կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-25 14:01
Աշխարհ

ԱՄՆ դատարանը մերժել է Թրամփի՝ Վիսկոնսինի ընտրությունների արդյունքները վերանայելու հայցը

ԱՄՆ դատարանը մերժել է Թրամփի՝ Վիսկոնսինի ընտրությունների արդյունքները վերանայելու հայցը

Չիկագոյում գտնվող ԱՄՆ յոթերորդ շրջանի վերաքննիչ դատարանը հինգշաբթի մերժել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի իրավաբանական թիմի կողմից Վիսկոնսինի նախագահական ընտրությունների արդյունքները վերանայելու հայցը: Դատարանը, որը քննում է Իլինոյս, Ինդիանա և Վիսկոնսին նահանգների գործերը, համոզիչ չի համարել Թրամփի փաստաբանների ներկայացրած փաստարկները. հաղորդում է Politico-ն:

Վերաքննիչ դատարանի երեք դատավորները մերժել են այն փաստարկները, թե Վիսկոնսինի ընտրական հանձնաժողովը իբր խախտել է ԱՄՆ Սահմանադրությունը, մասնավորապես՝ հեռակա քվեաթերթիկները հաշվելիս: Արտահայտելով իր գործընկերների ընդհանուր կարծիքը՝ դատավոր Մայքլ Սքադերն ասել է, որ այդ փոփոխություններն այնքան էական չեն, որ հակասեն նախագահական ընտրությունների կազմակերպման և անցկացման սահմանադրական պահանջներին: Այսպիսով՝ դատարանը անփոփոխ է թողել այնտեղ անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները՝ հաստատված պետական մարմինների կողմից, ըստ որոնց՝ հաղթանակը շնորհվել է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենին:

Politico-ն նշել է, որ Վիսկոնսինում դատական հայցը չշահելը Թրամփի իրավաբանական թիմի բազմաթիվ իրավական պարտությունների հերթական դեպքն է ընտրությունների արդյունքները վիճարկելիս, այսպես կոչված, տատանվող նահանգներում, որտեղ Բայդենը հաղթել է նվազ առավելությամբ: Թերթը մասնավորապես նշել է, որ յոթերորդ շրջանի վերաքննիչ դատարանի բոլոր երեք դատավորները «Հանրապետականի նշանակածներ» են, ուստի չէին կարող կողմնակալ լինել հանրապետական Թրամփի անունից ներկայացված հայցի քննարկման հարցում: