կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-15 14:59
Մշակույթ

«Նռան գույն»-ից դուրս մնացած կադրերով ֆիլմ կնկարեն. Կինոկենտրոնի նոր ծրագրերը

«Նռան գույն»-ից դուրս մնացած կադրերով ֆիլմ կնկարեն. Կինոկենտրոնի նոր ծրագրերը

Տեղեկացրել էինք, որ Հայկական կինոյի ժառանգության իրավունքները փոխանցվել են «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ հանդիսացող Հայկական ազգային կինոկենտրոնին:

Կինոկնետրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այժմ իրավական մի շարք հարցեր ունեն լուծելու, քանի որ պարզվել է, որ որոշ պայմանագրեր կան կնքված ինչ-որ ընկերությունների հետ՝ այս կամ այն ֆիլմի ցուցադրման համար: «Օրինակ, պարզվել է՝ մի կազմակերպության հետ 50 տարվա պայմանագիր կա ֆիլմերի ցուցադրության համար: Բացի այդ՝ YouTube-ում մեր ֆիլմերն են տեղադրված՝ շատ անորակ, պետք է նաև հեղինակային իրավունքների խնդիրը լուծենք»,-ասաց նա:

Կինոկենտրոնի տնօրենի խոսքով՝ ահռելի աշխատանք ունեն կատարելու՝ եղած ժապավենները վերականգնելու և հանրայնացնելու հետ կապված: Միրզախանյանը նշեց նաև, որ բրիտանացի պրոդյուսեր Դենիել Բըրդի ու Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ մշակվել է մի ծրագիր, ըստ որի՝ մինչև 2024թ. կվերականգնվեն, կհանրայնացվեն ու պահպանության հարցերը կլուխվեն հայկական կինոյի ողջ ժառանգության: «Բըրդն առաջարկեց Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի թվայնացմամբ էլ սկսենք մեր աշխատանքները: Ի դեպ, Բըրդն ինքն է հոգում ֆիլմերի վերականգման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը: Այսպիսով՝ առաջին փուլով մենք կթվայնացնենք Համո Բեկնազարյանի 10 ֆիլմերը, հետո՝ հայկական դասական 10 ֆիլմ կթվայնացվի: Ի դեպ, կստեղծվի հատուկ խորհուրդ, որն էլ կզբաղվի ֆիլմերի ընտրությամբ»,-ասաց Կինոկենտրոնի տնօրենը:

Վերջինիս խոսքով՝ սա դեռ ամենը չէ. առաջիկայում նախատեսվում է վավերագրական ֆիլմ նկարել Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից դուրս մնացած կադրերով: Միրզախանյանը տեղեկացրեց, որ 103 տուփ ժապավեն կա, որը չի օգտագործվել ֆիլմում. յուրաքանչյուր ժապավեն 10 րոպե տևողությամբ է: «Ճիշտ է, կան ճապավեններ, որ ամբողջությամբ օգտագործված չեն, սակայն բավական մեծ ծավալի կադրեր ունենք մեր ձեռքի տակ: Նախատեսում ենք նաև հարցազրույց անել «Նռան գույնի» այն հերոսների հետ, ովքեր այժմ ողջ են: Բըրդը սեպտեմբերին Հայաստան կգա և միասին կորոշենք ֆիլմի նկարահանման հետ կապված մանրամասները: Ֆիլմի երաժշտությւոնը կգրի Տիգրան Մանսուրյանը: «Նռան գույնի» չօգտոգործված կադրերը պետական արխիվում են պահվում»,-ասաց Միրզախանյանը:

Ըստ նրա՝ Բըրդի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ մի շարք երիտասարդներ կգործուղվեն Լեհաստան՝ ֆիլմերի վերականգման ընթացքին ծանոթանալու, սովորելու, քանի որ Կինոկենտրոնի տնօրենը նպատակ ունի այստեղ էլ ֆիլմերի վերականգնման լաբորատորիա ունենալ: «Ամենաթանկ պրոցեսը ֆիլմերի վերականգնումն է: Մենք հասկանում ենք, որ պետության վրա մեծ բեռ կլինի, որպեսզի դրանց ֆինանսավորման հարցը լուծի, դրա համար էլ մենք դիմում ենք այս կամ այն ֆոնդերին՝ համագործակցելու»,-նշեց Միրզախանյանը: