կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-08 15:40
Քաղաքական

ՄՄ ներդրողների համար սեփական շուկան գրավիչ դարձնելը Հայաստանի անելիքն է

ՄՄ ներդրողների համար սեփական շուկան գրավիչ դարձնելը Հայաստանի անելիքն է

Թե ով պետք է Հայաստանում ներկայացնի Մաքսային միության էությունը, այստեղ հարկավոր չէ հեծանիվ հայտնաբերել, այլ ուղղակի պետք է նայել, թե ինչպես են աշխատում արեւմտամետները. Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան, «Կասպյան համագործակցության ինստիտուտի» տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն:

 

Նա նշեց, որ արեւմտամետները հիանալի աշխատանք են տանում ու հիանալի կողմնորոշվում են ստեղծված իրավիճակներում: Դրանք, ըստ Վյաչեսլավ Կովալենկոյի, այն հասարակական կազմակերպություններն ու մարդիկ են, որոնք Հայաստանում ակտիվ քարոզչական աշխատանքներ են տանում, այն ինֆորմացիոն կառուցվածքներն են, որ Եվրամիության ու ԱՄՆ-ի փողերով լուրջ քարոզչություն են իրականացնում, հատկապես` երիտասարդության շրջանում:

 

«Ես ուզում եմ կանգ առնել մի հարցի վրա. Հայաստանի որոշումը' միանալ ՄՄ-ին, դրականորեն է ընդունվել Ռուսաստանի տնտեսական, քաղաքական եւ հասարակական շրջանակների կողմից: Դա չի նշանակում, թե ամբողջ Ռուսաստանը ցնցված է այդ որոշումից, բայց քաղաքական, հասարակական ու տնտեսական շրջանակների մտածող ու ակտիվ հատվածը, իհարկե, հասկանում է Հայաստանի այս որոշման քաղաքական կարեւորությունը»,- նշեց Կովալենկոն:

 

Այնուհետեւ նախկին դեսպանը երկար փորձեց բացատրել, թե ինչ օգուտներ Հայաստանին կարող է բերել Մաքսային միությանն անդամակցությունը` նշելով ներդրումների, մաքսատուրքերի վերացման, գազի ու նավթամթերքի էժանացման, ռազմատեխնիկական համագործակցության եւ այլնի մասին: Վյաչեսլավ Կովալենկոն, իհարկե, չմոռացավ շեշտել նաեւ, թե որքան դրամական փոխանցումներ են ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցներից կատարվում դեպի Հայաստան եւ որքան մեծ նշանակություն ունի ռուսական աշխատաշուկան Հայաստանի համար:

 

«Նույնիսկ Եվրոպան չի կարող առաջարկել այլ այլընտրանք աշխատաշուկային, որ Հայաստանի աշխատանքային էմիգրանտները գտնում են Ռուսաստանում»,- շեշտեց Վյաչեսլավ Կովալենկոն:

 

Նա ասաց, որ ՄՄ-ին անդամակցությունը Հայաստանի ստրատեգիական ընտրությունն էր, որ ՄՄ անդամ երկրները ՄՄ-ից վերցնում են այն, ինչ իրենց ազգային շահն է թելադրում, եւ Հայաստանն էլ կվերցնի այն, ինչ կհամապատասխանի իր ազգային շահերին: Իսկ Հայաստանից, նշեց նախկին դեսպանը, սպասում են ակտիվ դիրքորոշման ցուցաբերում, որը շատ կարեւոր պահ է, քանի որ ոչ ոք Հայաստանին չի դրդի, այլ Հայաստանն ինքնուրույն պետք է այնպես անի, որ իր շուկան առավել գրավիչ դառնա ՄՄ անդամների ներդրողների համար, այդ թվում` նաեւ ռուսաստանցի: