կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-17 13:30
Հասարակություն

Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցը նշեց իր 50-ամյակը (լուսանկարներ)

Պետրոս Ղևոնդյանի անվան դպրոցը նշեց իր 50-ամյակը (լուսանկարներ)

Պռոշյան ավանում հանդիսավորությամբ նշվեց Արցախյան ազատամարտի հերոս Պետրոս Ղևոնդյանի անունը կրող դպրոցի հիմնադրման 50-ամյակը:

Դպրոցի տնօրեն Մարիամ Պետրոսյանի նախաձեռնությամբ` դպրոցում հավաքվել էին բոլոր տարիների ուսուցիչներն ու շրջանավարտները` նշելու հարազատ կրթօջախի հոբելյանը: Միջոցառումը սկսվեց ցուցահանդեսի բացումով, որտեղ ներկայացված էին դպրոցի շնորհալի աշակերտների ստեղծագործությունները: Այնուհետև ներկաները մասնակից եղան Գագիկ Ծառուկյանի ջանքերով կահավորված կրտսեր դասարանի բացման արարողությանը:

Բացման խոսքում դպրոցի տնօրենը նշեց, որ կրթօջախն այս տարիների ընթացքում տվել է բազմաթիվ շրջանավարտներ, որոնցից շատերն այսօր անվանի մարդիկ են` գիտության, կրթության ու առողջապահության ոլորտներում: Դպրոցը անմասն չի մնացել նաեւ Արցախյան ազատամարտից: Շրջանավարտներից շատերը ազգի պատիվն ու անկախ ապրելու իրավունքը գերադասեցին անձնական կյանքից` ներգրավվելով հերոսամարտում: Այդ հերոսներն են` Կարոտ Մկրտչյան, Պետրոս Ղևոնդյան և այլք:

Հենց դաշնակցական Կարոտի և Պետոյի շնորհիվ էր, որ կազմավորվեցին Պռոշյանի մարտական ջոկատները, նրանց եռանդուն ջանքերով էր, որ կազմավորվեց Շուշիի առանձնակի գումարտակը և նրանց անմիջական հրամանատարությամբ էր, որ ամբողջ ազատամարտի ընթացքում գումարտակը մարտնչեց ամենադժվարին տեղերում և տարածքներ ազատագրեց: Հենց նվիրյալ ազատամարտիկների շնորհիվ է, որ մեր պետությունը դարձավ պաշտպանված և հաղթանակած է դիմավորում Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակը: