Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոունը հարցազրույց է տվել ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի՝ կառավարության հետ հարաբերությունների գծով տնօրեն Րաֆֆի Գարագաշյանին: Զրույցի ընթացքում նա, Արցախի մշակույթի և արցախցիների նկատմամբ ունեցած հիացմունքից բացի, խոսել է նաև Միացյալ Նահանգների կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ մի շարք սահմանափակումների վերացման անհրաժեշտության մասին:
Քաղաքական գործիչն այն կարծիքին է, որ իշխանություններն անընդհատ փորձում են վախեցնել Արցախ գնալ ցանկացողներին: «Եվ ակնհայտ է, որ եթե նրանք փորձում են վախեցնել ինձ ու իմ կոնգրեսական գործընկերներին, ապա նույնն անում են նաև մասնավոր անձանց և գործարարների պարագայում»,- ընդգծել է կոնգրեսականը:
Բացի այդ` Փալոունն անդրադարձել է մարտի սկզբին ներկայացված բանաձևին, որի նպատակն է ստիպել ԱՄՆ իշխանություններին` չեղարկել Արցախ մեկնելու և ազատ հաղորդակցվելու բոլոր սահմանափակումները: «Այդ սահմանափակումներն իմաստազուրկ են, քանի որ մենք պետք է փորձենք հնարավորինս շատ շփումներ ունենալ արցախցիների հետ այնտեղի ժողովրդի ու կառավարության հետ առնչվելու նպատակով»,- շեշտել է կոնգրեսականը՝ միաժամանակ հավելելով, որ Արցախը գործող ժողովրդավար երկիր է, որն ունի շուկայական տնտեսություն, ինչով շատ նման է ԱՄՆ-ին և, առհասարակ, Արևմուտքի երկրներին:
Փալոունի կարծիքով` եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա երկրների միջև կլինի ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական համագործակցություն, սակայն քանի դեռ գործում են ամերիկյան կողմի սահմանափակումները, համագործակցությունն անօգուտ է:
Զրույցի ժամանակ կոնգրեսականը նաև հիշեցրել է, որ վերջերս դիմել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հարցերով հանձնաժողովին կոչով, ըստ որի` 2020թ. բյուջեի նախագծի շրջանակում Արցախի Հանրապետությանը տրամադրվելիք օգնության չափը պետք է ավելացնել:
«Շրջափակման և այլ պետությունների, այդ թվում` նաև մեր կողմից չճանաչված լինելու փաստը վտանգում է Արցախի տնտեսությունը: Մինչդեռ ԱՄՆ-ի օգնությունն Արցախի ճանաչմանն ուղղված ևս մի քայլ կլինի: Իմ կողմից ուզում եմ անել հնարավոր ամեն բան, որպեսզի ցույց տամ, որ այդ երկիրն իրական և ժողովրդավար է, գործում է մնացած մյուս երկրների նման, և տնտեսական աջակցությունն ու ճանաչումը շատ կարևոր են նրա համար»,- մանրամասնել է Փալոունը՝ հավելելով, որ Արցախին և Հայաստանին արտասահմանյան օգնության չափն ավելացնելու վերաբերյալ բաց նամակն արդեն ստորագրել է 32 օրենսդիր:
Փալոունն ամերիկացի կոնգրեսականների շրջանում Արցախ կատարած ուղևորությունների թվով ռեկորդակիր է և այժմ անհամբեր սպասում է հաջորդ այցի հնարավորությանը: «Ես միշտ վերադառնալու ցանկություն ունեմ: Ցանկանում եմ, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը կարգավորվի, և Արցախը շարունակի ապրել` որպես անկախ երկիր, կամ` եթե հանրաքվե անցկացվի, ապա դառնա Հայաստանի մաս: Սակայն վերջնական նպատակը`Արցախը մնա հայկական ու ճանաչվի որպես այդպիսին՝ կա՛մ որպես հանրապետություն, կա՛մ որպես Հայաստանի մաս: Ես առհասարակ սիրում եմ այն ամենը, ինչ հայկական է, և Արցախն այս առումով հայկականի մարմնավորումն է»,- նշել է կոնգրեսականը:
Հարցազրույցը` տեսանյութում: