Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե չբարձրացնենք դատավորների պատասխանատվության հարցը, ապա մեր ակնկալած որակի արդարադատություն չենք ունենա. այսօր ԱԺ-ում դատական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
«Առավոտից իրիկուն դատավորների համար սեմինարներ անենք, գիշեր-ցերեկ կոնֆերանսներ անենք, վերապատրաստենք, չգիտեմ ինչեր անենք` արդյունք չի տալիս, արդյունքը չի բավարարում մեր ակնկալիքները»,- ասաց նա՝ կարևորելով ՄԻԵԴ որոշումների արդյունքում դատավորներին պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների ներդրման հարցը:
Կոստանյանի խոսքով՝ դատական օրենսգրքով նախատեսվող կարգավորումների արդյունքում ՄԻԵԴ որոշումների հիման վրա արձանագրված խախտման փաստը հիմք է հանդիսանալու դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար: «Մենք անուղղակիորեն դատավորի վրա պարտավորություն ենք դրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով նախատեսված դրույթները կատարելու համար»,- ասաց նա:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե խախտման փաստի դեպքում կոնկրետ ո՞ր ատյանի դատավորն է պատասխանատվության ենթարկվելու:
«Որպեսզի ՄԻԵԴ-ը քաղաքացու կողմից ներկայացված գանգատը ճանաչի ընդունելի, անձը պետք է սպառած լինի ներպետական պաշտպանության բոլոր միջոցները, այսինքն` հարցը պետք է բարձրացրած լինի բոլոր երեք ատյաններում (Առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաներում): Առաջին ատյանում մեկ դատավոր է, Վերաքննիչում` երեք, իսկ Վճռաբեկում դատավորների 2/3-ը մերժում է գործը վարույթ ընդունել: Այս դեպքում ո՞ր դատավորն է ենթակա պատասխանատվության»,-հետաքրքրվեց Զեյնալյանը:
Կոստանյանը պատասխանեց, որ եթե ինչ-որ գործով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը Վերաքննիչն ու Վճռաբեկ դատարանները թողնեն անփոփոխ, և եթե Եվրոպական դատարանը խախտում արձանագրի, ապ երեք ատյանի դատավորներն էլ պետք է համաչափ պատասպանատվության ենթարկվեն՝ իրենց կատարած խախտման համամասնությամբ: