կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-01 15:11
Առանց Կատեգորիա

Դժվարն առջեւում էր, դժվարը գիշերն էր

Դժվարն առջեւում էր, դժվարը գիշերն էր

-Կար, քաղցկեղ ունես, հանգույցները զգում եմ: Սպասիր` ընկերս էլ նայի... Դու էլ նո՞ւյնը զգացիր: Մի վախեցիր, հեսա ուռուցքաբանականի ընկերներիցս մեկի համարը տամ, զանգիր ու գնա ստուգվիր: Չուշացնես` տեղից տարածված ա:

 

Ուրբաթ էր` ժամը 16-ի կողմերը, բժիշկ ընկերներիցս մեկին տեսա ու որոշեցի դարդերս պատմել, թե ես էլ ցանկանում էի մոտ օրերս իրեն այցելել ու կոկորդս ստուգել' անընդհատ ցավում է...

 

Ուռուցքաբանականի բժիշկն ասաց, որ երկուշաբթի առավոտյան զանգահարեմ ու կասի, թե որ ժամին իրեն այցելեմ: Մինչեւ երկուշաբթի երեք գիշեր կար:

 

Տուն եմ գնում:

 

-Սովա՞ծ ես:

 

-Չէ՛,- ասում եմ ու սկսում ուտել:

 

Տեսնես ամենից առավել ինչի՞ համար կափսոսամ. չկարդացածս գրքերի, հա, գրքերիս համար, որոնցից ուզում են մեր տանն ազատվել: Մայրս ինչ-որ բան է պատմում, արձագանքում եմ, բայց չեմ լսում:

 

-Մամ, գրքերս պարտեզ չտանեք: Մամ, լսո՞ւմ ես:

 

Չէ, մաման արդեն խռռացնում է:

 

Գիշերը քանի՞ ժամ ունի...

 

Հիշեմ` աշխատանքիս վայրում սեղանին շաղ տված գրքերս էլ տուն բերեմ. պետք է հիշել' ոչ մեկի մոտ գիրք չունե՞մ:

 

Երկու հոգու հետ չեմ խոսում, կգնամ-կբարիշեմ:

 

Լավ է` վարձս չվճարեցի, գնալու էր, կորեր:

 

Վրեժ Իսրայելյան ջան, ոնց եմ քեզ հասկանում:

 

Մարինի պստոյին էդպես էլ չտեսա, կիրակի գնամ-տեսնեմ:

 

Լուսադեմին քնում եմ, 2 ժամ անց զարթնում` լրիվ թարմ, կարծես 8 ժամ քնած լինեմ: Լավ է, Կոմպոզիտորների միության համագումարն է այսօր, լավ զբաղված կլինեմ: Համագումարը վերջանում է ժամը 19-ին: Դժվարն առջեւում է: Դժվարը' գիշերն է: Հետո հանկարծ հիշում եմ`տարեսկզբին, երբ ալերգիա էր մոտս առաջացել, բժիշկը քնաբեր, հանգստացնող հաբեր էր նշանակել. կես կոճակ խմելուց հետո` երկու օր քնել էի: Դեղատնից քնաբեր եմ գնում. այս գիշեր գիշերն ունի 8 ժամ: Բայց մինչեւ քնելս ժամանակը սպանել է պետք: Զանգում եմ լավագույն ընկերոջս: Հանդիպում ենք: «Ոնց կուզեի համբուրվել. չասե՞մ Արմենին. ամենաքիչն իրենից կամաչեմ, Արմենս է, էլի»,-մտածում եմ, բայց ամաչում ասել: Ինչ լավ է, որ կա մեկը, ում հետ կարելի է նստել եւ լռել:

 

-Կար, բա՞ն է պատահել:

 

-Չէ՛:

 

Վերջ:

 

Լուռ գինի ենք խմում: Երեք բաժակ խմեցի, բայց երրորդը ոնց որ շատ էր: Գինին «տեղ հասավ»: Մտքումս կռիվ եմ տալիս' համբուրվելու եղածն ի՞նչ է, տնաշեն: Չասացի: Դուրս ենք գալիս: Արմենը գրկում է, փաթաթվում եմ, համբուրում այտը եւ շրջվում, որ գնանք: Չի թողնում: Ուզում է համբուրել` մեծավարի: Չեմ թողնում, ազատվում եմ ու փախչում: «Տեսնես ի՞նչ գիտեր, ո՞վ է ասել: Ախր, Կարենը /բժիշկ ընկերս/ ծանոթ չէ Արմենին: Ինչո՞ւ էր ուզում համբուրել: Կարո՞ղ է շուրթերին եմ նայել էս ընթացքում»...

 

-Կար, Կարինե, լսում ես, սիրում եմ քեզ: Ախր, բոլորը գիտեն էդ մասին: Ո՞նց չէիր նկատում:

 

Մրսում եմ, դողում, տարածության զգացողությունը կորցնում: Երազում ոնց է լինում` ուզում ես վազել` ոտքերդ չեն շարժվում:

 

«Երեւի քաղցկեղից է»,-տեղում գտնում եմ ելքը:

 

Արմենը տուն է բերում: «Բարի գիշեր էլ չասացի: Դե, լավ, հո ուրիշ մարդ չի»,-մտածում եմ ու հանկարծ հիշում, որ րոպեներ առաջ Արմենը դարձավ ուրիշ մարդ:

 

Երկու քնաբեր եմ խմում ու պառկում:

 

Վաղը կիրակի է: Եկեղեցի կգնամ: Պատարագին էլ կմնան: Սյուզիի մահից հետո պատարագի չեմ մասնակցել: Հենց երգչախումբը սկսում էր երգել, Սյուզիին էի հիշում, մտքումս կռիվ տալիս Աստծո հետ` Սյուզիին տանելու համար ու դուրս գալիս եկեղեցուց:

 

Ուզում էի փոշեկուլ առնել. մյուս շաբաթվա մեջ կգնեմ:

 

Անիին ոնց եմ կարոտել, բայց չէ, բան չեմ գրի: Որ սկսենք խոսել, ասելու եմ իրեն ամեն ինչ, դրա համար էլ չեմ գրի:

 

***

Գնում եմ եկեղեցի: Շատ շուտ է, փակ է: Նստում եմ դռան առջեւ եւ սկսում` Տեր Աստված, որ հանկարծ մեռնելու լինեմ, այնպես արա, որ ոչ մեկին չասեմ էդ մասին: Վերջ, համարենք Աստծո հետ էլ պայմանավորվեցի:

 

Կեսօրին միացնում եմ հեռախոսս, քրոջս պուճուրն է զանգում ու լացում:

 

-Հերիք չի' այսօր ինձ ոչ մի տեղ չտարար, մինչեւ հիմա տուն չե՞ս գալիս: Ուրեմն դու էլ ինձ չես սիրում:

 

-Մարի, ի՞նչ է եղել:

 

-Մաման նեղացրել ա: Ինձ ոչ ոք չի սիրում: Դու էլ չես սիրում:

 

Ամենաշատը քրոջս պուճուրին կկարոտեմ /իսկ երբ չես լինում, կարոտ զգո՞ւմ ես/: Ամենաշատն իր հետ չանցկացրած պահերի համար կափսոսեմ, գրքերը գրողի ծոցը թող գնան:

 

-Մարի, գնա մի սենյակ, որտեղ մենակ կլինես: Գնացի՞ր: Դե ասա, ես քեզ չե՞մ սիրում:

 

-Չէ, չես սիրում:

 

-Մարի, ես քեզ չե՞մ սիրում:

 

-Սիրում ես:

 

-Ինչքա՞ն:

 

-Բոլորից շատ:

 

-Իսկ դո՞ւ ինձ:

 

-Ես էլ քեզ եմ սիրում, մամայիցս էլ շատ, որովհետեւ ինքն ինձ նեղացրել ա: Կարին, գալուց չիպս կբերես, հա՞:

 

Թարսի պես' կիրակի փողոցում ինչքան երեխա եմ տեսնում, ժպտում են ինձ: Թարսի պես` շաբաթ, կիրակի արեւոտ օրեր էին:

Որ առջեւում գիշեր կա' հեչ, երկու քնաբեր ունեմ: Երկուսն էլ խմում եմ, որ շուտ ազդի:

 

Դրսում սովորելու մի ծրագիր կարելի է գտնել ու փախչել: Բա հո չեն տեսնելու` ոնց եմ մեռնում: Բա մամա՞ն: Որ սկսեմ ինձ վատ զգալ, ստիպելով բժշկի կտանի մաման: Հա, ճիշտը գնալն է:

 

Առավոտյան զարթնում եմ քրտինքի մեջ կորած: Ջերմություն ունեմ: Խոստովանում եմ` վախից է: Զանգում եմ Ուռուցքաբանականի բժշկին: Սա էլ, թե' ժամը 4-ին արի:

 

Ձե՞ռք է առնում: Մինչեւ չորսը ոնց եմ ապրելու: Գնում եմ 1-ին հիվանդանոց, պատահական մի բժշկի մոտ, ստուգում է ու ասում, որ ամեն ինչ կարծես նորմալ է, բայց անհրաժեշտ է սոնոգրաֆիա անել: Բժիշկը կոնսուլտացիայի համար գումար չի ուզում.«Ուրեմն` մի բան կա: Մտածում է' հեսա էնքան գումար ես ծախսելու: Խղճաց ինձ»:


Նստած սպասում եմ' մինչեւ հերթս հասնի: Մի տատիկ է կողքիս:

 

-Այ, բալա, դու ի՞նչդ ես ստուգում: Ջահել-ջիվան... Քոռանամ ես: Ուռուցք ունե՞ս: Քանի՞ տարեկան ես: Գոնե ամուսնացա՞ծ ես: Բա ինչի՞ ես մենակ եկել բժշկի: Վաղո՞ւց է մոտդ առաջացել: Ուսանո՞ղ ես, թե՞ ավարտել ես: Ջահել-ջիվան...

 

Տաաաա՛տ:

 

Առաջին անգամ հերթս չեմ զիջում, ինչքան էլ խնդրում են, թե' աշխատանքից ուշանում են: Աշխատանքը կսպասի, իսկ իմ մտքերն այնքան արագ են ինչ-որ պատկեր ստեղծում, որ չեմ հասցում ղեկավարել:

 

Բժշկի մոտ եմ: Ոչինչ չկա: Մկաններս են ձգված:

 

Զանգում եմ Ուռուցքաբանականի բժշկին.

 

-Պարոն, մի տասը րոպե կուշանամ, խնդրում եմ' մարդ չընդունեք: Գալու եմ անպայման:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ