|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կենտրոնական բանկը դրամի արժեզրկում կանխելու համար այս տարվա նոյեմբերին օգտագործել է մոտավորապես 135 միլիոն դոլար: Մեր երկրի միջազգային պահուստները մեկ ամսվա ընթացքում հենց այդքանով են նվազել, իսկ ահա տարեսկզբի համեմատ` միջազգային պահուստներն արդեն նվազել են մոտավորապես 700 միլիոն դոլարով: Հունվարի 2.2 միլիարդ դոլարի փոխարեն, այժմ մեր միջազգային պահուստները 1.5 միլիարդ են: Հաշվի առնելով ԿԲ որդեգրած նոր քաղաքականությունը` միջազգային պահուստները մինչև տարեվերջ դեռ կշարունակեն նվազել:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի կարծիքով` միջազգային պահուստների ճակատագրով անհանգստանալ դեռևս պետք չէ: «Միջազգային պահուստները պետք է ապահովեն ներկրման ծավալի 3 ամսվա ցուցանիշը, և այս տեսանկյունից մեր պահուստները գտնվում են բավարար մակարդակի վրա: Ու այնպես էլ չէ, որ միջազգային պահուստների չափից շատ լինելը լավ է, քանի որ այդ գումարը ԿԲ-ն քաշում է տնտեսությունից: Այստեղ կարևորն այն է, որ ունեցած միջազգային պահուստները պետք է նպատակային օգտագործվեն»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:
Կենտրոնական բանկը օրական 6 միլիոն դոլարի վաճառք է իրականացնում շուկայում` փորձելով զսպել դրամի արժեզրկումը, բայց ԿԲ-ին դա անել այնքան էլ չի հաջողվում, քանի որ դոլարը շարունակում է իր վերելքը: Արծվիկ Մինասյանի կարծիքով` եթե ԿԲ-ն չիրականացնի այդ միջամտությունը, դրամի արժեզրկումը ավելի մեծ տեմպերով տեղի կունենա:
«ԿԲ-ի այս քայլն ուղղված է սպեկուլյատիվ միջամտությունները կանխելուն և խուճապահար մթնոլորտը վերացնելուն, սակայն այս գործիքը կարճաժամկետ բնույթ է կրում, և հետագայի` երկարաժամկետ հեռանկարի համար Կենտրոնական բանկը պետք է ներկայացնի նոր դիրքորոշում` թողնելո՞ւ է լողացող փոխարժեքի քաղաքականությունը, թե՞ կարգավորման այլ գործիքներ է կիրառելու»,- ասաց նա:
Պատգամավորը դեռևս վաղ է համարում ԿԲ-ի նման գործելակերպին գնահատական տալը, առավել ևս` արդյունքերի մասին խոսելը: Շուկայում խուճապային տրամադրությունները շարունակվում են: Արծվիկ Մինասյանը նշում է, որ եթե օրական 6 միլիոն դոլարի վաճառքը, այնուամենայնիվ, չփրկի դրամը արժեզրկումից, ապա Կենտրոնական բանկը պետք է մեծացնի ինտերվենցիայի ծավալը` 6 միլիոն դոլարի փոխարեն առավել շատ արտարժույթ վաճառքի հանելու եղանակով: