կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-25 16:39
Հասարակություն

Եթե խիստ ձևով լիցենզավորման պահանջ դրվի, բազմաթիվ դպրոցներ կարող են կանգնել փակման եզրին

Եթե խիստ ձևով լիցենզավորման պահանջ դրվի, բազմաթիվ դպրոցներ կարող են կանգնել փակման եզրին

Տեղեկացրել էինք, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարել էր, որ Չեխովի անվան թիվ 55 դպրոցը չունի տարրական հանրակրթական ծրագրի արտոնագիր: Yerkir.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը նշել էր, որ իրենք դիմել էին լիցենզիայի վերաձևակերպման համար, սակայն մերժում էին ստացել: Մերժում ստանալուց հետո լիցենզավորման գործակալությունն այդպես էլ, ըստ տնօրենի, չի զբաղվել դպրոցի լիցենզիայի վերաձևակերպմամբ, որը հանձնարարել էր նախկին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը /մանրամասներն՝ այստեղ/:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳՆ լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը նշեց, որ տարրական հանրակրթական ծրագրի արտոնագրի գործընթացը սկսվել է 2007-ին, երբ լիցենզիայի մասին օրենքում կատարվեց փոփոխություն, ըստ որի՝ այսուհետ տարրական և նախադպրոցական ծրագրերը պետք է լիցենզա ստանային: Նրա խոսքով՝ լիցենզավորման մասին օրենքում հստակ նշված է, որ արգելվում է առանց լիցենզիայի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով: «Դպրոցները, որոնք մինչ այդ չէին ներկայացրել լիցենզիա, կամաց-կամաց սկսեցին ներկայացնել փաստաթղթեր լիցենզիա ստանալու համար: Սակայն եղան նաև դպրոցներ, որոնք չդիմեցին մեզ, և մեր գործառույթներից դուրս էր պահանջել լիցենզավորման հայտ ներկայացնել: Որոշ դպրոցներ ուղղակի օրենքը շրջանցել ու աշխատել են»,- ասաց Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ այսօր խնդրի վերաբերյալ նիստ է հրավիրվել, և նախարարը հանձնարարել է քայլեր ձեռնարկել՝ լիցենզավորման խնդիրը լուծելու համար: Մովսիսյանը տեղեկացրեց նաև, որ լիցենզավորման պահանջները խախտելու համար օրենքում նախատեսվում է տույժ ու տուգանք:

«Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կրթության ծրագրի պատասխանատու Լիլիթ Նազարյանն էլ նշեց, որ լիցենզավորման գործընթացին երկու տեսանկյունից կարելի է անդրադառնալ՝ առհասարակ, որքանո՞վ գործընթացն իմաստ ունի, և երկրորդ՝ բոլորն էլ հասկանում են, որ այն իրականում նախորդ կառավարության անփութության, ամենաթողության, անպատժելիության և այն ամբողջ նեգատիվ մթնոլորտի արդյունքն է, որը եղել է: Նրա խոսքով՝ իր համար անհասկանալի է՝ ինչ ասել է, թե չենք իմացել, որ կան դպրոցներ, որոնք լիցենզիա չունեն: «Այն, որ որոշ դպրոցներ լիցենզիա չեն ստացել, ուրեմն որոշ մարդիկ, ովքեր պատասխանատու են եղել սրանով զբաղվել, ուղղակի չեն արել իրենց գործը: Առաջին հերթին նման գործառույթ ունի հենց լիցենզավորման տեսչությունը, և տարօրինակ է, որ 2007-ից մինչ օրս այդ խնդիրը դեռ կա, քանի որ վստահ եմ, որ տեսչությունն այս 11 տարիների ընթացքում մտել է բոլոր դպրոցներ, և վստահ եմ, որ կարելի էր դա նկատել: Միակ բացատրությունն այն է, որ եղել է ամենաթողություն»,- ասաց Նազարյանը:

Ըստ նրա՝ սակայն այս ամենն այնքան էլ չի ազդում կրթության որակի վրա, քանի որ պետական դպրոցի պարագայում լիցենզավորված ծրագիրը հարաբերական է՝ ուսումնական ծրագիրը, չափորոշիչները, ամեն ինչ մշակվում է կենտրոնացված ձևով՝ ԿԳ նախարարության կողմից: «Եթե խիստ ձևով լիցենզավորման պահանջ դրվի, բազմաթիվ դպրոցներ ուղղակի կարող են կանգնել փակման եզրին: Կարծում եմ՝ իրականում շատ քիչ դպրոցներ կբավարարեն պահանջներին»,- ասաց Նազարյանը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն էլ նշեց, որ երբ 2007-ին Հայաստանում սկսվեց առանձնացված ավագ դպրոցների ռեֆորմը, այդ ժամանակ նախարարությունը մտավ կառավարություն, և Հայաստանի բոլոր դպրոցների համար կայացվեց որոշում՝ որ դպրոցն ինչ ծրագիր է իրականացնելու: «Կառավարությանը, նախքան այս կամ այն դպրոցի՝ որպես ավագ կամ հիմնական դպրոց հաստատելուց առաջ, ճիշտ կլիներ լիցենզավորման հարցը լուծել: Ստացվում է՝ մենք կառավարության որոշմամբ դպրոցին տալիս ենք ավագ, հիմնական կամ միջնակարգ դպրոցի ստատուս, և հետո պարզվում է, որ դպրոցը կրկին պետք է լիցենզավորում անցնի: Այս իրավիճակը ստեղծվել է նաև այն բանի հետևանքով, որ վերջին 10 տարիներին քաղաքապետարանն ու մարզպետարանները բավական ազդեցիկ դարձան, քանի որ իրենք էին լուծում ընտրությունների խնդիրը, ստացան նաև որոշակի լծակներ՝ անտեսող նախարարության պահանջները»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ դպրոցներում չկա իրավաբան, որը կզբաղվի փաստաթղթային հարցերով, և դեռ պարզ չէ՝ վերապատրաստում անցնելիս այդ ամենի մասին տեղեկացվե՞լ են տնօրենները: Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանի դպրոցներում իրավական գիտելիքները բավականին թույլ են: «Ճիշտ կլիներ, որ մարզպետարաններն ու քաղաքապետարանը փաթեթով ներկայացնեին դպրոցները լիցենզավորման ծառայությանը, և այդ գործընթացը գնար: Տնօրեն  սովորաբար դառնում են նախկին ուսուցիչները, և նրանք հաստատ այդ պրոցեսը չեն կարող տանել: Մյուս կողմից` չի բացառվում, որ եղել են տնօրեններ, ովքեր ուղղակի արհամարհական վերաբերմունք են դրսևորել լիցենզավորման գործընթացի նկատմամբ»,- ասաց նա: