կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-01 00:04
Իրավական

Իշխանությունը գնում է Սահմանադրական մարմնի լիազորությունների կրճատման՝ արագացված ռեժիմով. որն է հրատապության պատճառը. Տարոն Սիմոնյան

Իշխանությունը գնում է Սահմանադրական մարմնի լիազորությունների կրճատման՝ արագացված ռեժիմով. որն է հրատապության պատճառը. Տարոն Սիմոնյան

Ըստ գործող Սահմանադրության` Ազգային ժողովին իրավունք է վերապահված Սահմանադրության որոշ հոդվածներում կատարել սահմանադրական փոփոխություններ՝ առանց հանրաքվեի, սակայն այդ փոփոխությունները պետք է ուղարկվել ՍԴ՝ դրան սահմանադրականության հարցը պարզելու համար։ Եւ միայն դրական եզրակացություն ստանալու դեպքում կարող է այն ընդունվել եւ համապատասխան փոփոխություններ կատարվել Սահմանադրության մեջ։

Մինչդեռ խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորը մշակել ու շրջանառության մեջ է մտցրել օրենսդրական մի փաթեթ, որով առաջարկվում է ԱԺ-ին իրավունք վերապահել՝ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարել կամ փոփոխությունների փաթեթը հանրաքվեի դնել՝ առանց ՍԴ-ի եզրկացության։ Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի եթերում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Հովակիմյանի կողմից շրջանառության մեջ է դրված օրենսդրական նախաձեռնությանը, որով փոփոխություններ են առաջարկում «ԱԺ կանոնակարգ» օրենքում։

Նա նշեց, որ այս նախաձեռնությամբ ստեղծվում է մի իրավիճակ, որ սահմանադրական մարմնի լիազորությունների հետ կապված չափազանց արագացված ռեժիմով փոփոխություն են կատարվում։

«Ո՞րն է այս հրատապության, արտահերթ նիստով այս ամենը կազմակերպելու իմաստը։ Մի՞թե վաղը-մյուս օրը մենք սահմանադրական փոփոխություններ ենք կատարելու, չէ՞ որ նոր է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը ձևավորվել և այն ամիսների աշխատանք ունի անելու, ի՞նչ կարիք կար այս հրատապությունը»,-ասաց Սիմոնյանը՝ անհասկանալի համարելով նշված հրատապությունը։

Լրագրողի դիտարկմանը, որ փորձագետների կարծիքով իշխանությունը մտադիր է Սահմանադրության կոնկրետ հոդված փոխել, որը փոփոխության ենթակա չէ ու դրանով ՍԴ-ի հարցը լուծել՝ Սիմոնյանը պատասխանեց. «Միանշանակ այդ մտավախությունը կարող է լինել, բայց կոնկրետ այս նախագծով ՍԴ նախագահի հարց չի բարձրացվում։ Սրանով սահմանադրական մարմնի լիազորությունների կրճատում է տեղի ունենում, նաև ՀՀ նախագահի մասով»։