կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-11 13:52
Քաղաքական

Ինչ սցենար սպասենք Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպումից․ ռազմական փորձագետի պարզաբանումը

Ինչ սցենար սպասենք Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպումից․ ռազմական փորձագետի պարզաբանումը

Այսօրվա եռակողմ հանդիպումից ոչ մի լավ բան չի կարելի սպասել։ Մինչեւ հիմա ինչ գործընթաց, որ գնացել է, չկա մի կետ, որ գործել է ի նպաստ Հայաստանի. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպմանը:

«Բոլոր գործընթացները գնացել են ի վնաս հայության։ Սահմանների ճշգրտման հարցը երկար, աշխատատար պրոցես է, մինչդեռ այս ուղղությամբ տեսնում ենք սիրողական մակարդակի գործընթացներ։ Ճշգրտումներն արվում են՝ թշնամու շահերից ելնելով։ Եթե Փաշինյանը սա է այսօր Մոսկվայում կայանալիք հանդիպմանը ամրագրելու, նշանակում է՝ հերթական պարտվողական, թշնամուն հանձնվելու գործընթացն է»,- նշեց ռազմական փորձագետը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե պետական ու ծառայողական գաղտնիք է ռազմական գործողությունների ժամանակ զոհված եւ անհետ կորած զինծառայողների իրական թիվը։ Դիտարկմանը՝ այս հարցը բավականին խնդրահարույց եւ խոցելի է, ի՞նչ ծառայողական գաղտնիքի մասին է խոսքը, երբ հասարակությունը մտահոգված է իր զինվորի ճակատագրով, Արթուր Եղիազարյանը պատասխանեց, որ ինքը եւս անհասկանալի է համարում նման մոտեցումը։

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ կարելի է տրամաբանություն տեսնել, եթե մարտական գործողություններ են ընթանում, եւ տվյալները չհրապարակելը բխում է երկրի անվտանգությունից։ «Կարծում եմ՝ իրական թվերը չեն ցանկանում հրապարակել՝ վախենալով հանրության վրդովմունքից։ Այստեղ գաղտնիք ես չեմ տեսնում։ Հանրությունը պարտավոր է իմանալ»,-ընդգծեց Եղիազարյանը։

Անդրադառնալով ռազմագերիների վերադարձի խնդրին՝ նա շեշտեց. «Այս հարցում սխալը գնացել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ժամանակ, երբ առաջին կետում նախապայման չդրվեց՝ կոնկրետ ժամկետներով գերիների վերադարձի հարցը։ Տարածքները պարտաճանաչ տալուց առաջ առաջին հերթին պետք է գերիների հարցը լուծվեր։ Ես չեմ տեսնում Հայաստանի բարձրագույն իշխանությունների կողմից ռազմագերիների վերադարձի հարցում տարված լուրջ աշխատանք, դրա վերաբերյալ հաշվետվություն հանրությանը չի երեւում։ Օրեր առաջ մարդիկ են հայտնաբերվել անտառներից։ Ադրբեջանցիները անտառներից հայ զինվորներ են հայտնաբերում՝ սպանում։ Մեր տղերքը 2 ամիս, փաստորեն, կարողացել են ինչ-ինչ ձեւով ողջ մնալ։ Թե այս ուղղությամբ որոնողական աշխատանքներն ինչպե՞ս են կազմակերպվում, հասարակությունը տեղյակ չէ»,- նշեց ռազմական փորձագետը։

Լիանա Սարգսյան