կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-24 13:54
Քաղաքական

Տարոն Մարգարյանը գնացել է այդ քայլին, որ ձերբազատվի ինձանից. Ալեն Սիմոնյան

Տարոն Մարգարյանը գնացել է այդ քայլին, որ ձերբազատվի ինձանից. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Տարոն Մարգարյանն իրեն ավագանու մանդատից զրկելու քայլին գնացել է ոչ թե իրավական հիմքերից ելնելով, այլ որպեսզի ձերբազատվի իրենից Երևանի քաղաքապետարանում:

«Փաստացի, ինձ հնարավորություն չի տրվել, որ ես կարողանամ ընտրություն կատարել: Տարոն Մարգարյանը դա արել է` օրենքի բոլոր հնարավոր և անհնար ծուղակներն ու հնարավորություններն օգտագործելով»,- ասել է նա:

Սիմոնյանի խոսքով` ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանը խուճապի մեջ է: «Բայց դա չի  փրկելու: Ես ավելի համառ ձևով զբաղվելու եմ Երևանի խնդիրներով, և դուք դա շատ շուտով կտեսնեք: Արել եմ դա միշտ, նույնիսկ` երբ քաղաքական գործունեությամբ չէի զբաղվում»,- նշել է նա:

Սիմոնյանը հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել մայիսի 30-ին կայանալիք` ավագանու նիստին: «Խնդրել եմ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությանը` ինձ հնարավորություն տալ մասնակցելու մայիսի 30-ին կայանալիք նիստին: Ցավոք, այս պահին, որպես ավագանի, չեմ կարող մասնակցել այդ նիստին, բայց ես կմասնակցեմ այդ նիստին»,- նշել է նա: 

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր առավոտյան Կենտրոնական ընտրական հանձնաժողով արձանագրություն է ուղարկել՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից:

Yerkir.am-ի հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանի` ավագանու անդամի լիազորությունները դադարեցված են, և որ ԿԸՀ-ին մնում է  միայն որոշել թափուր մանդատի ճակատագիրը:

Հիշեցնենք նաև, որ մոտ մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած` «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին հայտարարել էր պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին և դիմում ներկայացրել ԱԺ նախագահին։ Սիմոնյանը յոթնօրյա ժամկետում իրավունք ունի ետ վերցնելու պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը: