Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս տարի նշում ենք Լաչինի` ներկայիս Բերձորի ազատագրման 20-ամյակը, որի առթիվ էլ այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Բերձորի (Լաչին) ազատագրման մասին պատմող «Միացում» ֆիլմի երեւանյան պրեմիերան:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ֆիլմի բեմադրող ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Սամվել Թադևոսյանը նշեց, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները տեւել են 7 ամիս, իսկ ֆիլմի տեւողությունը 50 րոպե է: Ի դեպ, այն արդեն ցուցադրվել է Բերձորում եւ Ստեփանակերտում:
«Մեր հիմնական նպատակը Արցախի պատմությունը ներկայացնելն է: Ուշագրավ է այն փաստը, որ ֆիլմի երաժշտության հեղինակը 16-ամյա մի պատանի է, որի հիանալի երգեր է գրում»,- ասաց Թադեւոսյանը` հավելելով, որ ֆիլմը փաստերով հակադարձում է ադրբեջանական սուտ տեղեկատվությանը, թե հայերը Լաչինում կոտորած են արել: «Առաջին անգամ օգտագործվել է Ադրբեջանի ազգային հերոս, ռազմական լրագրող Չինգիզ Մուսթաֆաեւի` 16-րոպեանոց տեսանյութը, որում նշվում են ադրբեջանցի գնդապետների անունները, ովքեր հրաման են տվել լքել Լաչինը: Ազատագրման պահին Լաչինը դատարկ է եղել»,- նշեց ռեժիսորը:
Ֆիլմի համար օգտագործվել են 5 օպերատորների փաստագրական կադրեր: Սամվել Թադեւոսյանը նույնպես, Դուշման Վարդանի վաշտի կազմում, անձամբ տեսել ու նկարահանել է նոր ազատագրված Լաչինը. «Այդ պահին Լաչինում ամեն ինչ կար, բացի թուրքերից, այնպես որ` թող սուտ տեղեկություններ չտարածեն»: Նախագծի հեղինակ Տիգրան Մանասյանն էլ նշեց, որ ֆիլմը բաղկացած է երկու մասից, որոնք մանրամասն ներկայացնում են Արցախի պատմությունը: «Ֆիլմը նախ հայ հանդիսատեսի համար է, քանի որ յուրաքանչյուրս պարտավոր ենք իմանալ մեր պատմությունը: Այն այժմ ունի հայերեն եւ ռուսերեն տարբերակներ, սակայն առաջիկայում նախատեսում ենք թարգմանել նաեւ անգլերեն եւ թուրքերեն»,- ասաց Մանասյանը` հավելելով, որ ֆիլմի միջոցով իրենք նաեւ ցույց են տալիս, որ հայերի ձեռքերը արյան մեջ թաթախված չեն. «Մենք պատրաստ ենք երկխոսել»: Նախատեսվում է, որ ֆիլմը կմասնակցի ԱՄՆ «Արփա», Կանադայի` «Նուռ» եւ մեր` «Ոսկե ծիրան» կինոփառատոներին: