Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օգոստոսի 8-ին Լճաշենում նշվեց համայնքի վերաբնակեցման 190 ամյակը, որին մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, մարզպետի տեղակալներ Նարեկ Գրիգորյանը և Անուշավան Ղազարյանը:
Հյուրերին համայնքում դիմավորեցին աղ ու հացով: Հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառմանը իրենց գեղարվեստական կատարումներով բովանդակություն հաղորդեցին համայնքի կրթամշակութային հաստատությունների երգի, պարի խմբերը, ցուցադրական ելույթներով ներկայացան Լճաշենի մազադպրոցի տարբեր բաժինների սաները:
Համայնքային զբոսայգում, տաղավարների միջոցով դպրոցականները ցուցադրեցին իրենց ձեռագործ և նկարչական աշխատանքները, առանձին տաղավարներ հյուրերին հրավիրեցին ազգային ավանդական ուտեստներ ու քաղցրավենիքներ համտեսելու: Գեղարքունիքի մարզպետը դիտեց ներկայացված աշխատանքները, զրուցեց դրանց հեղինակների և լճաշենցիների հետ: Տոնակատարության հանդիսավոր մասն ուղեկցվեց համայնքի մասին պատմող բազմահարուստ տեղեկությունների ներկայացմամբ, տարբեր ելույթների և շնորհավորանքների ուղեկցությամբ:
«Հարգելի լճաշենցիներ, հյուրեր, դպրոցականներ: Շնորհավորում եմ բոլորիդ Լճաշենի 190 ամյա հոբելյանի առթիվ: Լճաշենը մեր մարզի ամենակազմակերպված և քիչ հիմնախնդիրներ ունեցող համայնքներից մեկն է: Ես ցանկանում եմ, որ Լճաշենում ձեռքբերումները կրեն շարունակական բնույթ: Ես հպարտանում եմ այս համայնքի համախմբվածությամբ, համայնքային խնդիրների լուծման ուղղությամբ բնակիչների ցուցաբերած կամքի և վճռականության համար: Լճաշենը իր պատմամշակութային արժեքներով ճանաչված է ինչպես հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ես կարծում եմ, որ այս համայնքը զբոսաշրջության զարգացման առումով ունի և ի զորու է իր առջև բացել մեծ հեռանկարներ: Այս գյուղը ծնել ու սնել է մեծ հեղինակություն ու ճանաչում վայելող մարդիկ: Հաջողություն եմ ցանկանում ձեզ բոլոր ձեռնարկներում»,-իր շնորհավորանքի խոսքում նշեց Իշխան Սաղաթելյանը: Տոնակատարությունն ընթացավ ուրախ երգ ու պարի մթնոլորտում և հյուրասիրությամբ: Այն եզրափակվեց հրավառությամբ:
Գեղարքունիքի մարզպետարանի լրատվության բաժին