Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս օտար լեզուների՝ այս դեպքում անգլերենի դասավանդման հարցերին: Այսօր աշխարհի կարևորագույն թեմաների բովանդակությունն անգլերենն է, և այդ բովանդակությանը հաղորդակցվելու ուղիղ ճանապարհը նույնպես անգլերենն է»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր անգլերենի խորացված ուսուցման արարողակարգային հուշագրի ստորագրման ժամանակ:
Հաշվի առնելով ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում օտար լեզուների դասավանդման որակի բարձրացումը, ուսումնակրթական հետազոտական ռեսուրսներից օգտվելու, ժամանակակից աշխարհի հետ ազատ հարաբերվելու կարևորությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Արայիկ Հարությունյանի, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն՝ ի դեմս հիմնադրամի փոխտնօրեն Իննեսա Գրիգորյանի կնքել են արարողակարգային հուշագիր:
Համաձայն հուշագրի՝ ԱՄՆ դեսպանության անգլերենի ուսուցման Access միկրոկրթաթոշակային ծրագրով Հայաստանի մարզերում 2 տարի տևողությամբ կկազմակերպվեն անգլերենի խորացված ուսուցման արտադպրոցական ինտենսիվ պարապմունքներ: Այս նորացված նախաձեռնությամբ մարզային 15 համայնքների 13-18 տարեկան 500 աշակերտներ անգլերենի իմացության կատարելագործման ու առաջնորդման հմտությունների զարգացման հնարավորություն կունենան: Պարապմունքները կանցկացվեն հանրակրթական դպրոցների շենքերում կամ համայնքային կենտրոններում, ինչպիսին է օրինակ՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզում:
«Ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերում, հատկապես գյուղական համայնքներում, նախատեսվող միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի կատարելագործել մասնակիցների անգլերենի իմացությունը և զարգացնել անգլերեն լեզվի ուսուցիչների կարողությունը: «Կարևորում եմ կրթության ոլորտում նման համագործակցությունը և անգլերենի ուսուցման որակի ապահովմանն ուղղված ԱՄՆ դեսպանության ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի աջակցությունը: Ծրագրի իրականացումը կարող է հարթակ ստեղծել դպրոցներում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների նպատակային վերապատրաստման գործընթացներն առավել արդյունավետ իրականացնելու համար», - ասել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Սա իրապես գործընկերություն է, որի ներքո երեք կազմակերպություն՝ Դեսպանությունը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը և Նախարարությունը մեկտեղել են իրենց ջանքերը, որպեսզի մարզերի երեխաներն ավելի լավ տիրապետեն անգլերենին: Վստահ եմ, որ իրենց նոր գիտելիքներն ու հմտությունները նրանք կօգտագործեն կյանքի բարելավման, համայնքների հզորացման և երկրի զարգացման գործում: Հպարտ եմ, որ մենք կարող ենք շարունակել այս կարևոր նախաձեռնությունը, քանզի մերօրյա գլոբալ շուկայական միջավայրում անգլերենը շատ մեծ կարևորություն ունի», - նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ծրագրի իրականացմանն ուղղվող 411.000 ԱՄՆ դոլարը, որը ներառում է ԱՄՆ դեսպանության կողմից հատկացվող 300.000 ԱՄՆ դոլարը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից տրվող 111.000 ԱՄՆ դոլարը` կապահովեն ծրագրի իրականացումը մինչև 2021թ.: Սա Հայաստանում 2011թ. մեկնարկած ԱՄՆ դեսպանության անգլերենի ուսուցման Access միկրոկրթակթոշակային ծրագրի նոր փուլն է: Մինչ այժմ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և մեկ այլ գործընկեր ՝ Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից իրականացված աշխատանքների արդյունքում այս ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներին մասնակցել են 580 հայ դպրոցական:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը կրթությունը դիտարկում է որպես երիտասարդների ներուժի խթանման ու շարունակական կատարելագործման շարժիչ ուժ: Այս առումով անգլերենի ուսուցումը մեր հիմնադրամի կրթական ծրագրերի անբաժանելի մասն է, և այսօր մենք ուրախությամբ ԱՄՆ դեսպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ նշանավորում ենք մեկ այլ խոշոր ձեռքբերում»,-ընդգծել է հիմնադրամի փոխտնօրեն Իննեսա Գրիգորյանը:
ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած ստորագրման արարողությանը ներկա են եղել նաև Access ծրագրի ընթացիկ փուլի մասնակիցներ ու շրջանավարտներ: