Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 10-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում սպանված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ` 19-ամյա Գագիկ Մեսրոպյանին Սյունիքի մարզի Տեղ գյուղում բոլորն էին սիրում: Տղան աչքի է ընկել իր գիտելիքներով, վարքով, ընկերասիրությամբ:
Գագիկը տան միակ երեխան էր: Նրա մայրը՝ 57-ամյա Հրանուշ Մելքոնյանը, ապրում է ծանր սոցիալական պայմաններում, հոդերի հետ կապված խնդիրներ ունի և ի վիճակի չէ տեղաշարժվել: Գագիկի հայրը՝ Առուշ Մեսրոպյանը, մահացել է 2 տարի առաջ՝ թոքերի հիվանդությունից:
Զինծառայողի հարազատները պատմում են, որ տղան դպրոցն ավարտելուց հետո իր ուժերով ընդունվել էր Գորիսի պետական համալսարան և առաջին կուրսից զորակոչվել բանակ: Գագիկը մտադիր էր բանակից վերադառնալուց հետո հեռակա ուսուցմամբ շարունակել կրթությունը, որպեսզի աշխատեր և հոգ տաներ մոր մասին: «Ասում էր՝ մա'մ ջան, գամ, կփոխեմ հեռակա, կաշխատեմ, տները կսարքեմ, ուրիշից կախում չենք ունենա»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գագիկի մայրը:
Տիկին Հրանուշը հայտնեց, որ որդու հետ վերջին անգամ խոսել է դեպքի նախորդ օրը՝ մայիսի 9-ի առավոտյան: «Զանգեց, մի բառ է ասել՝ մա'մ, զարյադկեն նստում ա, լավ եմ, մի մտածի, 2 օր հետո կզանգեմ»,- պատմեց մայրն ու հուզված շարունակեց. «Որ թուրքի գյուլլա դիպած լիներ, էդքան սրտիս դարդ չէր լինի»:
Նշենք, որ Գագիկ Մեսրոպյանի սպանության կասկածանքով ձերբակալված նրա ծառայակից` 19-ամյա Արման Հակոբյանը` Տեղի հարևան՝ Հարթաշեն գյուղից: Հարազատները պատմեցին, որ մի անգամ այդ զինվորի միջոցով Գագիկին պետք է ծանրոց ուղարկեին, սակայն չեն ուղարկել, և որ այդ տղային չեն ճանաչում:
«Մենք մեր մեջ իրար ուտում ենք ու չենք գիտակցում, որ մենք մեզ ենք դավաճանում»,- ասաց Գագիկի հորաքույրը: Նա խոսքով՝ Գագիկը գոհ էր ծառայությունից, բայց որևէ բան չէր պատմում: «Բերանը խուփ երեխա էր, միշտ գոհ, միշտ լավ էր տրամադրված եղել ծառայության հանդեպ»,- ասաց նա:
Հարազատների նպատակը դեպքի ամբողջական բացահայտումն է: Նրանք համոզված են, որ մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում:
Թագուհի Մելքոնյան