կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-14 17:27
Մշակույթ

«Նռան գույնը» Կաննում ներկայացվել է որպես ուկրաինակա՞ն ֆիլմ

«Նռան գույնը» Կաննում ներկայացվել է որպես ուկրաինակա՞ն ֆիլմ

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմը կցուցադրվի Կաննի 67-րդ փառատոնի հետահայաց ծրագրի շրջանակում: Ուշագրավ է, որ ֆիլմը ներկայացվել է որպես ուկրաինական ֆիլմ: «Նռան գույնը» վերականգնվել է «L’immagine Ritrovata»-ի կողմից՝ «Film Foundation-World Cinema Project»-ի ֆինանսավորմամբ:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշեց, որ արդեն մեկ տարի է` իրենք համագործակցում են այդ հիմնադրամի հետ, և նրանք նման բան անել չէին կարող:

 

«Այդ հիմնադրամի ներկայացուցիչները եղել են Հայաստանում, զրուցել «Նռան գույնը» ֆիլմի կոմպոզիտորի և նկարչի հետ: Մենք արդեն իսկ հերքել ենք ու հայտարարել, որ ֆիլմը մերն է, իսկ Կաննի կինոփառատոնին ո՛չ Հայաստանն է ներկայացրել ֆիլմը, ո՛չ Ուկրաինան, այլ Մարտին Սկորսեզեի ֆոնդը, որը զբաղվում է դասական ֆիլմերի վերականգնմամբ, և մեզ համար ուղղակի պատիվ է, որ այս անգամ հենց Փարաջանովի ֆիլմն է վերականգնվել: Ի դեպ, ֆիլմը վերականգնվել է հենց Սկորսեզեի նախաձեռնությամբ»,- ասաց Գևորգյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ ֆիլմի հեղինակային իրավունքն ամբողջովին պատկանում է Հայաստանին:

 

Նշենք նաև, որ Կաննի 67-րդ կինոփառատոնը տեղի կունենա մայիսի 14-25-ը: