կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-09-03 13:17
Տնտեսական

Շաքարի շուկայում երկրորդ ձեռնարկությունն ունենալու աշխատանքներ ենք տանում. Արծվիկ Մինասյան

 Շաքարի շուկայում երկրորդ ձեռնարկությունն ունենալու աշխատանքներ ենք տանում. Արծվիկ Մինասյան

Ամենակարևոր գործողություններից մեկը ձեռնարկել և մասնակցել ենք հարկային բարեփոխումներին. նախարարության գործունեության 100 օրն ամփոփելիս ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով` ընդամենը 15 օրվա ընթացքում տեղի է ունեցել շուրջ 16 հանդիպում: «Հինգ հարյուրի հասնող ներկայացվածություն է եղել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ, և դրա հիման վրա առաջարկություններ են մշակվել:  Առաջարկությունները, վարչապետի ղեկավարությամբ քննարկման վերջնական արդյունքներով, կներառվեն հարկային բարեփոխումների փաթեթում»,- ասաց Մինասյանը:

Նա ընդգծեց, որ առևտրի և ծառայությունների ոլորտում են կատարվել բավական լուրջ աշխատանքներ: «Ամենաառարկայականը  տոնավաճառներում մոտ 20% ծառայությունների գների իջեցումն էր, որտեղ մեր նախարարության դերակատարությունը եղել է չափազանց մեծ, եթե չասեմ` հիմնական»,- ասաց նախարարը և տեղեկացրեց, որ օրենսդրական փոփոխություններ են պատրաստել որոնք պետք է հստակեցնեն տոնավաճառների կազմակերպիչների և այդ տոնավաճառներում գործունեություն իրականացնող սուբյեկտների իրավահարաբերությունները:

Մինասյանը նշեց, որ բոլոր տիպի տոնավաճառների կողմից ներկայացվող առաջարկությունները հրապարակային առաջարկություն են դիտարկում: «Խաղի կանոնն ի սկզբանե պետք է պարզ լինի, որ որևէ տոնավաճառի կազմակերպիչ չմտածի` մի սուբյեկտի հետ կարող է մի պայմանավորվածություն ունենալ, մեկ այլի հետ` այլ»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` սուպերմարկետների մասով ևս օրենսդրական նախաձեռնություն ունեն: «Ֆեյսբուքյան հանրության կողմից ունենք կառուցողական առաջարկություններ, բայց ուզում եմ ասել` սոցիալապես զգայուն ապրանքատեսակաների մասով ապրանքների տարանջատման քաղաքականությունն ենք ներդնում: Գերիշխող դիրք ունեցող սուբյեկտները, որոնք մեծածախ ներմուծմամբ են զբաղվում կամ արտադրությամբ, նրանք մանրածախ շուկայում չեն կարող մասնակցել, կամ մասնակցելու որոշակի, հստակ խաղի կանոններ ենք արձանագրելու»,- հայտնեց Մինասյանը և հավելեց. «Շաքարի շուկայում երկրորդ ձեռնարկությունն ունենալու աշխատանքներ ենք տանում»: