կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-08 13:45
Քաղաքական

Մի՞թե քաղաքացու օր նշելով՝ չենք ցանկանում ընդգծել մեր դերն ու նշանակությունը. Տարոն Սիմոնյան

Մի՞թե քաղաքացու օր նշելով՝ չենք ցանկանում ընդգծել մեր դերն ու նշանակությունը. Տարոն Սիմոնյան

Ելույթից հետո հնարավոր է հարձակման ենթարկվի, բայց պետք է ներկայացնի իր մտահոգությունը. «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթում նշեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Առաքինի է այն մարդը, որն իր առջև նպատակ է դնում և հասնում այդ նպատակներին: Կրկնակի առաքինի է այն մարդը, որն այդ հաղթանակի պտուղները կիսում է այլոց հետ: Եվ երիցս առաքինի է այն մարդը, որն այդ հաղթանակների մեջ կարողանում է հաղթահարել ինքն իրեն և անընդհատ չձգտել փառքի ու դափնու: Մի՞թե մենք, քաղաքացու օր նշելով, ցանկանում ենք ընդգծել քաղաքացու այն կատարելատիպը, որը միշտ երազել ենք: Մի՞թե այս որոշումն ընդունելով՝ չենք ցանկանում ընդգծել մեր դերն ու նշանակությունը այն գործում, որ անցած գարուն կատարվեց: Եվ եթե այդպես է, ուրեմն չենք կարողացել քաղաքական հասունացման  այն մակարդակի հասնել, որ մի փոքր համբերենք, որպեսզի  գուցե այդ ինքնահաղթահարման պրոցեսը նաև մեր միջով անցնի և մեր փոխարեն մեր կատարած գործերի համար որոշումներ կայացնենք ոչ թե մենք՝ ինքներս, այլ հետագայում՝ հինգ, տասը տարի հետո այս նույն դահլիճում նստած մարդիկ: Չէ՞ որ մենք չէ, որ պետք է գնահատական տանք այդ գործերին: Եթե այդքան առաքինություն ունենք և կարողանում ենք հաղթահարել մեր հաղթանակներն ու բարձրանալ մի քայլ ավելի բարձր, ուրեմն միգուցե ժամանակ խնայենք մեզ համար և թույլ տանք այդ որոշումների ընդունումն այլոց»,- նշեց պատգամավորը:

Նա իր միտքն ամփոփեց  Մուշեղ Իշխանի «Տապանագիր» բանաստեղծության վերջին քառատողով`

«Երբ որ շահիս բազում գանձեր ու հաղթանակ
Եվ ճակատիդ դնեն ոսկի փառապսակ,
Հիշե, որ նախ փառքի դափնին ե՛ս ստացա
Եվ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա»:

Ավելի ուշ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ապրիլի վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու տոն նշելու մասին օրենքի նախագիծը:

Քվեարկությունից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ ԼՀԿ-ն որոշել է բաց թողնել այս հարցի քվեարկությունը։

Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 5:

Նախագծի` երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կկայանա 24 ժամվա ընթացքում: