Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև նախօրեին Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությանը:
Նախարարը, մասնավորապես, նշելց. «Ժամանակին, երբ օմբուդսմենը նոր էր ընտրվել, ես բավական մեծ աջակցություն եմ ցուցաբերել նրան, երբ ցանկանում էր դառնալ հանրային հնչեղություն ունեցող անձնավորություն: Ցավում եմ, որ նրա գործունեության մեջ PR-ը սկսում է հաղթել բովանդակությանը: Եթե օմբուդսմենն իր համար նոր է բացահայտում, որ հանրապետությունում առկա են կարիքավոր դպրոցներ, ապա ցավում եմ դրա համար, քանի որ, ՀՀ քաղաքացի լինելով, նա պարտավոր էր դրա մասին իմանալ ի սկզբանե: Պարտադիր չէ լինել օմբուդսմեն` իմանալու համար, որ դպրոցներում խնդիր կա: Իսկ մասնագիտական աշխատանքի թերությունը նույնպես ակնհայտ էր: Իհարկե, այդ դպրոցը ԿԳՆ ենթականության է, և մենք գիտենք այդ խնդիրները` առանց իր շոուների: Երևի բարդույթավորված է մնացել ԱԺ-ի վերջին քննարկումներից հետո, սակայն ԿԳՆ-ն այն դաշտը չէ, որտեղ կարելի է վերականգնել խարխլված հեղինակությունը: Հատկապես` եթե մասնագիտական առումով դիտարկեր և հասկանար, որ պետական գերատեսչությունների միջև պարտավորություններ կան կատարելու, ապա ահազանգը պետք է ուղարկեր այլ գերատեսչություն: Շենք-շինությունների համար պատասխանատուն, ընդհանուր առմամբ, կառավարությունն է, սակայն գերատեսչական մասով` ՀՀ քաղաքաշինության նախարարությունը: Նշեմ, որ այսօր հանրապետությունում վերանորոգման կարիք ունի շուրջ 400 դպրոց, ուստի օմբուդսմենի աշխատակազմի համար ամեն օր այն կարող է դառնալ մամուլի հաղորդագրության կամ սերիալի թեմա:
Առհասարակ, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մշտապես գտնվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ուշադրության կենտրոնում, որի ապացույցն է համընդհանուր ներառականության անցմանն ուղղված քաղաքականությունը, երեխայի կրթության աջակցության եռաստիճան` մանկավարժա-հոգեբանական համակարգի ներդրումը, առկա խնդիրների նկատմամբ բաց և թափանցիկ հանրային լայն քննարկումների իրականացումը»:
Հիշեցնենք, որ երեկ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեսյանն ահազանգել էր, որ ծայրահեղ վատ պայմաններում է գտնվում ԿԳՆ ենթակայության տակ գտնվող Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցը‚ որտեղ սովորում է առողջական կամ տեսողական լուրջ խնդիրներ ունեցող 209 երեխա‚ որոնցից 80-ը գիշերում են այնտեղ:
«Օմբուդսմենը դեռեւս անցյալ տարի տեղեկացրել էր նախարար Արմեն Աշոտյանին հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին‚ սակայն ակնհայտ է‚ որ այս մեկ տարվա ընթացքում անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել խնդիրների լուծման ուղղությամբ: Դպրոցի տանիքը վթարված է‚ առաստաղների եւ պատերի վրա կան ճեղքեր‚ շատ պատուհաններ չունեն ապակիներ‚ վնասված է մանրահատակը: Տեսողական խնդիրներ ունեցող երեխանների համար նախատեսված հաստատության մի շարք ննջարաններ եւ դասասենյակներ զրկված են լուսավորումից‚ քանի որ չկան էլեկտրական լամպեր: Բացի այդ` առկա են բազմաթիվ բաց հոսանքալարեր‚ որոնք վտանգավոր են 6-16 տարեկան երեխաների կյանքի եւ առողջության համար: Մարզադահլիճի վատ ջեռուցման պատճառով երեխաները բաճկոններով են մասնակցում դասին: Երեխաների մի մասը գիշերում է հաստատությունում‚ եւ նման պարագայում խնդրահարույց է‚ որ դպրոցը չունի լոգանքի համար տարրական պայմաններ: Դպրոցում պատշաճ պահպանված չէ նաեւ սննդի տրամադրման կարգը: Օմբուդսմենի ներկայացուցիչներն արձանագրել են‚ որ ինչպես նախորդ տարի‚ այս տարի եւս պատշաճ չի իրականացվում դեղորայքի տրամադրման գործընթացը: Խիստ մտահոգիչ է այն փաստը‚ որ տեսողության խնդիրներ ունեցող երեխաներին չեն ապահովում հատուկ դասագրքերով»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: