կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-03 21:53
Քաղաքական

ԿԱՊԻՏԱԼ. WikiLeaks-ի գլխավոր ինտրիգը դեռ առջևում է

ԿԱՊԻՏԱԼ. WikiLeaks-ի գլխավոր ինտրիգը դեռ առջևում է

Գաղտնի տեղեկատվության հրապարակման գործում մասնագիտացած WikiLeaks սկանդալային կայքը շարունակում է մնալ աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նախօրեին հրապարակված ավելի քան 250 հազ. գաղտնի փաստաթղթերը մեկը մյուսի հետևից սկանդալային բացահայտումներ են անում։ Սակայն արդյոք աղմկահարույց մերկացումները կունենա՞ն որևէ հետևանք, թե՞ բանը կսահմանափակվի լրատվամիջոցներում առաջացած աղմուկով։ Մեկնաբանությամբ հանդես է եկել «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, ռուս հայտնի քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։

 

Հրապարակային տպավորիչ արձագանք մենք դժվար տեսնենք։ Միայն մի բացառության դեպքում, որի մասին կխոսեմ տեքստի վերջում։ Բանն անգամ դիվանագետների կորպորատիվ համերաշխությունը չէ։ Պարզապես ոչ ոքի համար հասկանալի չէ, թե ինչպես արձագանքել։ Սարկոզին հայտարարի, որ ինքը մերկ թագավո՞ր չէ։ Պուտինը ժխտի, որ ալֆա դո՞գ չէ։ Հիմարություն է։

 

WikiLeaks-ի տեղեկատվության անդրկուլիսյան դիվանագիտական առևտրի առարկա նույնպես չես դառնա։ Շատ ուշ է. նյութերը հրապարակվել են։ Կոպիտ ասած՝ օգտագործել այդ ճեպագրերը՝ որպես մանրուն դրամ, կարող էին միայն ամերիկացիները այն անհավանական դեպքում, եթե նախապես ակնարկեին տեղեկատվության արտահոսքի հնարավորության մասին և ինչ-որ զիջումներ պահանջեին։

 

Սակայն շատ երկրների՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կլիման ամերիկացիների համար սարսափելի այդ անհարմար դրությունը փչացրեց երկար ժամանակով։ Նախօրեին Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովում հավաքվել էր դիվանագիտական հեռագրերի ֆիգուրանտների կեսը։ Դժվար թե նրանք անկեղծ էին ժպտում Հիլարի Քլինթոնին։ Կատարվածը խարխլում է Օբամայի վարչակազմի՝ առանց այդ էլ ոչ հատուկ ամուր դիրքերը։ Ամենահետաքրքիրն այն է, որ անձամբ Օբաման պատասխանատվության միայն մի մասն է կրում. համակարգը, որի պատճառով արտահոսքը հնարավոր դարձավ, աշխատել է նախքան Օբամայի՝ նախագահության մասին լրջորեն մտածելը։

 

Ինտրիգն այն է, որ առայժմ չեն հրապարակվել Չինաստանի ճեպագրերը։ Իսկ դրանք, ըստ ամենայնի, կան։ Եթե դրանցում հայտնաբերվեն չինացի ղեկավարների՝ նույնչափ «խիստ հաճելի» բնորոշումներ, չինացիները հրապարակավ կատակի չեն տա, ինչպես Լավրովը կամ Բեռլուսկոնին։ Չինաստանում այդպիսի հումորը չեն հասկանում։ Նրանք արտահոսքը կընդունեն որպես գոտկատեղից ներքև հարված և կսկսեն համապատասխան արտաքին քաղաքականությունը կառուցել։