|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքական դատարանը մերժել է հայտնի թուրք մտավորական, ակադեմիկոս Բասքըն Օրանի հայցը` ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Օրանը, ով ամիսներ առաջ բազմաթիվ մտավորականների հետ ստորագրել էր «Այս մեղքին հանցակից չենք դառնա» հայտարարության տակ, դատի էր տվել Էրդողանին` հայտարարությանը միացած մտավորականների հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:
Էրդողանը, տարբեր առիթներով անդրադառնալով քրդերի դեմ ռազմական գործողությունները դատապարտող մտավորականների քայլին, նրանց հասցեին բազմաթիվ վիրավորական արտահայտություններ էր օգտագործել` «ստոր», «սև մտավորականներ», «հայրենիքի դավաճան», «ավազակախումբ» և այլն:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` դատական նիստին մասնակցել են Օրանի և Էրդողանի փաստաբանները, ինչպես նաև հայցվոր Բասքըն Օրանը, ով դատարանի միջոցով Էրդողանից որպես բարոյական փոխհատուցում պահանջում էր 10.000 թուրքական լիրա (2.800 դոլար):
Էրդողանի փաստաբանը, սակայն, դատարանից պահանջել է մերժել հայցը` պատճառաբանելով, որ Էրդողանի արտահայտությունները պետք է դիտարկել որպես պատասխան ահաբեկչության սատարմանը, և դրանք վայելում են ժողովրդի մեծ մասի աջակցությունը: Արդյունքում դատարանը մերժել է Օրանի հայցը` համարելով, որ Էրդողանի խոսքերը չեն անցել խոսքի ազատության սահմանները: Նշվում է, որ Օրանը հնարավորություն ունի բողոքարկել դատարանի որոշումը: