կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-22 19:20
Հասարակություն

Բազմաթիվ դպրոցներ քաղաքական ազդեցություններից զերծ չեն մնացել, և դա անթույլատրելի է.Արայիկ Հարությունյան

Բազմաթիվ դպրոցներ քաղաքական ազդեցություններից զերծ չեն մնացել, և դա անթույլատրելի է.Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում այսօր հանդիպում է ունեցել ԿԳՆ ենթակայության և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ոլորտային հիմնահարցերին, ներկայացրել իր սկզբունքները՝ հանրակրթության ոլորտի ապաքաղաքականացման, կոռուպցիոն ռիսկերի և բովանդակային խնդիրների վերաբերյալ: Իր ելույթում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ երկրում իրավիճակ է փոխվել, և դպրոցներն ու դրանց ղեկավարներն այլևս աշխատելու են նոր իրողության պայմաններում.

«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն ուսուցիչներին և տնօրեններին, ովքեր այս տարիների ընթացքում զերծ են պահել համակարգն ու դպրոցը քաղաքական տարբեր ազդեցություններից: Այդ մարդկանց գործը նշանակալի է: Սակայն բազմաթիվ դպրոցներ քաղաքական ազդեցություններից զերծ չեն մնացել, և դա անթույլատրելի է: Դպրոցից դուրս ցանկացած ուսուցիչ և տնօրեն իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, յուրաքանչյուր ոք կարող է լինել այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչ: Այդ իրավունքը ձեզանից չեն վերցնում, բայց քաղաքական ազդեցությունը որևէ կերպ պետք է չարտահայտվի դպրոցի ներսում: Ինքս կուսակցական եմ, սակայն վստահեցնում եմ, որ որևէ մեկը համակարգում չի զգալու իմ կուսակցական ազդեցությունը: Այսուհետ որևէ տնօրեն և ուսուցիչ դպրոցում չի կարող զբաղվել որևէ իշխանավորի, օլիգարխի, պատգամավորի և քաղաքական գործչի քարոզչությամբ: Այս երևույթը կանխվելու և պատժվելու է օրենքի ուժով»,- հայտարարել է ԿԳ նախարարը: