կարևոր
1123 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-09 23:55
Հասարակություն

Այս գործարքով Հայաստանի տարածքը դառնում է ծառայող տարածք Ադրբեջանի համար․ Արա Զոհրաբյան

Այս գործարքով Հայաստանի տարածքը դառնում է ծառայող տարածք Ադրբեջանի համար․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է

«ԱՐԴՈՔ ՎԵՐԱՑԵԼ ԵՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ

Յուրաքանչյուր բանական մարդ խաղաղություն է ուզում:

Արդյո՞ք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի կողմից Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագիրը խաղաղություն է բերելու:

Չունեմ այդ լավատեսությունը մի քանի պատճառով՝

1). Ադրբեջանը պայմանավորվածություններ պահող չէ՝ վերջին թարմ հիմքը 09.11.2020թ. եռակողմ պայմանավորվածությունների խախտման փաստերն են.

2). Ռուսաստանի և Իրանի շահերի հետ այս գործարքը հակասություն է առաջացնում.

3). այս գործարքով չեն կարգավորվել Հայաստանի շահերից բխող մի խումբ հարցեր, որոնցից են օրինակ՝ գերիների վերադարձի, Արցախցիներից խլած տարածքները վերադարձնելու և անվտանգությունն ապահովելու հարցերը:

Չեմ անդրադառնում Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ տրամադրելու մանրամասներին, միայն կնշեմ, որ այդ ճանապարհը պետք է Ադրբեջանին և Թուրքիային ու ոչ թե՝ մեզ:

Նույնիսկ Հայաստանի օրենսդրությամբ սերվիտուտի (ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքի) դեպքում օգտագործվող հողամասը կոչվում է ԾԱՌԱՅՈՂ գույք, իսկ մյուս սեփականատիրոջ հողամասը կոչվում է ԳԵՐԱԿԱ գույք (ներկայացված է որպես համանման օրինակ):

Այսինքն այս գործարքով Հայաստանի տարածքը դառնում է ծառայող տարածք Ադրբեջանի համար:

Հիշենք նաև 105 տարի առաջ մեր ազգի գլխին եկածը: Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Ֆրանսիայի Սևր քաղաքում:

Դա չխանգարեց, որպեսզի 1920 թվականի սեպտեմբերի 22-ին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվի Հայաստանի վրա։

Հայաստանին չօգնեց նույնիսկ ԱՄՆ նախագահ Վիլսոնի կողմից 1920 թվականի նոյեմբերի 22-ին ընդունված վճիռը, որով, Հայաստանին էր տրվում ընդհանուր առմամբ 103.599 կմ² տարածք։

Ինչու այդ տարածքները չդարձան հայկական, ինչու ԱՄՆ-ն և հզոր մյուս պետությունները, որոնք նաև Սևրի պայյմանագրի կողմերն էին (օրինակ՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա) չկարողացան Հայաստանին օգնել: Հայաստանը ստիպված խորհրդայնացվեց, որպեսզի փրկվի:

Արդյոք հիմա էլ նույն վտանգները մեզ չեն սպառնում:

Հ.Գ. Երբ ասեն, թէ՝ խաղաղութիւն եւ ապահովութիւն է, այն ժամանակ յանկարծակի կը հասնի նրանց կործանումը, ինչպէս լինում է յղի կնոջ երկունքը. եւ նրանք չեն փրկուելու։ (Թեսաղոնիկեցիներ 1 5:3)»։