կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-31 13:04
Քաղաքական

Մենք զերծ ենք մնացել որևէ լծակ օգտագործելու գայթակղությունից. Ռուստամյան

Մենք զերծ ենք մնացել որևէ լծակ օգտագործելու գայթակղությունից. Ռուստամյան

ՀՅԴ համապետական ցուցակը գլխավորող` ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց նախընտրական քարոզարշավը: Նրա խոսքով՝ Դաշնակցությունն այն քաղաքական ուժն է, որը որևէ վարչական լծակ չի օգտագործել ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:

«Մենք զերծ ենք մնացել գայթակղությունից` օգտագործել որևէ լծակ: Ժողովրդավարական ընտրություններ ունենալու համար լուրջ հիմքեր ենք ստեղծել, չնայած նրան, որ վարկանիշային թեկնածուների մեծ թիվը և, առհասարակ, վարկանիշային ընտրակարգը մեր սրտով չէր: Սա կոմպրոմիսի արդյունք էր, բայց ասում ենք, որ բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու տարբերակը մի քիչ նսեմացվել է այս ընտրակարգով»,- ասաց Ռուստամյանը՝ հավելելով, որ իրենք խնդիր են դրել ժողովրդին բացատրել, որ չի կարելի գերդաստանային կապերի միջոցով գնալ ընտրությունների:

Հարցին՝ առաջիկա խորհրդարանում ՀՅԴ-ն պայքարելո՞ւ է ռեյտինգային ընտրակարգի դեմ, և քննարկումներ լինելո՞ւ են այս առնչությամբ ՀՀԿ-ի հետ,  նա պատասխանեց, որ այդ ընտրակարգին դեմ են նաև այլ քաղաքական ուժեր: «Մենք հենց սկզբից ենք ունեցել քննարկումներ ՀՀԿ-ի հետ: Մեր գործընկերները տեղյակ են, որ մենք սրան դեմ ենք, հենց հարմար առիթ եղավ, մենք այս խնդիրը կրկին բարձրացնելու ենք: Բոլոր քաղաքական ուժերն էլ դեմ են խոսել ռեյտինգային ընտրակարգին»,- նշեց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ ստեղծված է մի իրավիճակ, որ իշխանության վերարտադրություն չլինի: «Իշխանությունների վերարտադրության համար երկու հիմք կար` մեծամասնական ընտրակարգը, բացակաների, ուրիշների փոխարեն քվեարկությունները, որոնք լցոնումների, կարուսելների հնարավորություն էին տալիս, և սա բերում էր նրան, որ լինում էին ուռճացված թվեր: Այս ընտրություններին մասնակցությունը լինելու է շատ ավելի քիչ, որովհետև ուրիշների փոխարեն քվեարկություն չի լինելու: Մենք այդ երկու ռեսուրսներից զրկել ենք իշխանություններին»,- ասաց Ռուստամյանը: