կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-11 13:15
Քաղաքական

Արմատական խախտումները, որոնք անթույլատրելի են ժողովրդավարական հասարակությունում, տեղի են ունեցել նախընտրական փուլում. Դ. Հարությունյան

Արմատական խախտումները, որոնք անթույլատրելի են ժողովրդավարական հասարակությունում, տեղի են ունեցել նախընտրական փուլում. Դ. Հարությունյան

Սահմանադրական դատարանում այսօր շարունակվում է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությունը։ Այժմ բացատրություններով հանդես է գալիս «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, Արդարադատության նախկին նախարար  Դավիթ Հարությունյանը։

Նա իր խոսքի սկզբում նշեց, որ  «Ժամանակակից ժողովրդավարական երկրներում ընտրությունները կազմակերպվում և անցկացվում են համընդհանուր ճանաչում  գտած սկզբունքներին համապատասխան։ Դրանք են՝ ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի սկզբունքները։

Գտնում ենք, որ  Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություննրը տեղի են ունեցել այդ սկզբունքներից երկուսի՝  հավասարության և ազատության սկզբունքների կոպտագույն և շարունակական խախտումներով, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա՝ հանգեցնելով  ժողովրդավարության սահմանադրական հիմնարար սկզբունքի ոտնահարմանը»,- ասաց նա։

Հարությունյանի խոսքով, բազմաթիվ խախտումներ տեղի են ունեցել  քվեարկության օրվա ընթացքում, սակայն նպատակահարմար չեն համարում դրանց անդրադառնալ, քանի որ, իրենց գնահատմամբ, արմատական խախտումները, որոնք անթույլատրելի են  ժողովրդավարական հասարակությունում, տեղի են ունեցել նախընտրական փուլում։

«Ուստի մեր դիմումի շրջանակներում ՍԴ-ում քննարկման առարկա ենք ցանկանում դարձնել  ընտրական գործընթացում տեղ գտած ազատ և հավասար ընտրության իրավունքի սկզբունքների համակարգային  խախտումները, որոնք իրենց նախադեպը չեն ունեցել Հայաստանի պատմության ըթնացքում»,-ասաց նա։

Նման խախտումների հանդուրժումը, դրանց կոշտ չարձագանքելը ձևավորելու է դրանց թույլատրելիության պրակտիկա հետագա տարիների համար՝ վտանգելով Հայաստանի ժողովրդավարական ապագան։ Նա հայտարարեց, որ դիմումը կներկայացնի 9 թեզերով։ Որպես առաջին թեզ նա նշեց ֆիզիկական ուժի կամ վարչական ներգործության կիրառման սպառնալիքը, հոգեբանական  ահաբեկումն ու նվաստացումը, որոնք կոպտորեն ոտնահարում են ազատ ընտրության սկզբունքի էությունը։

Նա նշեց, որ ընտրողը պետք է պաշտպանված լինի սպառնալիքներից և այնպիսի սահմանափակումներից, որոնք կարող են հանգեցնել ընտրություն չկատարելուն կամ ազդել իր կամքին համապատասխան ընտրություն կատարելու վրա։ «Ընդ որում, անկախ նրանից այդ սպառնալիքները հնչեցվել են  իշխանության ներկայացուցիչների, թե այլ անձանց կողմից՝ պետության պոզիտիվ պարտականությունն է կանխարգելել նման խախտումները և նախատեսել պատասխանատվության միջոցներ նման դրսևորումների համար»,- նշեց Հարությունյանը։ 

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ երկրորդ թեզը ազատ ընտրության սկզբունքի կոպտագույն խախտումն է. քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարը, լինելով  միաժամանակ հանրային իշխանության ներկայացուցիչ, կոպտորեն ոտնահարել է ազատ ընտրության սկզբունքը: «Դիտարկելով նախընտրականք քարոզչության ժամանակահատվածը՝ ակնհայտ է, որ այն անցել է ՔՊ կուսակցության  ընտրական ցուցակի առաջին համար և վարչապետի  պաշտոնակատար Փաշինյանի այնպիսի վարքագծի դրսևորմամբ, որը պարունակել է  ահաբեկման, բռնության, վարչական  ներգործության և հետագա վրեժխնդրության հստակ տարրեր, դրանց արդյունքում ձևավորվել է վախի, լարվածության մթնոլորտ և ընտրողը ենթարկվել է  այնպիսի հոգեբանական ճնշման, որը նրան զրկել է ազատ ընտրության հնարավորությունից։

Ընդ որում՝ Փաշինյանի կողմից շարունակաբար հնչեցված ատելության  խոսքն ու սպառնալիքներն ուղղված են եղել ոչ միայն քաղաքական մրցակիցներին, այլ պաշտոնատար անձանց, ընտրողների առանձին խմբերի։ Դրանց բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ  դրանք ուղղակիորեն միտված են եղել «հիշեցնելու» հնարավոր հետևանքների մասին՝ նպատակ ունենալով ազդել և ճնշել վերջիններիս ընտրության ազատությունը»։

Դավիթ Հարությունյանի խոսքով, անգամ  իրավախախտներին «անձամբ ասֆալտին պառկացնելու», «լեզուները կտրելու», «վենդետա անելու», «վրեժ լուծելու» սահմանադրական լիազորություն նա չունի, որևէ իրավական նորմ վարչապետին կամ նրա պաշտոնակատարին չի  վերապահում նման գործառույթ։ «Նման հայտարարությունները սահմանադրական այլ մարմնին ուղղակի ցուցում տալու, նրա իրավասության ոլորտ մտնելու, նրանց գործողությունների իրակամացմանն անպօրինի միջամտելու միջոց է»,- ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ իրավախախտները ենթակա են պատասխանատվության, բայց օրենքի առաջ։

«Փաշինյանի կողմից անձամբ պատժելու հայտարարությունից  մարդկանց մոտ կարող է առաջանալ տպավորություն, որ մեղավորության աստիճանը որոշելու  է Փաշինյանն անձամբ, իսկ դա արդեն ակնհայտորեն կարող է պայմանավորված լինել քաղաքական նպատակահարմարությամբ»,- ասաց Դավիթ Հարությունյանը։ Նա ներկայացրեց մի քանի դրվագ Նիկոլ Փաշինյանի խոսքից, որից ակնհայտ է  դառնում, որ ուղղված են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին և դրանց հետևորդներին։

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումները ՍԴ-ում  միավորել են ու  քննում են նույն նիստում։ Միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։