կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-19 14:25
Քաղաքական

Եթե ձեզ թվում է, որ իմ անելիքն առավոտից իրիկուն դարդ անելն է, թե` էս ինչ կադր նշանակեցի, դա այդպես չէ. ՊԵԿ նախագահ

Եթե ձեզ թվում է, որ իմ անելիքն առավոտից իրիկուն դարդ անելն է, թե` էս ինչ կադր նշանակեցի, դա այդպես չէ. ՊԵԿ նախագահ

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցոմ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադարձավ լրագրողների այն հարցին, թե իր կադրային քաղաքականությունը տարակուսանք է առաջացնում հանրության շրջանում, քանի որ ՊԵԿ-ում պաշտոններ են զբաղեցնում նախկին իշխանությունների օրոք ոչ մաքուր աշխատանքային գործունեություն ծավալած մարդիկ: Մասնավորապես` լրագրողները հետաքրքրվեցին Բագրատաշենի մաքսակետի պետի պաշտոնում Արթուր Գասպարյանի նշանակումով, քանի որ, ըստ մամուլի հրապարակումների, նա Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյովիկ) քրոջ որդին է, մասնագիտական առումով պատրաստված չէ և նախկինում 3 դրվագով անցել է կաշառքի գործով:

ՊԵԿ նախագահը նշեց, որ Արթուր Գասպարյանը Ալրաղացի Լյովիկի քրոջ որդին չէ, հնարավոր է` հեռավոր ազգակցական կապ ունի նրա հետ: «Նրա հետ կապված ծառայողական քննություն եմ նշանակել: Ծառայողական քննությունը կպարզի` այդ մարդու` այդպիսի «որակական» վերապահումները տեղին են, թե` ոչ: Ընդհանուր առմամբ, կադրերը շատ են, կադրերը կան, կարևորն այն չէ, թե մենք ինչ որոշումներ ենք ընդունում, կարևորն այն է` մենք մեր որոշումների գերին ենք մնում, թե` ոչ: Եթե տեսնում ենք, որ մեր ընդունած որոշումներում կան վերապահումներ, մենք ընդունում ենք հակառակ որոշումները և անցնում առաջ: Եթե ձեզ թվում է, որ իմ անելիքն առավոտից իրիկուն դարդ անելն է, թե` էս ինչ կադր նշանակեցի, դա այդպես չէ: Իմ անելիքը հարկային վարչարարությամբ պետական բյուջեի եկամուտներն ապահովելն է, հարկային ու մաքսային քաղաքականություն իրականացնելն է: Դուք գնահատեք մեր աշխատանքը, ոչ թե` Անանյանը լավ կադրային քաղաքականություն է վարում, թե` ոչ: Եթե ձեզ թվում է, որ մենք պետք է բերենք անձանց, ովքեր պետք է լինեն բացարձակապես մաքուր ու հրեշտակի թևերով, այդպիսի բան չի լինում: Սա այն համակարգն է, որը պետք է անընդհատ ինքնամաքրմամբ զբաղվի: Եթե մեր նշանակած կադրերը սխալ վարքագիծ են դրսևորում, ապա մենք պետք է ազատվենք այդ կադրերից: Ոչ ոք անսխալական չէ: Դու գնահատեք ՊԵԿ-ի աշխատանքը, ոչ թե` կադրային քաղաքականությունը»,- ասաց ՊԵԿ նախագահը: