Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի կարծիքով` Տարոն Մարգարյանի հրաժարականի ձգձգումը պայմանավորված էր նրանով, որ նա իր բոլոր գործընկերների նման, ովքեր արդեն հեռացել են, չէր տիրապետում իրավիճակին: Այս մասին նա հայտարարեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: «Նա չէր հավատում, չէր պատկերացնում, որ ամեն ինչ վերջացած է, դա էր պատճառը և ցանկությունը` այդ սենյակում մեկ օր ավելի մնալ»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին` ՀՀԿ թիմի որոշո՞ւմն էր Մարգարյանի հրաժարականը, նա պատասխանեց. «Դուք կարծում եք` Հանրապետականում թիմ կա՞ ձևավորված: ՀՀԿ-ն վերջերս բազմիցս ապացուցել է, որ այնտեղ թիմ չկա, կան թևեր, որոնք մեկը մյուսին ծեծում են ՀՀԿ գրասենյակում, որոնք տարբեր թիմերի ու մարդկանց են ներկայացնում: Երևի Տարոն Մարգարյանն ինքն իր թիմն ունի, ինչպես ունեն մնացած կարկառուն հայտնի դեմքերը: Որոշում չի եղել, դա իր որոշումն է եղել»:
Yerkir.am-ի հարցին` ե՞րբ է կանխատեսում Երևանի ավագանու ընտրություններ, և արդյո՞ք, եթե լինեն նոր ընտրություններ, ինքը կառաջադրվի, Սիմոնյանը պատասխանեց. «Իմ առաջադրվելու մասին խոսելը հիմա սխալ եմ համարում, որովհետև այն ժամանակ, երբ ես դրա մասին խոսում էի, ավագանու անդամ էի և փորձում էի ստեղծված իրավիճակում, բնական է, քաղաքական թիմի հետ համաձայնություն ունենալով, իրավիճակին լուծում տալ: Տեսաք, որ անօրինական կերպով ինձ ավագանու անդամությունից զրկեցին, իսկ հիմա դրա մասին խոսելը սխալ է, որովհետև կա նոր իրավիճակ, որը ենթադրում է Երևանի ավագանու նոր ընտրություններ»:
Ինչ վերաբերում է նոր ընտրություններին, ապա Սիմոնյանն ասաց, որ օրենքով երկու սահմանված ձև կա: «Երեք ամիս ավագանին նիստ չի անում և դրանից հետո ցրվում է: Քաղաքապետի հրաժարականից հետո` երեք օրվա ընթացքում, արտահերթ նիստ է հրավիրվում, որը վարում է Կամո Արեյանը` որպես առաջին տեղակալ: Դրանից հետո` 15 օրվա ընթացքում, առաջադրումներ են լինում, և նոր քաղաքապետի ընտրություններ են լինում: Եթե քաղաքապետի մեկ թեկնածու է լինում, ապա 27 ձայնով ընտրվում է, եթե 2 թեկնածու և ավելի է լինում, ապա պարզ մեծամասնությամբ է ընտրվում: Բայց ես ենթադրում եմ, որ այդ թեկնածուները կա'մ չեն լինի, կա'մ չեն ընտրվի: Դրանից մոտավորապես 65 օր հետո մենք կունենանք Երևան քաղաքի նոր ավագանու ընտրություններ»,- բացատրեց նա:
Սիմոնյանը նաև ասաց, որ ո'չ «Ելք» դաշինքը, ո'չ ՔՊ-ն չեն քննարկել թեկնածու ունենալու հարցը, և երբ քննարկեն, կտեղեկացնեն: «ՔՊ թիմի յուրաքանչյուր անդամ հաջողությամբ կարող է իրականացնել այդ լիազորությունները»,- կարծիք հայտնեց նա: