կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-20 11:23
Աշխարհ

Թուրքական օրենքները չեն գործում ֆրանսիական հողի վրա. Մակրոնը կարգելի թուրքերենի ուսուցումն ու թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Թուրքական օրենքները չեն գործում ֆրանսիական հողի վրա. Մակրոնը կարգելի թուրքերենի ուսուցումն ու թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Թուրքական Yeni Şafak օրաթերթը գրում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չեղյալ կհայտարարի ֆրանսիական դպրոցներում օտար լեզուների դասավանդումը, որի նպատակը հատկապես թուրքերենի ուսուցման արգելումն է. հայտնում է Yerkir.am-ը:

«Ընդհանուր առմամբ Ֆրանսիան 2020 թ. սեպտեմբերից սկսած դպրոցներում չեղյալ կհայտարարվի օտար լեզուների դասավանդումը: Մի շարք երկրների հետ համաձայնություն կկնքվի մեր նոր կրթական համակարգի հիմքով: Եթե Թուրքիայի հետ համաձայնություն ձեռք չբերվի և նրանք չհամաձայնվեն մեր նոր համակարգի հետ, թուրքերեն բոլոր դասերին վերջ կտանք», - Մյուլուզ քաղաքում գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մակրոնը:

Մակրոնը նշել է, որ երկրում «մայրենի լեզվի ու մշակույթի ուսուցման» (ELCO)  շրջանակներում 80 հազար աշակերտի օտար լեզուներ է դասավանդվում. «Որպես Ֆրանսիայի նախագահ՝ ինձ անհանգստացնում է, որ պետությունը չի կարողանում վերահսկել հանրապետական դպրոցներում ուսուցանվող դասերը: Ուսումնական ծրագրերի հարցում մենք վերահսկողություն չունենք, և դա խնդիր է», - հայտարարել է Մակրոնը:

Ըստ Մակրոնի՝ արդեն մի քանի ամիս է բանակցություններ են տեղի ունենում Թուրքիայի, Մարոկոյի և Թունիսի հետ՝ դասերի վերջ տալու համար, իսկ այդ դասընթացները վարող ուսուցիչները պետք է ֆրանսերեն խոսեն, ենթարկվեն օրենքներին ու  ուսումնական ծրագրերին: Մակրոնը նշեց, որ արդեն 8 երկրի հետ համաձայնություն ձեռք բերվել է, միայն Թուրքիայի հետ չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ, և եթե այդեպես շարունակվի, ապա Ֆրանսիան ինքնուրույն կկազմակերպի թուրքերենի դասերը:

«Ֆրանսիայում ապրող թուրքերը իմ աչքում ֆրանսիացիներ են: Ցանկանում եմ, որ նրանք ֆրանսիացի լինեն: Ունենան այն իրավունքները, ինչ ունեն ֆրանսիացիները, ենթարկվեն նույն օրենքներին: Թուրքական օրենքներն այստեղ չեն գործում», - ասաց Մակրոնը:

Ֆրանսիացի նախագահը նաև անդրադարձավ թուրք իմամներին և մզկիթներին՝ նշելով, որ պետք է հատկապես պայքար մղել դպրոցներում և մզկիթներում օտարների միջամտությանը:

«Պետք է ուժեղացնել երկրում գործող կրոնական հաստատությունների օտար երկրներից  ֆինանսավորման վերահսկողությունը, թե որտեղից և ում կողմից է գալիս», - նշեց  Մակրոնը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ պետք է օրենք ընդունվի և արգելվի Թուրքիայից, Ալժիրից և Մարոկկոյից իմամների մուտքը երկիր: