կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-13 21:43
Հասարակություն

Աժ-ում վերաբնակեցման հարցն են բարձրացրել

Աժ-ում վերաբնակեցման հարցն են բարձրացրել


Արցախի վերաբնակեցման հարցը միշտ էլ եղել է հասարակության ուշադրության կենտրոնում, հատկապես նույն վերաբնակեցվող գյուղերի բնակիչների, ովքեր թերեւս այդ ոլորտում իրականացվող աշխատանքների ամենալավ գնահատական տվողներն են: Թե ինչ ձեռքբերումներ եւ թերացումներ կան ոլորտում` կարող է ասել ցանկացած վերաբնակիչ:

Վերաբնակեցման հաջորդ տարվա ծրագրերի մասին վերջերս Ազգային ժողովում պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հարց է բարձրացրել պատգամավոր Վարդգես Բաղրյանը: Ի պատասխան սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը տեղեկացրել է, որ ծրագրերի իրականացումը նախատեսվում է նաեւ բարեգործական միջոցների հաշվին, ինչի ուղղությամբ  այժմ աշխատանքներ են տարվում: Ընդհանուր առմամբ, նախարարի տեղեկացմամբ, պետբյուջեով  նախատեսված է 200 վերաբնակ ընտանիքների համար սոցիալ-կենցաղային վարկերի տրամադրում:

Այն, որ վերաբնակեցման գործընթացում եղել եւ կան թերացումներ` Ղարաբաղում ոչ ոք չի էլ թաքցնում, քանի որ այդ մասին բազմիցս խոսվել է նաեւ ամենաբարձր մակարդակով: Ամեն անգամ այդ հարցին անդրադառնալիս իշխանությունները նշում են, որ պետական միջոցները բավարար չեն վերաբնակեցման համար, եւ որ խնդիրը համազգային ջանքերով պետք է լուծել: Խոսքը վերաբերում է վերաբնակիչների համար բնակարանների կառուցման, նրանց տեղափոխման եւ այլ հարցերին, սակայն նույն շրջաններում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման համար ոչ մեծ գումարներ են անհրաժեշտ կամ ընդհանրապես գումարներ չեն պահանջվում, սակայն հարցերը մնում են չլուծված:

Չլուծված խնդիրների շարքում էր նաեւ վերաբնակիչների բնակարանների սեփականաշնորհման հարցը, որը վերջին շրջանում փորձում են լուծել իշխանությունները. արդեն սկսվել է վերաբնակեցման ծրագրի շրջանակում մինչեւ 2008 թվականի հունվարի 1-ը կառուցված, պետական սեփականություն հանդիսացող, սակայն իրավունքը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության կամ չպահպանվելու պատճառով իրավունքի պետական գրանցում չստացած բնակելի տների նկատմամբ պետության սեփականության իրավունքների պետական գրանցման աշխատանքները: