կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-20 13:17
Աշխարհ

«Բռնապետերը չեն կարող Ֆրանսիա արտահանել իրենց գրաքննությունը». ֆրանսիական դատարանը մերժել է Ադրբեջանի հայցը

«Բռնապետերը չեն կարող Ֆրանսիա արտահանել իրենց գրաքննությունը». ֆրանսիական դատարանը մերժել է Ադրբեջանի հայցը

Երեկ` սեպտեմբերի 19-ին, Վերսալի վճռաբեկ դատարանն արտառոց հայցով որոշում է կայացրել և ուժի մեջ թողել 2017-ին Նանտերի դատարանի կայացրած որոշումը: Երկրի պատմության մեջ առաջին անգամ օտար պետությունը դատի էր տվել ֆրանսիացի լրագրողների. Ադրբեջանի իշխանությունները դատական հայց էին ներկայացրել 2015-ի սեպտեմբեր 27-ին Cash Investigation հեռուստահաղորդման ժամանակ իրենց հասցեին հնչած` «բռնապետություն», «բռնապետ», «աշխարհի ամենախիստ բռնապետություններից մեկը» ձևակերպումների համար և լրագրողներին մեղադրել դիֆամացիայի` անվանարկման մեջ: Ըստ Le Monde-ի` ֆրանսիական դատարանները Բաքվի հայցը վարույթ չեն ընդունել:

Հեռուստահաղորդման ժամանակ ցուցադրվել էր Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդի արտասահմանյան այցերի ընթացքում «կուլիսային հանդիպումների» մասին երկժամանոց ֆիլմ, որում հեղինակները` Լորան Ռիշարը, էլիզ Լյուսեն և այլք, մի քանի անգամ Իլհամ Ալիևը ռեժիմը որակում են որպես բռնապետական և հայտարարում, որ ամերիկյան պետդեպարտամենտի դիվանագիտական նամակագրության մեջ նշվում է, որ Իլհամ Ալիևը «կնքահայր է` երկիրը ղեկավարում է Կորլեոնեի նման»:

Ֆիլմի ցուցադրությունից 2 օր անց ֆրանսիացի փաստաբանը, ներկայացնելով Ադրբեջանի շահերը, դիֆամացիայի մասին հայց է ներկայացնում դատարան ընդդեմ France Télévisions խմբի նախագահի և ֆիլմը պատրաստած լրագրողների:

Վերսալի վճռաբեկ դատարանը վճռել է, որ 1881 թվականին ընդունված` մամուլի ազատության մասին օրենքի համաձայն` «օտար պետությունը չի կարող դիֆամացիայի մասին հայց ներկայացնել» Ֆրանսիայում:

Էլիզ Լյուսեի փաստաբանը հայտարարել է, որ Վճռաբեկ դատարանի որոշումը երաշխավորում է լրագրողների` արտահայտվելու ազատությունը, նրանք ազատորեն կարող են քննադատել չարաշահումները, որ իրականացնում են բռնապետերը: «Բռնապետերը չեն կարող Ֆրանսիա արտահանել իրենց գրաքննությունը»,- հավելել է Լորան Ռիշարի փաստաբանը: