարճիկյանի եղերական մահը: Նա սպանվեց իր կուսակցական ընկերոջ` սպա Եգոր Տեր-Մինասյանի ձեռքով, երբ նախարարական առանձնասենյակում զբաղված էր գաղթականների տեղավորման ու հոգատարության խնդիրներով:
Կարճիկյանի մահով ոչ միայն Հայաստանը զրկվեց իր ամենախոշոր պետական գործիչներից մեկից,այլև բովանդակ Կովկասը: Նա կովկասյան իրականության մեջ 20-րդ դարի առաջին քսանամյակի այն սակավաթիվ դեմքերից մեկն էր, որոնք կյանքի ամենախռովահույզ օրերին անգամ կարողացան պահել մտքի պայծառությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Արամից հետո, առաջինն էր` կոչված կերտելու Հայաստանի պետական շենքը: Հասկանալի է, թե ինչու նրա մահը ցնցել էր ամենքին: Կարճիկյանի հուղարկավորությունը իսկական համաժողովրդական սուգ էր: Եգոր Տեր-Մինասյանը, իր կարծիքով, վրեժ էր լուծում Կարճիկյանից, իբրև մեկից, որ իր վարած քաղաքականությամբ դեպի կործանում էր առաջնորդել հայ ժողովրդին, որ գործիք էր ծառայել վրացի ազգայնականների ձեռքին, որ պատճառ էր եղել Կարսի անկման, Բաթումի հաշտության պայմանագրի ու հետագա աղետների: Անարդար էին այդ մեղադրանքները: Կարճիկյանին վերագրվող հանցանքների համար ավելի պատասխանատու էին այն մարդիկ, որոնց ուղղակի կամ անուղղակի ներշնչումով ոճիր գործեց սպա Եգորը:
Հանրային խնամատարության նախարարությունը ստեղծվել է Հայաստանի առաջին հանրապետության երկրորդ կառավարության վերակազմավորման ժամանակ` 1918թ. նոյեմբերի 4-ին: 1919 թվականի ապրիլի 8-ին այն վերանվանվել է «խնամատարության և աշխատանքի նախարարություն»: Մինչև 1919թ. հուլիսի 5-ը երկրում մթերքների հայթայթումը և բաշխումը կազմակերպելու աշխատանքով զբաղվում էր պարենամթերման նախարարությունը: 1919թ. հուլիսի 5-ին, վերջինիս լուծարումից հետո, այդ գործառույթներն անցան խնամատարության և աշխատանքի նախարարությանը, որի պատճառով նախարարություն մտից շատ գրություններ մակագրվում էին որպես «Խնամատարության, պարենավորման և աշխատանքի նախարարության», չնայած պաշտոնապես նախարարության անվան փոփոխություն տեղի չէր ունեցել: 1920թ. հունվարի 8–ին նախարարությունը վերանվանվել է «Խնամատարության և վերաշինության նախարարություն»: Այն ունեցել է հետևյալ վարչություններն ու բաժինները.
1. Որբանոցային բաժին,
2. Գաղթականական բաժին,
3. Աշխատանքի բաժին,
4. Շինարարական բաժին:
Նաև առանձնացված ստորաբաժանումներ`
1. Գլխավոր բժշկա-սանիտարական վարչություն,
2. Գլխավոր ճարտարապետական վարչություն,
Մինչև 1920թ. հունվարի 8-ին ինքնուրույն գերատեսչություն դառնալը, նախարարությանը կից էին գործում նաև Գյուղատնտեսական և Պետական գույքի գլխավոր վարչությունները:
Բացի այդ, նախարարությունը 1918-1920 թթ. ընթացքում, անկախ ՀՀ դիվանագիտական միսիաներից, ուներ իր ներկայացուցչությունները մի շարք երկրներում ու տարածաշրջաններում: Առավել ակտիվ էին գործում հատկապես Վրաստանի, Հյուսիսային Կովկասի, Ադրբեջանի, Միջագետքի ու Կիլիկիայի ներկայացուցչությունները: Այս ներկայացուցչությունների միջոցով ՀՀ կառավարությունը տեր էր կանգնում ադրբեջանահայությանը, վրացահայությանը, ջախախահայությանը, պարսկահայերին, Հյուսիսային Կովկասի հայությանը և վերոնշյալ տարածաշրջաններում և Մերձավոր Արևելքով մեկ սփռված արևմտահայ գաղթականներին:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ Միջագետքի և Կիլիկիայի ներկայացուցչությանը, բացի սոցիալական խնդիրները լուծելու համար հատկացվող գումարներից, Խնամատարության նախարարությունը գումարներ էր հատկացնում նաև մահմեդականների ձեռքում գտնվող հայազգի որբ երեխաներին, գերևարված հայ կանանց ետ գնելու և Հայաստան ուղարկելու համար:
Հայաստանի ժողովրդական տնտեսության մեջ ակնառու դեր էր խաղում Խնամատարության նախարարության աշխատանքի բաժինը, որ ամբողջ երկիրը պատել էր արհեստանոցների, գործարանների և աշխատանոցների ցանցով: 1920 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ աշխատանքի բաժինը ուներ հետևյալ ձեռնարկությունները.
1. Երևանում` ջուլհականոց (կտավ), վերանորոգումների բաժին, կարուձևի և փականագործական արհեստանոցներ, ատաղձագործարան,
2. Սարիղամիշում` տախտակի սղոցարան, ջուլհականոց (կտավ), ատաղձագործարան, փայտի չոր թորման արտադրամաս, որը պատրաստում էր սև ձութ, ածուխ, սոսինձ և այլն,
3. Ալեքսանդրապոլում (Գյումրի)` ջուլհականոց (բրդեղեն), 2-րդ ջուլհականոց (կտավ, գուլպա ),
4. Կարսում` ջուլհականոց (բրդեղեն), կաշվեգործարան,
5. էջմիածնում` կոշկակարանոց, ջուլհականոց (կտավ),
6. Դիլիջանում` ջուլհականոց (բրդեղեն), շինանյութերի արհեստանոց, կահկարասիքի` կենցաղային առարկաների արհեստանոց),
7. Նոր Բայազետում` կոշկակարանոց, ջուլհականոց (բրդեղեն),
8. Բաշ-Ապարանում` մանարան,
9. Ջալալօղլիում` ջուլհականոց (բրդեղեն),
10. Ղամարլուում` կոշկակարանոց,
11. Սարդարապատում` մանարան,
12. Յուվայում` բրուտանոց և այլն:
Կտավի, մահուդի, կոշկեղենի զգալի մասը հանրապետությունում ապահովում էին հենց այս արհեստանոցները: Որբերի հագուստը, ինչպես նաև զինվորականների համազգեստները և հատկապես որբանոցների և բանակի ողջ սպիտակեղենը կարվում էին հայկական կտորեղեններից: Լուրջ հաջողություն ունեին հատկապես կաշվեգործարանները` աշխատանքի բաժինը գիտության վերջին նվաճումներով ձեռնարկել էր երկու մեծ գործարանների շինարարությունը:
Ելնելով ՀՀ-ում սկսվող տնտեսական կյանքի աշխուժացումից և առաջացած հնարավորությունից, արդեն 1919թ. աշնանը սկսեց կարևորվել ազգաբնակչությանն աշխատանքով ապահովելու խնդիրը: 1920թ. հունվարի 8-ին ընդունված օրենքով, ՀՀ Խնամատարության և աշխատանքի նախարարությունից անջատվեց աշխատանքի բաժինը, որի հիման վրա ստեղծվեց ՀՀ աշխատանքի նախարարությունը: և աշխատանքի նախարարությունն էլ վերավանվեց «ՀՀ Խնամատարության և վերաշինության նախարարության»` կարևորելով երկրի վերաշինությունը:
Պետական կարևոր գործոն էր Խնամատարության և վերաշինության նախարարության ենթակայությամբ գործող «Գլխավոր ճարտարապետական վարչությունը»` ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի ղեկավարությամբ: Այս վարչությունը դարձել էր Հայաստանի վերաշինության կենտրոնական կառույց: Ալեքսանդր Թամանյանի հմուտ և անձնվեր ղեկավարության տակ մի շարք մասնագետներ կատարում էին նախապատրաստական աշխատանքներ, ուսումնասիրվում էին Հայաստանում առկա բնական և արհեստական շինանյութերը, հավաքվում էին նախանյութերի նմուշներ, կազմվում ու նախագծվում էին վերաշինական ծրագրեր, հատակագծեր:
Խնամատարության նախարարության ենթակայությամբ գործելու ընթացքում էլ ակադեմիկոս Ա. Թամանյանը սկսեց նախագծել Երևան քաղաքի բարեփոխված նոր հատակագիծը: Նրա ենթակայությամբ սկսեցին նախագծվել և պատրաստվել տիպային գյուղերի, դպրոցների, հիվանդանոցների, ժողովրդական տների, պետական և հասարակական շենքերի հատակագծեր, որոնց բոլորի նախագծային հիմքում ընկած էր հայկական ազգային ոճը:
Վարչությունը կառուցել էր նաև Երևանի մանրէաբանական հիմնարկության շենքը, հիմնական վերանորոգել էր քաղաքային աոաջին հիվանդանոցը, կազմակերպել էր գաջի այրման (ստացման) գործարանը, Անի քաղաքի ավերակային շրջանում ձեռնարկել էր հուշարձանների հավաքման, ցուցակագրման և պահպանման գործը:
Խնամատարության նախարարության կից գործում էր և «Գլխավոր բժշկաառողջապահական վարչությունը»` խնամատարության նախարարի օգնական (1919թ. հունիսի 24–ից մինչև 1919թ. օգոստոսի 15–ը` նաև հանրային խնամատարության ու աշխատանքի նախարարի պաշտոնակատար) բժ. Հ. Տեր-Միքայելյանի գլխավորությամբ:
1919 թ. սկզբին Հայաստանում կար ընդամենը 9 հիվանդանոց 300 մահճակալով: Նույն տարվա վերջին Գլխավոր բժշկաառողջապահական վարչությունը ուներ 30 հիվանդանոց` 1600 մահճակալով, 5 բժշկակայան, 5 բուժակի կայան: 1920 թ, դրանց շարքին ավելացան մի շարք նոր հիվանդանոցներ ու կայաններ Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Ջալալօղլիում և այլն:
Կային պետական դեղատներ, որտեղից չքավորներին անվճար էր դեղ տրվում իսկ աշխատավորներին` 50% զեղչով, Երևանում կար կենտրոնական դեղապահեստ:
Մալարիայի դեմ պայքարելու նպատակով Երևանի, Իգդիրի, Էջմիածնի, Հրազդանի, Ղամարլուի շրջաններում գործում էին բժշկական թռուցիկ խմբեր և այցելու (շարժական) հիվանդանոցներ: Գլխավոր բժշկաառողջապահական վարչությունը ձեռնարկում էր ջրանցքային աշխատանքներ` Ղամարլուի ճահիճների չորացման նպատակով: Երևանում կազմվել էր հատուկ մի մարմին` «Տրոպիկ հիվանդությունների հանձնաժողով», որն իր ենթակայությամբ ուներ «տրոպիկական հիվանդանոց», կազմակերպում էր «տրոպիկական հարուցիչների և հիվանդությունների ցուցահանդես», հրատարակում էր «Մալարիա» պարբերականը և հնարավոր բոլոր միջոցներով պայքարում էր մալարիայի դեմ: Հետագայում այս «Տրոպիկ հիվանդությունների հանձնաժողով»-ը վերածվեց Տրոպիկական ինստիտուտի:
Գլխավոր բժշկաառողջապահական վարչության բժիշկների և աշխատակիցների անձնուրաց և տքնաջան աշխատանքների շնորհիվ 1919թ. կեսից հետո ՀՀ ողջ տարածքում հարյուր հազարավոր մարդկային կյանք խլած խոլերայի և բծավոր տիֆի համաճարակները մարեցին, իսկ արդեն 1920թ. աշնանն արձանագրվեց հաղթանակ մալարիայի նկատմամբ:
Թեմային առնչվող փաստաթղթերին, ոլորտի երախտավորների կյանքը և գործը ներկայացնող այլ տեղեկություններին առաջարկում ենք ծանոթանալ այստեղ:
Արթուր Եղիազարյան