կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-05 14:32
Հասարակություն

Առջևում ցուրտ ձմեռ է ու համատարած գնաճ

Առջևում ցուրտ ձմեռ է ու համատարած գնաճ

Առաջին սպառման մթերքների ու ապրանքների շուկայում գնաճն այս տարի եւս չշրջանցեց Հայաստանը: Թանկացումները զգալի էին անգամ ամռան սեզոնին եւ հենց գյուղատնտեսական շուկայում, մինչդեռ սովորաբար այդ ընթացքում պտուղ-բանջարեղենի առատության պայմաններում միշտ գնանկում է ակնկալվում:

Գյուղմթերքների շուկայում գնաճի մասին շատ է խոսվել ու քննարկվել, եղել են բազմաթիվ մեկնաբանություններ ու բերվել պատճառաբանություններ, բայց սովորական սպառողին այդ մեկնաբանությունները հոգու դարման չեն, մանավանդ որ, ինչպես կանխատեսում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը, ձմռանն ընդառաջ այդ թանկացումները կշարունակվեն։

«Ձմռանն ընդառաջ սպառողական ապրանքների շուկայում թանկացումներ են նկատվում, ինչը պայմանավորված է սեզոնային գործոններով, միջազգային շուկայում ապրանքի պահանջարկի աճով կամ գնային տատանումներով:

Բացի դրանից, այս տարի 16 տոկոսով կրճատվել են գյուղատնտեսական ցանքատարածությունները, դրա հետեւանքով մի շարք ապրանքատեսակների առաջարկը կնվազի: Մասնավորապես կարտոֆիլի, կաղամբի, ծաղկակաղամբի, որոնք ձմեռային գյուղմթերքներ են եւ շատ են օգտագործվում այդ սեզոնին: Այնպես որ նոյեմբերին թանկացումները անխուսափելի կլինեն»,- կարծում է տնտեսագետը:

Գնաճային ճնշում առաջիկայում կարող է առաջացնել նաեւ դրամի արժեզրկումը, եւ թանկացումների նոր ալիք կսկսվի: Ինչպես տեղեկացրեց Ս.Պարսյանը, այս եւ հաջորդ տարի նախատեսվում է ներմուծման եւ արտահանման առեւտրային հաշվեկշռի բացասական սալտոյի աճ, այսինքն՝ մենք ավելի շատ սկսելու ենք ապրանք ներմուծել այլ երկրներից, քան արտահանել տեղականը եւ դրանով պայմանավորված՝ Հայաստանում դոլարի պահանջարկն ավելանալու է:

Հետեւաբար նոյեմբեր-դեկտեմբերին դրամը դանդաղ կարող է արժեզրկվել եւ սպառողական շուկայում հերթական գնաճի պատճառ դառնալ: Հարցին, թե քանի տոկոս արժեզրկում է կանխատեսվում, նա պատասխանեց՝ մինչեւ 10 տոկոս. «Հաշվի առնելով, որ անցած երկու ամիսներին Ռուսաստանում ռուբլին 10 տոկոսով արժեզրկվեց, հնարավոր է, որ մեզանում եւս 10 տոկոսով դրամի արժեզրկում լինի:

Եթե կարողանանք զսպել հաշվեկշիռը եւ սալտոն մեծ չլինի, կկարողանանք դրամի անկումը կանխել, բայց եթե հաշվեկշիռը մեծանա եւ Ռուսաստանում եւս ռուբլու արժեզրկումը շարունակվի, անպայման մեր տնտեսության վրա այդ գործոններն իրենց ազդեցությունը կունենան»:

Գնաճը մեղմելու տարբերակներից մեկն էլ Կենտրոնական բանկի քաղաքականությունն է: ԿԲ-ն կարող է իր արտարժութային պահուստների հաշվին ներարկումներ կատարել շուկա, երբ դրամը սկսի արժեզրկվել, որոշակի քանակությամբ դրամ ձեռք բերի շուկայից եւ փոխարենը դոլար բաց թողնի: Այդ կերպ հնարավոր կլինի շուկայում որոշակի զսպումներ կատարել: Դրա համար արդեն որոշակի քաղաքական կամք կպահանջվի, երկրում գնաճն ու հասարակության սոցիալական բեռի ծանրությունը կանխելու ցանկություն:

Իսկ եթե նման կամք ու ցանկություն չդրսեւորվի, ապա տարեվերջին հայաստանցի սպառողներից շատերը ստիպված կլինեն վերանայել իրենց սննդակարգը, սպառողական զամբյուղի առանց այն էլ սուղ պարունակությունը եւ ընդհանրապես գումարները «քամուն տալու» հնարավոր միջոցներից հրաժարվել՝ ապրելով զուտ սնվելու եւ կենցաղային ծախսերը հոգալու համար:

2018 թվականից սկսած մեզանում աստիճանաբար կդադարեցվեն Եվրասիական տնտեսական միությունում մի շարք ապրանքատեսակների համար սահմանված մաքսային արտոնությունները, ինչի հետեւանքով տվյալ ապրանքների շուկայում գները նպատակասլացորեն կբարձրանան։ Ընթացիկ տարում արդեն 800 ապրանքի նկատմամբ սահմանված արտոնություններն աստիճանաբար վերացվեցին: Եկող տարի դրանք շարունակական կլինեն:

Դրանից բացի, ԵԱՏՄ կանոնակարգով 2019 թվականից ավելանալու են երրորդ երկրներից ներկրվող ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը՝ հավի մսի, խոզի ճարպի, կաթի փոշու, սերուցքային կարագի, բուսայուղի, պարարտանյութերի, որոշ դեղերի ու քիմիական նյութերի, ներկերի ու լաքերի, հիգիենայի պարագաների, հագուստեղենի եւ այլն, ինչն էլ կանդրադառնա դրանց գների վրա:

Ընտանի թռչնամսի մաքսազերծման դրույքաչափը նախկին 18 տոկոսից նախատեսվում է բարձրացնել մինչեւ 22 տոկոսի, իսկ 2020թ. դրա մաքսազերծման դրույքաչափը կդառնա 25 տոկոս: Խոզի ճարպի մաքսազերծման դրույքաչափը 12 տոկոսից կհասնի 14 տոկոսի, կաթի փոշունը՝ 11-13 տոկոսի, սերուցքային 89 տոկոսանոց կարագինը 11-ից կդառնա 13 տոկոս, արեւածաղկի յուղինը՝ 12-13 տոկոս կդառնա, եւ այդպես շարունակ։

Տնտեսագետը այս բարձրացումները հաշվի առնելով՝ կանխատեսում է, որ այդ ապրանքների շուկայում 1-2 տոկոս կամ գուցե ավելի գնաճ կլինի: Իսկ այդ անուն ապրանքների թիվը հասնում է մոտ 200-ի: Այսինքն՝ հաջորդ տարի ավելի քան 200 ապրանքների շուկայից սպառողներն ավելի թանկ գներով գնումներ կկատարեն: Ընդ որում՝ դրանք առաջին անհրաժեշտության սպառման ապրանքներ են: Նշենք նաեւ, որ թվարկված սննդամթերքները նաեւ որպես հումք են օգտագործվում շատ մթերքների արտադրության համար:

Օրինակ, կաթի փոշին ձմեռային սեզոնին օգտագործվում է տեղական կաթնամթերքի արտադրության համար: Հետեւաբար այդ ապրանքների շուկայում եւս գնաճ կլինի. «Դրույքաչափերը, իհարկե, կավելանան երրորդ երկրներից ներկրվող ապրանքների համար, իսկ ԵԱՏՄ երկրների համար դրանք կպահպանվեն: Սա նշանակում է, որ մեր շուկայում գնային հավասարակշռությունը պահպանելու համար կգերակշռեն Ռուսաստանից, Ղազախստանից, Բելառուսից ներկրվող ապրանքները:

Խոսքը, իհարկե, այն ապրանքների մասին է, որոնք որակով ու գնով մրցակից կլինեն, օրինակ, եվրոպական երկրներից ներկրվող ապրանքների հետ: Բայց այդ երկրների տնտեսավարողները պետք է շահագրգռված լինեն Հայաստանի շուկայով եւ կարողանան բավարարել նաեւ մեր երկրի պահանջարկը»:

2019թ. հունվարի 1-ից կավելանա նաեւ ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկը: Սրա հետեւանքով արդեն ալկոհոլի շուկայում նոր գներ կսահմանվեն:

Նկատենք նաեւ, որ նոր կառավարության կողմից Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով որպես, այսպես կոչված, բարեփոխում առաջարկվում է նվազեցնել եկամտային հարկը եւ փոխարենը ավելացնել անուղղակի հարկերը՝ ավելացված արժեքի կամ ակցիզային հարկի տեսքով: Դրանք, բնականաբար, կարտացոլվեն տվյալ ապրանքների գներում, որովհետեւ մեզ համար արդեն բնականոն է դարձել՝ յուրաքանչյուր նման բարեփոխման համար վճարում է սպառողը, իսկ տնտեսավարողները իրենց հնարավոր կորուստները փոխհատուցում են չզսպվող ու չվերահսկվող գնաճով: Սա դեռ առաջարկ է, բայց այն կարող է կյանքի կոչվել:

Ի դեպ, չմոռանանք, որ առջեւում ձմեռ է։ Անկախ նրանից՝ ցրտաշունչ կլինի թե մեղմ, կենցաղային ծախսերն այդ սեզոնին անհամեմատ աճում են: Իսկ համատարած թանկացման պայմաններում նաեւ այդ ծախսերի ավելացումը կարող է կտրուկ ավելացնել երկրում աղքատությունը՝ միջին խավի հաշվին:

Ըստ Սուրեն Պարսյանի՝ այս պահի դրությամբ ընդհանուր տարեկան գնաճը բարձր չէ, սակայն, հաշվի առնելով երկրում արդեն իսկ վատթար սոցիալական վիճակը, աղքատության բարձր շեմը եւ այն, որ հաջորդ տարվա ընթացքում աշխատավարձերի, նպաստների, թոշակների բարձրացում չի նախատեսվում, փոխարենը թանկացումները շատ ավելի խիստ շարունակություն են ունենալու, անգամ ցածր գնաճը կարող է զգալի բացասական ազդեցություն ունենալ։

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ

«Հայոց Աշխարհ»