Փոխարժեքներ
13 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.31 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.81 |
GBP | ⚊ | £ 502.43 |
GEL | ⚊ | ₾ 138.84 |
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ` շարունակվում են նախընտրական քարոզարշավներն ու քննարկումները Երևան քաղաքի տարբեր ոլորտներում առկա խնդիրների վերաբերյալ։ Այսօր «Մեդիա կենտրոն»-ում քննարկումն ուղղված էր Երևան քաղաքի դիմագծի և քաղաքաշինության խնդրին։ Հանդիպման ընթացքում տարբեր քաղաքական կուսակցություններից և դաշինքներից առաջադրված` ավագանու անդամության թեկնածուները ներկայացրեցին առաջնահերթ խնդիրներն ու առաջարկեցին տարբեր լուծումներ։
Անդրադառնալով թեմային` ՀՅԴ-ի կողմից առաջադրված թեկնածու Արգիշտի Գևորգյանը շեշտը դրեց Երևանում ավտոկայանատեղիների կառուցման խնդրին: «Մենք ունենք ավտոկայանատեղիների կառուցման անհրաժեշտություն, որի լուծման համար առաջարկում ենք կառուցել ստորգետնյա և վերգետնյա ավտոկայանատեղիներ»,- նշեց նա։
Ըստ Գևորգյանի` Երևան քաղաքի շինարարական խնդիրներն առաջացել են այն բանից, որ քաղաքը չի ունեցել հստակ հեռանկար, թե ուր է գնում, և հարկավոր է մշակել հատուկ ռազմավարություն, թե հարյուր տարի հետո մեր քաղաքն ինչպիսին կլինի, իսկ դրա համար անհրաժեշտ է թիմային հսկայական աշխատանք։
Բանախոսներն անդրադարձան նաև բակերում ավտոկայանատեղիների, կցակառույցների վերացման խնդրին։ ՀՅԴ թեկնածուն ասաց, որ իրենք այս հարցի վերաբերյալ ունեն շատ կոշտ դիրքորոշում: «Մեր ծրագրերում կան կետեր, որոնց նպատակն է մանրամասնորեն ուսումնասիրել և քննել, թե որ բակերում և ինչ միջոցներ են անհրաժեշտ կցակառույցներն ապամոնտաժելու և քանդելու համար»,- հայտնեց Գևորգյանը։
«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Արսեն Կարապետյանը խոսեց բազմահարկ բնակելի շենքերի կառուցման խնդրից` նշելով, որ դա գլոբալ խնդիր է, և լուծումը քաղաքաշինական կառավարման սկզբունքը փոխելն է: «Պետք է աշխատել այնպես, որ ներդրողը կարողանա իր հաշվարկները կատարել և հասկանա` որ մասում է անհրաժեշտ շինություն կառուցել։ Եվ որպեսզի խուսափենք բնակիչների և ներդրողների միջև հնարավոր կոնֆլիկտից, պետք է ունենալ քաղաքի ընդհանուր զարգացման ռազմավարություն»,- նշեց նա։
Ըստ «Լույս» դաշինքից ավագանու թեկնածու Անի Սամսոնյանի` առաջնահերթ խնդիրը Երևանում՝ փոքր կենտրոնում, բեռնաթափման անհրաժեշտությունն է: «Սա խոսում է այն մասին, որ Երևանում համայնքային համաչափ զարգացման կառավարումն արդյունավետ չի գործել»,- նշեց նա։ Անի Սամսոնյանն առաջարկեց ստեղծել համապատասխան օրենսգիրք, որով կարգելվի կենտրոնում բազմաբնակարան շենքերի կառուցումը։